Կառուցապատողը պարտավորվել է շինարարական աշխատանքների ավարտին ամբողջությամբ վերստեղծել Քարի և սիլիկատների գիտահետազոտական ինստիտուտի շենքի ճակատներում առկա խճանկարները, ֆեյսբուքի իր էջում հայտնել է Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետ Լևոն Սարդարյանը։
Նա, անդրադառնալով սոցցանցերում ակտիվ շրջանառվող լուրերին, թե Երևանում ամենաթողություն է, քանի որ քաղաքապետարանը թույլ է տվել ոչնչացնել շենքի երկու ճակատների խճանկարները, նշել է, որ քննարկումներից առաջ, պետք էր ճշտել, խնդրի հետ ծանոթանալ, ապա սոցցանցերում գեներացնել միտքը։
«Վերջին մի քանի օրվա ընթացքում ֆեյսբուքյան տիրույթում քննարկվում է էս գեղեցիկ շենքի խճանկարների ճակատագիրը: Դե, ինչպե՞ս՝ քննարկվում է, առանց որևէ ճշտման, առանց խնդրին առհասարակ ծանոթանալու, ֆեյսբուքյան որոշ օգտատերեր գեներացնում են միտքը։ Էս միտքը տարածողներին կփորձեմ հիասթափեցնել՝ նախագծման թույտվության (տրվ. 02.11.2021թ.) 9.7 կետի 11-րդ ենթակետի համաձայն, կառուցապատողը պարտավորվել է շինարարական աշխատանքների ավարտին ամբողջությամբ վերստեղծել շենքի ճակատներում առկա խճանկարները»,- գրել է Լևոն Սարդարյանը: