ԿարևորՀասարակություն

Ներդրողներին չվանելու համար բանկային գաղտնիքը պետք է գաղտնիք մնա

Դատարանի որոշման փոխարեն բավական կլինի մեկ հարցում և ՊԵԿ-ը կստանա հարկատուի բանկային գաղտնիք համարվող  տվյալները։ Սա, հնարավոր կդառնա, եթե ընդունվեն «Բանկային գաղտնիքի մասին», նաև «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» օրենքում և հարակից օրենքներում առաջարկվող փոփոխությունները։

Հեղինակները նշում են, որ  նոր կարգավարումները անհրաժեշտ են  առավել պատշաճ, ամբողջական և բազմակողմանի հարկային հսկողություն իրականացնելու և տնտեսական հանցագործությունները բացահայտելու համար։ Նախագծի հիմնավորման մեջ, մասնավորապես, նշվում է․

 «Հարկային մարմնի կողմից իրականացվող հարկային հսկողության ընթացքում տնտեսվարող սուբյեկտները կամ ֆիզիկական անձինք հաճախ հրաժարվում են ներկայացնել բանկային հաշիվների շարժերի, վարկային և ավանդի պայմանագրերի, գրավի առարկաների, երաշխավորների վերաբերյալ տեղեկությունները, ինչը երբեմն անհնարին է դարձնում հսկողական աշխատանքների նպատակների իրագործումը»։

«Գարեջրի ակադեմիա» ռեստորանի հիմնադիր, մասնագիտությամբ իրավաբան Արմեն Ղազարյանի խոսքով՝ կշեռքի մի նժարին մատչելի հարկահավաքումն է, մյուսին՝ մարդու հիմնարար ազատությունները։ Նրա խոսքով՝ նախագծում բացակայում է որոշակիության և համաչափության սկզբունքը։ Նախագծում տրված ձևակերպումների անորոշ  շրջանակներում հարկային մարմինը կարող է ցանկացած երևույթ գնահատել և մեկնաբանել յուրովի։ Դա նաև հնարավորություն է հարկային վարչարարության անվան տակ ստանալ տեղեկատվություն, որը ոչ միայն բանկային, այլև առևտրային գաղտնիք է, և կարող է հայտնվել մրցակցի ձեռքում։

«Որոշակիության սկզբունքը Սահմանադրությամբ ամրագրված հիմնարար սկզբունքն  է։ Այն, ինչ ունենք այսօր սեղանին, որևիցե կերպ չի երևում՝ ինչ ծավալով, ինչ գործիքակազմով, այսինքն՝ ինչ որոշակիություն է ապահովում այդ օրենքը»։

 «LSA law firm» ընկերության հիմնադիր տնօրեն, փաստաբան Արսեն Սարդարյանի խոսքով՝ բանկային գաղտնիքի երաշխիքը չպետք է սահմանափակվի ՊԵԿ-ի քմահաճույքով և օրենսդրական շահով։ Ստեղծված իրավիճակը օրինակով է բացատրում։ Նրա խոսքով՝ բնակարանի անձեռնմխելիության իրավունքը որոշ դեպքերում կարող է սահմանափակվել։ Դրա համար իրավասու մարմինները պետք է դատարանում ներկայացնեն բավարար հիմնավորումներ և դատարանի որոշում ստանան, որպեսզի անձի իրավունքը կամայականորեն չոտնահարվի։

«Պատկերացրեք մենք ասենք՝ այս գործընթացը երկար է, խանգարում է, երբեմն մեր աշխատակիցները չեն հասցնում, քրեաիրավական հետապնդում իրականացնող մարմինները չեն հասցնում, հարկայինի դեպքում՝ տեսուչները չեն հասցնում։ Դրա համար պարզեցնենք և օրինակ, թաղայինը ում տուն ցանկանա, երբ ցանկանա մտնի և որ դարակը ուզենա բացի։ Սա անթույլատրելի է»։

Մանթաշյանց միության գործարարները կարծում են, որ նախագծը ընդունվելու դեպքում  հակառակ ազդեցությունն է ունենալու․ ոչ միայն չի կրճատելու ստվերը, այլև  ռիսկեր է ստեղծելու ներդրողների շրջանում։ Արմեն Ղազարյան․

«Մեր փաստաբանական գրասենյակը արտասահմայան կազմակերպություններից հայտեր են ստանում, որտեղ նշվում է, թե ինչն է իրենց հետաքրքրում ներդրում անելուց առաջ։ Երբ այդ հայտերը ուսումնասիրում և իրենց գրավոր պատասխան ենք տալիս, այդ պատասխանի շրջանակում նրանք որոշում են՝ ներդրում անել, թե՞ ոչ։ Այսինքն, ցանկալի է արդյոք այս երկիրը ներդրումների առումով, թե ոչ»։

Ըստ նախագծի՝ ՊԵԿ-ը գրավոր հարցմամբ դիմելու է հարկատուին անհրաժեշտ տեղեկութոյւններ ստանալու համար։ Եթե վճարողը հրաժարվի, ՊԵԿ-ը հարցմամբ դիմելու է բանկին կամ ապահովագրական ընկերությանը։  Գաղտնիք կազմող տեղեկութոյւնների տրամադրման կարգը, ձևը և ցանկը սահմանելու է հարկային մարմնի ղեկավարը։ Բանկը կամ ապահովագրական կազմակերպությունը պարտավոր են բանկային կամ ապահովագրական գաղտնիք կազմող տեղեկությունները տրամադրել օրինական հիմքերի առկայության դեպքում։ Թեև նախագիծը  հանվել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքից, սակայն այժմ լրամշակման փուլում է` հայտնում է ՊԵԿ-ը։

Back to top button