Դրամական հոսքերի վիճակագրությունն ուշագրավ միտում է փաստում՝ այս մայիսին արտասահմանից Հայաստան դրամական փոխանցումները կտրուկ ավելացել են՝ ընդհուպ մինչև 2.3 անգամ։ Ֆիզիկական անձինք բանկերի միջոցով արտասահմանից Հայաստան են ուղարկել 412 մլն դոլար։ Աճը պայմանավորված է հատկապես Ռուսաստանից կատարվող փոխանցումներով։ Այս երկրից Հայաստան է փոխանցվել 266 մլն դոլար, որը 3.7 անգամ գերազանցում է նախորդ մայիսի ցուցանիշը։
Սա առավելապես ոչ թե այդ երկրում աշխատողների, այլ Հայաստանում իրենց բիզնեսը շարունակող ռուս գործարարների փոխանցած գումարների աճն է։ Սրա արդյունքում, ի դեպ, ՀՀ առևտրային բանկերը 2022թ-ի հունվար-հունիսին արձանագրել են 111 մլրդ դրամի զուտ շահույթ, ինչը շուրջ 3 անգամ ավելի է նախորդ տարվա նույն ցուցանիշից։
Ռուս-ուկրաինական պատերազմից ի վեր ու մեծապես դրանով պայմանավորված՝ Հայաստան կատարվող դրամական փոխանցումները մայիսին կտրուկ աճել են՝ 2021-ի նույն շրջանի համեմատ ընդհուպ մինչև 2,3 անգամ։ Ընդհանուր առմամբ, այս տարվա առաջին հինգ ամսում արտասահմանից Հայաստան տրանսֆերտները 1,27 մլրդ դոլար են, որի գրեթե կեսը՝ 679 մլն դոլարը, Ռուսաստանից է, 257 մլն դոլարը՝ ԱՄՆ-ից, 336 մլն դոլարը՝ այլ երկրներից։ Հստակ վիճակագրություն չկա, թե գումարի որ մասն են արտագնա աշխատանքի մեկնածները ուղարկել, որը՝ կազմակերպությունները, որոնք պատերազմի բերումով Հայաստանում են շարունակում իրենց բիզնեսը։ Տնտեսագետ Համլետ Մկրտչյանը հակված է կարծել, որ, նախորդ տարիների համեմատ, հիմա Հայաստան եկած գումարների մեծ մասը ռուս գործընկերների ուղարկածն է։ Բայց կարևորն այն է, որ ամեն դեպքում գումարները ծախսվում են Հայաստանում․
«Այստեղ մեկ կարևոր հանգամանք կա, որ ուղիղ ուղարկված գումարները կարճաժամկետ ու միջնաժամկետ տեսանկյունից դրական են ազդում Հայաստանի տնտեսական ակտիվության վրա, անգամ եթե դրանք մեր հայրենակիցները չեն ուղարկում»։
ՌԴ միգրացիոն ծառայության տվյալներով՝ 2021-ին Հայաստանից այդ երկիր մեկնել և օրինական հաշվառվել է շուրջ 579 հազար ՀՀ քաղաքացի։ Տարեվերջի տվյալներով՝ միգրացիոն հաշվառումից դուրս է եկել 426 հազար անձ։ Ենթադրվում է, որ նրանց մի մասը վերադարձել է, իսկ ավելի քան 46 հազար անձ՝ ստացել ՌԴ քաղաքացիություն։ Արտագնա աշխատանքի մեկնողներն այս տարի ՌԴ խստացված օրենսդրության են բախվում։ Թե նրանց որ մասի մուտքն է արգելվել, տվյալներ դեռ չկան։ Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանի դիտարկմամբ՝ տվյալներն ամփոփում են ռուսական կողմում։ Որոշ թվեր, սակայն, կան․ 2021-ին մոտ 300 դիմում են ստացել․
«Մուտքի արգելքի վերացման դիմումները, որ մենք ստանում ենք, վերլուծում ենք ու փոխանցում ռուս գործընկերներին, մի քանի հարյուր են կազմում» ։
ՌԴ աշխատանքի մեկնող հարյուր հազարավոր հայերի կողքին, օրինակ, Բելառուս կամ Ղազախստան տարեկան մեկնում է ընդամենը մոտ 100, Ղրղզստան՝ մոտ մեկ տասնյակ հայ։ Սա ունի բացատրություն՝ ՌԴ աշխատաշուկան շատ ավելի լայն հնարավորություն է տալիս, ավանդաբար ավելի հեշտ է այդ երկրում ինտեգրվելը։ Բայց որքան էլ ՌԴ տարածքն ու աշխատանքի շանսերը մեծ են, փորձագետներն արձանագրում են՝ պատժամիջոցները մեծացրել են անորոշությունն այդ երկում, գումարվել է ռուբլու փոխարժեքի կտրուկ անկումը։
Տնտեսագետ Գրիգոր Նազարյանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում նկատում է․ «Տարեկան մոտ 1 մլրդ դոլարի տրանսֆերտ էր ստացվում ՌԴ-ից․ այս գումարները կրճատվելու են։ Տրանսֆերտների 90 տոկոսից ավելին ուղղվում էր սպառմանը, ուստի այս իրավիճակն ուղղակիորեն ազդելու է քաղաքացիների կենսամակարդակի վրա»։
ՀԲ վերջին վերլուծությամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունից տրանսֆերտները դեպի Ուկրաինա, հավանաբար, կաճեն, իսկ Եվրոպա, Կենտրոնական Ասիա զգալի կկրճատվեն ռուսական տնտեսության թուլացման և դոլարի նկատմամբ ռուբլու արժեզրկման հետևանքով:
Վերառադնալով տրանսֆերտներին՝ նկատենք՝ դեռ եռամսյակի կտրվածքով ԿԲ-ն կանխատեսում էր դրանց նվազում, ընդ որում՝ մոտ 20 տոկոսով։ Ավելի վաղ ԿԲ դրամավարկային քաղաքականության վարչության պետ Հայկ Ավետիսյանն արձանագրել էր․
«Արդեն նկատում ենք տրանսֆերտների՝ մեր տնտեսության մեջ դրանց ավելի փոքր էֆեկտը։ Դրանք ՀՆԱ-ում արդեն ավելի փոքր տոկոս են կազմում, հատկապես նվազում են ՌԴ-ից եկող տրանսֆերտները։ Եթե նախկինում ՀՆԱ-ում 10-15 տոկոս էին կազմում, այսօր 7-8 տոկոս է, իսկ ՌԴ-ից եկող տրանսֆերտները եթե նախկինում 80 տոկոս էին, այժմ 40 տոկոս են»։
Ստացվում է, որ Հայաստան գումարների փոխանցումները, ի հեճուկս ԿԲ կանխատեսումների, մարտից մինչև մայիս զգալիորեն ավելացել են։ Ստեղծվել է մի իրավիճակ, երբ մի կողմում արտագնա աշխատանքի մեկնող մեր հայրենակիցներն են, որոնք իրենց վաստակած գումարն ուղարկում են Հայաստան, սակայն, փոխարժեքով պայմանավորված ավելի քիչ եկամուտ են ստանում, մյուս կողմում Հայաստանում աշխատող ավելի քան 2 հազար ռուսական ընկերություններն են, որոնց փոխանցած գումարները նպաստում են տնտեսական ակտիվությանը։ Միայն թե, ըստ մասնագիտական գնահատումների, այդ ակտիվությունը ժամանակավոր կլինի, եթե տնտեսական քաղաքականության համարժեք ու ճիշտ քայլեր չարվեն։