ԿարևորՀասարակություն

Բռնության ենթարկված անչափահասների կողմից ահազանգերը ոստիկանություն շատացել են

Հարություն Վարդանյան
«Ռադիոլուր»

2022-ի առաջին եռամսյակում անչափահասների նկատմամբ բռնության գրեթե նույնքան դեպք է գրանցվել, որքան 2021-ի առաջին եռամսյակում։ Ոստիկանության տվյալներով՝ նախորդ տարի բռնության 34, իսկ այս տարի՝ 33 դեպք է գրանցվել։ Աճել են ֆիզիկական բռնության դեպքերը, նաև՝  բռնության ենթարկված երեխաների ահազանգերը ոստիկանություն։

Թափառաշրջիկ, աղքատ, անապահով, մուրացիկ, բռնության ենթարկված․ Մարգարիտա Տեր-Հովհաննիսյանն արդեն 19 տարի այս երեխաների հետ է անցկացնում օրը։

Երբ սովորում էր, պատկերացում չուներ, թե ինչ է սոցիալական աշխատանքը։ Այսօր բացատրում է․ «Եթե պարզ լեզվով ասենք, մեկն է, որը դժվարության մեջ գտնվող անձանց օգնում է գտնել ելքեր և ճիշտ որոշումներ կայացնել, բայց երբեք շահառուի փոխարեն որևէ հարց չենք լուծում։ Հետաքրքիր խոսք կա․ մենք ոչ թե մարդու փոխարեն ձուկ ենք բռնում և տալիս նրան, այլ սովորեցնում ենք ինչպես ձուկ բռնել»։

«Երեխաների աջակցության կենտրոն» հիմնադրամ են այցելում 3-17 տարեկան երեխաներ։ Մարգարիտան ու կենտրոնի մյուս աշխատակիցները  փորձում են օգնել այս երեխաներին, վերականգնել հարաբերությունները ընտանիքների հետ։ Զրուցակիցս որևէ դեպք չի առանձնացնում, ասում է՝ ամեն դեպք իր դժվարությունն ունի:

«Ցավալի է, բայց այնպես չէ, որ բռնության դեպքեր չկան կամ քիչ են։ Մենք առնչվում ենք ամենաբարդ իրավիճակում հայտնված երեխաների հետ, և էական չէ՝ երեխան ինչ բռնության է ենթարկվել, էական է այն, թե ինչ ազդեցությունն է ունեցել այդ դեպքը երեխայի վրա, և որքանով կարող ենք օգնել նրան»։

2022-ի առաջին եռամսյակում անչափահասների նկատմամբ բռնության գրեթե նույնքան դեպք է գրանցեվ, որքան 2021-ի առաջին եռամսյակում՝ ասում է  ոստիկանության անչափահասների հանցավորության և ընտանեկան բռնության կանխարգելման վարչության պետ Էդգար Պետրոսյանը։

«2021 թվականին անչափահասների նկատմամբ բռնության 34 դեպք է գրանցվել, իսկ 2022 թվականին՝ 33 դեպք։ Եթե անցած տարի մեծ էր եղել սեռական բնույթի հանցագործությունները (2021 թվին 16 դեպք, իսկ 2022-ին՝ 7 դեպք) , ապա այս տարի ֆիզիկական բռնության դեպքերն են շատացել՝ մասնավորապես  ծեծը»։

Ըստ վիճակագրության՝  գրանցված դեպքերը  թեև նվազել են, բայց ավելացել են բռնության ենթարկված երեխաներից ահազանգերը․ոստիկանության ներկայացուցչի կարծիքով՝  երեխաներն այսօր ավելի  տեղեկացված են, ավելի շատ բան գիտեն իրենց իրավունքների մասին։

Երեխաների աջակցության կենտրոնում վիճակագրությունը մի փոքր այլ է։ Այստեղ խնամվող երեխաների 60 տոկոսը սեռական բռնության կամ ոտնձգության է ենթարկվել։

«Ունեցել ենք դեպքեր, երբ երեխաները փախել են տնից, վտանգավոր իրավիճակներում են եղել, ու երբ հարցնում ենք «Դու գիտեիր չէ, որ մի անգամ փախար, վերադարձար քեզ ծեծեցին, ինչու ես էլի փախչում», պատասխանում է․ «Այո, գիտեմ, որ ծեծելու են, ինչ կա որ, բայց ես ինչ ուզում էի, արեցի»։

Հարցին, թե ինչու են մարդիկ դիմում բռնության, սոցիալական աշխատող Մարգարիտան դժվարանում է պատասխանել, բայց հոգեբան Գայանե Մարգարյանը գիտի պատճառները։

«Երեխաների հանդեպ բռնություն են գործադրում հիմնականում այն մարդիկ, որոնք իրենք են բռնության ենթարկվել մանկությունում։ Այսիքն այդ մարդիկ փոքր տարիքում նույնպես ենթարկվել են բռնության և դա շարունակական բնույթ է կրում»։

Սոցիալական աշխատողի խնդիրը բռնության ենթարկված, հոգեբանական տրավմա (հոգեկան ցնցում ապրած) տարած երեխաներին օգնելն է, նրանց հավատը ընտանիքի ու հանրության նկատմամբ վերականգնելը։ Իսկ ինչպե՞ս է այս ամենն ազդում հենց իրենց՝ սոցիալական աշխատողների վրա։ Հնարավո՞ր է լավատես մնալ՝ հիասթափված երեխաների հետ շփվելով։

«Հնարավոր է։ Դժվար է, որովհետև շատ տխուր գույներ տեսնելուց հետո մարդիկ լավատեսությունը կորցնում են։ Իհարկե, ինչքան էլ փորձես, որ մասնագիտությունը չազդի քո Ես-ի վրա, միևնույնն է, խուսափել հնարավոր չէ։ Մասնագիտական ինքնայրումից խուսափելու համար փորձում եմ  շփվել կոլեգաներիս հետ։ Այս քննարկումները, երբ կարող ես ավելի փորձառու մասնագետների խորհուրդները լսել։ Աշխատանքից հետո լիցքաթափվելու միջոցներ եմ փնտրում։ Ես, օրինակ, կենդանիների հետ եմ փորձում հաղթահարել բացասական զգացումները»։

Ու այսպես 19 տարի Մարգարիտան ապրում է ոչ միայն իր, այլև օգնության կարիք ունեցող երեխաների կյանքը։ Ամեն օր դեպի Կարապետ Ուլնեցու փողոց, 63 շենք՝ «Երեխաների աջակցության կենտրոն» հիմնադրամ։ Սկսվում է աշխատանքային օրը։

Back to top button