ԿարևորՎերլուծական

Իրանն ընդգծում է կարմիր գծերը՝ ի պատասխան Թուրքիայից հնչող հայտարարությունների

Տարածաշրջանին վերաբերող տարբեր հայտարարություններ  թեհրանյան  հանդիպումներում։ Դրանցից ամենաուշագրավը Իրանի հոգևոր առաջնորդի հայտարարությունն էր հայ-իրանական սահմանի վերաբերյալ, որը Ալի Խամենեին կրկնել է ոչ միայն Էրդողանի և Պուտինի հետ առանձնազրույցներում, այլև այդ մասին գրառում է արել Թվիթերում։ 

Իրանը չի հանդուրժի Հայաստանի հետ սահմանի փակումը՝ ասել էր Իրանի գերագույն հոգևոր առաջնորդը։

Փորձագետներն ու վերլուծաբանները կարծում են` Թեհրանն արձագանքում է Թուրքիայից պարբերաբար հնչող հայտարարություններին և  կրկնում  «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ իր դիրքորոշումը։

Հայաստանի հետ սահման ունենալը կարևոր է Իրանի Իսլամական Հանրապետության համար․ այս փաստը հատուկ ընդգծել է Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին թե Թուրքիայի, թե Ռուսաստանի նախագահների հետ հանդիպման ժամանակ։ Ընդ որում ուշագրավ է Ալի Խամանեի արած հայտարարությունը, որը նա երրորդ անգամ կրկնել է թվիթերում գրառմամբ։

«Իսլամական Հանրապետությունը երբեք չի հանդուրժի այն քաղաքականությունն ու ծրագրերը, որոնք հանգեցնում են Իրանի և Հայաստանի միջև սահմանի փակմանը, քանի որ այս սահմանը 1000-ամյա կապող երթուղի է»։

Հայ-իրանական սահմանին առնչվող ինչ վտանգներ  է տեսնում  իրական կողմը։ Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի փորձագետ, իրանագետ Էմմա Բեկջանյանի դիտարկմամբ՝ Խամենեի հայտարարության հիմքը պետք է փնտրել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետում, որում հստակ ասված է․     

«Ապաշրջափակվում են տարածաշրջանում բոլոր տնտեսական ևտրանսպորտային կապերը: Հայաստանի Հանրապետությունն ապահովում է տրանսպորտային հաղորդակցությունը Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի ինքնավար հանրապետության միջև՝ երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու նպատակով: Տրանսպորտային երթևեկության հսկողությունն իրականացնում են ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության Սահմանապահ ծառայության մարմինները»:

Թուրք-ադրբեջանական համագործակցությունն այս կետով, ըստ էության, ցանկանում է իրագործել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» գաղափարը, մինչդեռ հայկական կողմը այս դրույթը դիտարկում է որպես պարզապես ապաշրջափակման և կոմունիկացիաների ծրագիր։ Այս անգամ Իրանի ձայնը «միջանցքի» դեմ ավելի լսելի է և բարձր, քանի որ Ռուսաստանի դեմ արևմտյան պատժամիջոցների փուլում Ռուսաստան-Իրան շահերը համընկնում են, իսկ հարաբերություններն անցնում նոր մակարդակի, ասում է իրանագետը․  

«Բոլոր դեպքերում Իրանը միշտ շեշտել է, որ սահմանների խախտումը Իրանի համար «կարմիր գիծ» է։ Իրանը փորձեց իր տարածքով Նախիջևանի հետ նոր  ճանապարհ, դարձյալ «Զանգեզուր» կոչվող այսպես ասած Իրանով «միջանցք» կառուցել, բայց տեսավ չէ, սա էլ չի բավարարում Ադրբեջանին։ Հիմա առավել շատ են խոսում թուրքերը այդ մասին։ Շատ դեպքերում գուցե Իրանը մտավախություն ունի, որ Հայաստանը գուցե դրան համաձայնի, թեև ամեն մի առիթով Հայաստանը հերքում է, որ նման բան չի լինի։ Բայց հիմա Իրան-Ռուսաստան մարտավարական շահերը համընկնում են, դրա համար Ռուսաստանը այս դեպքում ավելի շատ հակված կլինի Իրանի շահերի պաշտպանել, քան թուրքերի»։

Իրանագետը բացատրություն ունի, թե ինչու Խամենեին «Զանգեզուրի միջանցքին» առնչվող հայտարարությունը կրկնել է ոչ միայն Էրդողանի, այլև Պուտինի հետ հանդիպմանը։

«Հաջորդ տարի Թուրքիայում ընտրություններ են, Էրդողանի վարկանիշը 30%-ից էլ ցածր է, ու ինքը հիմնականում ցանկանում է արտաքին ձեռքբերումներով դա կոմպենսացնել։ Այս դեպքում ասել, որ միացրել է թյուրքական աշխարհը։ Դրա համար Իրանն ավելի խիստ է մոտենում այդ հարցին»։

Եթե «Զանգեզուրի միջանցքը» կյանքի կոչվի, ինչպես ցանկանում է թուրք-ադրբեջանական տանդեմը, ապա այն  հավասարապես սպառնալիք է լինելու  ինչպես Հայաստանի, այնպես էլ Իրանի ինքնիշխանությանը՝  ասում է փորձագետը։ Այս առումով վերլուծաբանները խոսքը նախազգուշացում են համարում թուրք-ադրբեջանական համագործակցությանը՝ բավարարվել արդեն ձեռք բերածով։

Թուրքագետ Վարուժան Գեղամյանի կարծիքով Թուրքիայի դիվանագիտության համար գոյություն ունեցող 3 ճակատներից մեկը հարավկովկասյանն է։ Խամենեի խոսքերից նա եզրակացրել է, որ Էրդողանի իրանյան բանակցություններում էրդողանի կողմից առանձնակի նշանակություն է տրվել հենց «Զանգեզուրի միջանցքին»։  

«Եթե վերցնենք երեկվանից հայկական դաշտում լայնորեն տարածվող ուղերձը Սյունիքի, բայց ըստ էության «Զանգեզուրի միջանցքի» անթույլատրելիության վերաբերյալ, ապա ակնհայտ է, որ բանակցություններում դա եղել է հիմնական քննարկումների կիզակետ։ Միանշանակ կարող ենք ասել, որ Խամենեի ասածով չի վերջանալու «Զանգեզուրի միջանցքը» այս կամ այն ճանապարհով ձևավորելու Թուրքիայի փորձը, հատկապես, երբ Հայաստանում դրան ոչ մի դիմադրություն չկա»։

Պաշտոնական Երևանը մշտապես շեշտել է, որ «միջանցքային» տրամաբանություն բանակցություններում չկա։ Դրա մասին խոսել են Հայաստանի գրեթե բոլոր բարձրաստիճան ղեկավարները, ինչպես նաև նախորդ ամիս՝ հունիսի 9-ին Երևանում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

 «Երկաթուղային ուղղությունները համաձայնեցված են, այժմ ավարտվում է ավտոմոբիլային ուղիների և ճանապարհային ռեժիմի հստակեցման գործընթացը։ Դա կլինի պարզեցված, բայց միանշանակ հիմնված կլինի հայկական տարածքի ինքնիշխանության ճանաչման վրա, և այստեղ ոչ մի երկիմաստություն լինել չի կարող»։

Իրանի հոգևոր առաջնորդի կտրուկ հայտարարությունները համընկան նաև Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի՝ Լեհաստանում արված հայտարարությանն այն մասին, թե ինչն է խանգարում տարածաշրջանում խաղաղություն հաստատել։

«Ցավով պետք է արձանագրեմ, որ հակառակ Հայաստանի կողմից գործադրվող բոլոր ջանքերին մենք շարունակում ենք առերեսվել Ադրբեջանի ռազմատենչ և առավելապաշտական հայտարարություններին, որոնք ուղղված են տարածաշրջանային կայունության և խաղաղության խաթարմանը»։

Իր հերթին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Թեհրանում իրանցի և թուրք գործընկերների հետ հանդիպումներից հետո ասել է, որ Իրանի հետ համագործակցության լավ, հեռանկարային ուղղություններ ունեն։ Օրինակ է բերել դրանցից մեկը՝ ենթակառուցվածքների զարգացումը։ ՌԴ նախագահը Իրանում ընդգծել է, որ Ռուսաստանի կառավարության փոխվարչապետներից մեկի ղեկավարությամբ խումբ ունեն, որը զբաղվում է Անդրկովկասում հարաբերությունների կառուցմամբ, ենթակառուցվածքների զարգացմամբ, Հարավային Կովկասում ենթակառուցվածքային հարցերի լուծմամբ. դա Ադրբեջանն է, Հայաստանը, Ռուսաստանը։ Ահա այս ուղղությամբ՝ իրանական, շատ բան կարելի է անել, Իրանում հայտարարել է Պուտինը։

Ապաշրջափակման հարցով եռակողմ աշխատանքային խմբի հաջորդ հանդիպումը նախատեսված է օգոստոսին։

Back to top button