ԿարևորՔաղաքական

Տրանսպորտային ուղիներն ուղիղ կապ ունեն Արցախի խնդրի հետ․ քաղաքագետը՝ Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի մասին

Ռուսաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները քննարկել են երկկողմ համագործակցության և տարածաշրջանային տրանսպորտային ուղիներին վերաբերող հարցեր։ Լավրովի ու  Բայրամովի հեռախոսազրույցը կայացել է Թեհրանում   Ռուսաստանի, Իրանի ու Թուրքիայի առաջնորդների հանդիպումից հետո։ Քաղաքագետները այս երկու քննարկումները  կապում են միմյանց։

Իսկ ռուսական ու ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդում են, որ նախարարները քննարկել են երկկողմ ու տարածաշրջանային համագործակցության հարցեր: Ընդգծվել է 44-օրյա պատերազմից հետո ստորագրված եռակողմ հայտարարությունների դրույթների լիարժեք իրականացման կարևորությունը։ Ուշագրավ է Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի ներուժը մեծացնելու մասին շեշտադրումը։

Թեհրանում  կայացած Ռուսաստանի, Իրանի ու Թուրքիայի առաջնորդների հանդիպումից հետո տեղի է ունեցել Ռուսաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հեռախոսազրույցը։ Սերգեյ Լավրովն ու Ջեյհուն Բայրամովը  երկկողմ համագործակցությանը և տարածաշրջանային տրանսպորտային հաղորդակցությանը վերաբերող  հարցեր են քննարկվել՝ հաղորդում են ռուսական լրատվամիջոցները։ Կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանում տրանսպորտային ու տարանցիկ  ուղիների շուրջ։ Մասնավորապես, նշվել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Իրանի տարածքով անցնող Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի ներուժն ընդլայնելու անհրաժեշտությունը․ այս տեղեկությունը  հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը  հարցի կարևորությունը բացատրում է ռուս–ուկրաինական պատերազմով։ Արևմտյան պատժամիջոցներն զգացնել են տալիս, և Մոսկվան ջանքեր է գործադրում  այլընտրանքային տրանսպորտային ուղիների ստեղծման կամ ակտիվացման ուղղությամբ՝ ասում է։

«Այդ «Հյուսիս-Հարավ» միջանցքը ստեղծվել էր դեռևս 2001 թվականին, սակայն ակտիվ չէր, և ՌԴ-ն ուկրաինական պատերազմի հետևանքով սկսեց աշխատանքներ տանել այդ ուղին ակտիվացնելու ուղղությամբ։ Մեկ շաբաթ առաջ տեղեկություն եղավ, որ գնացքը Սանկտ Պետերբուրգից Իրանի տարածքով Հնդկաստան ապրանք է հասցրել։ Դրանով է պայմանավորված վերջին շրջանում Ռուսաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների ջերմացումը, որը նկատվում է Լավրովի հայտարարությունների  տեսքով կամ Ռուսաստանի դեսպանի Շուշի այցով», –նշում է վերլուծաբանը։

Լավրով-Բայրամով հեռախոսազրույցի ընթացքում  շեշտվել է  Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման կարևորությունը։ Ընդգծվել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ փաստաթղթերի իրականացման ուղղությամբ աշխատանքների շարունակման անհրաժեշտությունը։ Քաղաքագետն ուղիղ կապ է տեսնում Թեհրանում կայացած՝ Պուտին-Ռաիսի-Էրդողան հանդիպման ու Լավրով-Բայրամով հեռախոսազրույցի միջև։

«Ըստ էության՝ Ռուսաստանին մեկուսացրել են Եվրոպայից՝ թողնելով միայն նավթի ու գազի առևտուրը, վերջերս նաև պարենի արտահանման հարցում են պատժամիջոցներ սահմանվել։ Ռուսաստանի համար հիմա կարևոր են  դեպի հարավ գնացող ճանապարհները։ Մենք տեսնում ենք, թե ինչ ակտիվ առևտուր է գնում Հնդկաստանի հետ, նաև Իրանի հետ են համագործակցության  ծավալները մեծանում։ Հարավ գնալու համար ՌԴ-ի համար շատ կարևոր են տրանսպորտային ուղիները։ Իսկ տրանսպորտային ուղիները ուղիղ կապ ունեն Ղարաբաղյան խնդրի հետ։ Իրանի միջոցով դեպի Պարսից ծոց ստեղծվող ճանապարհները կարող են անցնել և՛ Հայաստանով, և՛ Ադրբեջանով»։

Ստեփան Դանիելյանը պատահական չի համարում, որ Լավրով-Բայրամով հեռախոսազրույցը տեղի ունեցավ թեհրանյան հանդիպումից հետո։ Փակ դռների հետևում քննարկումներից շատ բան հայտնի չէ, բայց տարածված հաղորդագրությունից  հասկացվում է, որ առևտրային ու ճանապարհային շատ հարցեր հստակեցվել են՝ կարծում է զրուցակիցս, նաև նկատում՝ սա, իհարկե, չի նշանակում , թե վերջնական պայմանավորվածություններ են ձեռք բերվել։

Ճանապարհների ապաշրջափակումն ու Արցախյան խնդիրը, նրա կարծիքով, Բաքուն կփորձի փոխկապակցել  ու ճանապարհի դիմաց իր համար ցանկալի պահանջներ առաջադրել՝ ասում է քաղաքագետը․«Բնական է, Ադրբեջանը կփորձի օգտվել իրավիճակից և Արցախի հարցով ավելի շատ զիջումներ ստանալ»,-եզրափակում է քաղաքագետը:

Back to top button