ԿարևորՀասարակությունՏեսանյութեր

Արցախի Բռի Եղցի վանական համալիրի տարածքում խաչքար ու տապանաքար է հայտնաբերվել

Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի օրհնությամբ, հուլիսի 21-ին Արցախի հնագույն պատմամշակութային վայրերից մեկում՝ Բռի Եղցի վանական համալիրում, իրականացվեց մաքրապատման աշխատանքներ, տեղեկացնում է ՀԱՍԵ Արցախի թեմը։

Օրհնաբեր այս գործողությունը ի կատար ածվեց Արցախի թեմի, «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի, ինչպես նաև Արցախի թեմի երիտասարդաց միության անդամների համատեղ ջանքերով և Տիկին Վիրջինիա Դևիսի ու SAVE ARMENIAN MONUMENTS (SAM) կազմակերպության հովանավորությամբ։ Աշխատանքը իրականացվեց արժանապատիվ Տեր Մատթեոս քահանա Դրավանցի կազմակերպմամբ ու ներկայությամբ։ Իրենց աջակցությունն ու ներկայությունն ապահովեցին նաև Հոգեշնորհ Տեր Դերենիկ աբեղա Սահակյանն ու Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու բարեշնորհ սարկավագները։

Մշտապես Արցախի կողքին կանգնած հարգարժան դոկտոր Մարինե Մխիթարյան-Լազարիդուն թե՛ կազմակերպչական և թե՛ աջակցության առումով նույնպես մասնակիցը դարձավ այս սուրբ գործին։ Մաքրապատմանը միացան նաև Հացի գյուղի երիտասարդները՝ գյուղապետի գլխավորությամբ, ովքեր իրենց ակտիվ մասնակցությամբ մեծապես նպաստեցին աշխատանքներին։ Հոգևորականաց դասի առաջնորդությամբ՝ ներկաները աղոթքով սկսեցին բարեկարգման աշխատանքները։

Վանական համալիրի տարածքը բուսածածկույթից ու հողածածկույթից մաքրելու ընթացքում բացահայտվեց մեկ խաչքար ու մեկ տապանաքար՝ իրենց արձանագրություններով։

Back to top button