ԿարևորՀասարակություն

Ինչպե՞ս փրկել Սևանա լիճը․ մաքրե՞լ, թե՞ բարձրացնել ջրի մակարդակը

«Ցիանոբակտերիաներ» կամ «կապտկանաչ ջրիմուռներ»․ այս միկրոօրգանիզմները լճերում այնքան արագ են զարգանում, որ նկատելի են դառնում նաև անզեն աչքով։ Հեռու գնալ պետք չէ, այս օրերին ուղղակի պետք է հասնել Սևան ու տեսնել ծաղկած լիճը։  Ջրիմուռների ծաղկումը մասնագետներն ամեն տարի բացատրում են տարբեր գործոններով։ Առաջին եւ հիմանական պատճառը կենսածին նյութերի առկայությունն է լճում։ Լճի վիճակը կախված է նաև ջերմաստիճանից, ալիքային գործընթացները, արեւային ճառագայթման ինտեսիվությունը։ Բոլոր գործոնները համադրվում են հենց ամռան ամիսներին։

Էվտրոպացում՝ օրգանական նյութի կուտակում, որը տարեցտարի վատթարացնում է Սևանա լճի վիճակը․մասնագետների կանխատեսումն է։ Իսկ ծաղկումը լճի էվտրոֆացման կամ ճահճացման դրսեւորումներից մեկն է միայն։   Մասնագետները բացատրում են՝ եթե մեղմող միջոցառումներ չձեռնարկվեն, իրավիճակն ավելի է բարդանալու։ Այս դեպքում խոսքը ոչ թե ճահճացման մասին է, այլ լճի  պիտանելիության փոփոխության։ ԳԱԱ  կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի կիրառական հիդրոէկոլոգիայի լաբորատորիայի վարիչ  Գոռ Գևորգյանի պարզաբանմամբ՝ եթե այժմ Սևանա լճի ջուրը սննդի կամ խմելու ջրի աղբյուր է, ինչ–որ փուլում այն կարող է  դառնալ ջրով լցված ավազան։ Այս պահին էլ լճում ակտիվացել են կապտականաչ ջրիմուռները կամ ցիանոբակտերիաները։    Գոռ Գևորգյանը բացատրում է՝ ցիանոբակտերիաները լինում են  տոքսիկ ու ոչ տոքսիկ։ Սևանա լճինները ռիսկային են։ 

«2018 թվականի մեր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ծաղկող ցիանոբակտերիաները տոքսիկ  խմբին են պատկանում․ նրանք  ընդունակ տոքսիններ են արտադրում։ Խնդիրը, որ ուսումնասիրված չէ, այն է, թե ինչ քանակությամբ են դրանք, ուստի չեմ կարող ասել թունավորության աստիճանը»։

Ցիանոբակտերիաների ակտիվացման հիմնական պատճառը  լճում կենսածին նյութերի՝ ազոտի ու ֆոսֆորի  պարունակության ավելացումն է։  Այս դեպքում դրանց հիմնական աղբյուրը կեղտաջրերն են։  Դրանք գետերի միջոցով  լցվում են  լիճը։ Այս փաստը շեշտադրում է նաև շրջակա միջավայրի նախարարությունը՝ նշելով, որ կեղտաջրերը լիճ են թափվում ափամերձ հանգստյան գոտիներից, նաև՝ գյուղատնտեսական  ու  անասնապահական գործունեություն հետևանքով։ Որպես Սևանի ծաղկմանը նպաստող գործոններ նշվում են նաև  ջրածածկ բուսական տարածքները,  ցանցավանդակային ձկնաբուծությունը,  կոյուղատարին չմիացած սեպտիկ հորերը։ Նախարարության իրավախորհրդատու Կարեն Ճենտերեճյանը նկատում է․

«Սևանա լճի համար ծաղկումը ընդհանրապես նորություն չէ։ Այն դիտվել է 1920-ականներին, 1964 թվականից առաջին անգամ համատարած ծաղկում էր Սևանա լճում»։

Ջրի ջերմաստիճանը 60 մետր խորության շերտում 4°C է,  30 մ խորության շերտերում՝ 5-6։  Սա, ըստ նախարարության, բարձր ցուցանիշ է․ նպաստում է, որ հատակային շերտը ևս մասնակցի ջրաշրջանառությանը: Ջրի թափանցիկություն դիտվում է 2-2,5 մ տիրույթում, ինչը շատ ցածր է։ Ջերմաստիճանի բարձրացումը կարևորում է նաև Գոռ Գևորգյանը, սակայն կարծում է լճում  ջրի ջերմաստիճանն այս տարի բավականին ցածր է, այդ պայմաններում էլ,  միևնույնն է, լիճը ծաղկում է։

«Մյուս կարևոր գործոնը ջերմաստիճանի բարձրացումն է, որը նպաստում է դրանց արագ զարգացմանը։ Սա է պատճառը, որ մենք տեսնում ենք դրանց ծաղկումը ամռան ընթացքում»։

Հիդրոլոգիական գործոններ նույնպես կան․ ջրի հանդարտ լինելը նպաստում է ցիանոբակտերիաների զարգացմանը։ Մասնագետն   ընդգծում է՝ այս պահին ամենակարևոր խնդիրը կենսածին նութերի քանակի նվազեցումն է․եթե դրանք չլինեն, ապա մյուս գործոնները չեն կարող նպաստել ցիանոբակտերիաների ակտիվացմանը։ Շրջակա միջավայրի նախարարության մասնագետները թվարկված խնդիրներին ավելացնում են  նաև այն, որ լճի մակարդակի իջեցման հետևանքով Փոքր Սևանում հիպոլիմնիումի շերտը կրճատվել է, Մեծ Սևանում՝ վերացել։  Դրա հետևանքով տեղի է ունենում հատակային շերտից ֆոսֆորի ինտենսիվ անցում ջրաշերտ։ Որքա՞ն կտևի Սևանա լճի ծաղկման այս փուլը։ Շրջակա միջավայրի նախարարության իրավախորհրդատու Կարեն Ճենտերեճյանի կարծիքով՝ առաջիկա շաբաթվա ընթացքում պիկը կանցնի։  

«Մեկ-երկու շաբաթվա մեջ պիկն անցնում է։ Իհարկե,  որոշ տեղերում կարող է անդուր իրավիճակ ստեղծվել, քանի որ ծաղկելուց հետո այդ բույսերը կամ մանրէները մահանում են։ Փտման պրոցեսներ են սկսվում, այնտեղ, որտեղ կուտակվում են, քամին տհաճ իրավիճակ կստեղծի»։

Որքա՞ն ժամանակ է  պետք լիճը մաքրելու համար։ Գոռ Գևորգյանն  ասում է՝ մեկ կամ երկու տարին բավարար չէ Սևանա լիճը մաքրելու համար։ Եթե անգամ այս պահին էլ դադարեցվի կեղտաջրերի հոսքը լիճ, միևնույնն է, այնտեղ արդեն բավական շատ կուտակված կենսածին նյութեր կան։ Նախ՝ դրանք պետք է մաքրվեն։ Սևանա լիճ է թափվում  28 գետ, դուրս է գալիս մեկը՝ Հրազդանը։ Պետք է թողնել, որ լիճն ինքնամաքրվի՝ ասում է մասնագետը։ Ջրափոխանակությունը երկար է տևելու, թե որքան, դժվար է  ասել, բայց հստակ է, որ առաջիկա մեկ–երկու տարվա ընթացքում լիճը չի ինքնամաքրվի։

«Եթե Սևանա լիճ ընդհանարապես գետ չթափվի, այլ միայն դուրս գա, ապա 25 տարի է պետք լինելու, որպեսզի Սևանա լճի ամբողջ ջուրը դուրս գա։ Սա խոսում է այն մասին, որ ինքնամաքրումը, ջրափոխությունը բավականին դանդաղ են ընթանում։ Բայց աղտոտման կանխարգելիչ միջոցառումների ուշացումը նույնպես կարող է խնդիր առաջացնել։ Եթե լիճը գնաց ճահճացման, հնարավոր չի լինի ինչ–որ բան փոխել»։

Սևանա լճում ձկնային ու խեցգետնային պաշարների նվազումն նույնպես խախտել   է լճի հավասարակշռությունը։ Եթե նախկինում Սևանա լճում մի քանի հազար տոննա ձուկ ու խեցգետին կար, այժմ մի քանի հարյուր տոննա է մնացել։ Խեցգետինները համարվում են լճի հատակի «մաքրիչներ»․ որքան նվազում են, այնքան լճի հատակն ավելի խնդրահարույց է դառնում։  Սևանի փրկօղակը մաքրման կայանների ինտեսնիվ աշխատելն է՝ կանխելով կեղտաջրերի մուտքը Սևանա լիճ։ Ափամերձ ջրածածկ տարածքների մաքրման աշխատանքներ իրականացվում են, բայց  պետք է շտապել՝ ասում են մասնագետները և բացատրում՝ ամեն տարվա ուշացումն ավելի ծախսատար է դարձնում գործընթացը։  

Back to top button