ԿարևորՀասարակություն

Վարդավառի տոնը կնշվի Աղավնոյում՝ մի շարք միջոցառումներով  

Հուլիսի 24-ին Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի նախաձեռնությամբ Վարդավառը կնշվի Քաշաթաղի շրջանի Աղավնո համայնքում, «Արցախպրես»-ի հետ զրույցում տեղեկացրել է Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարարության «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արմինե Հայրապետյանը:

«Աղավնոյում Վարդավառի տոնի առթիվ նախատեսվող միջոցառումները մեկնարկել են հուլիսի 23-ից: Այսօր Բերձորի եկեղեցում նախատեսվում է մկրտության արարողություն, իսկ այնուհետև Աղավնոյում սննդի տոնավաճառ, խարույկահանդես և վրանային ճամբար հյուրերի գիշերակացի համար»,-մանրամասնել է նա՝ հավելելով, որ վաղը՝ հուլիսի 24-ին էլ ծրագրի շրջանակներում կկայանան ազգային խաղեր, երգ ու պար և այլն:

«Գյուղի բնակիչներին առաջարկել ենք կազմակերպել տեղական արտադրանքի համտես-վաճառք՝ այդպիսով նրանց լրացուցիչ եկամուտ վաստակելու հնարավորություն ընձեռելու նպատակով »,- ասել է Ա. Հայրապետյանը:

Աղավնոյում Վարդավառի տոնակատարությանը մասնակցել ցանկացողների տեղափոխումը կիրականացվի անվճար: Ուղևորափոխադրող տրանսպորտային միջոցները հուլիսի 24-ին կշարժվեն Ստեփանակերտի Վերածննդի հրապարակից՝ առավոտյան ժամը 9:00-10:30-ը:

Back to top button