ԿարևորՀասարակություն

Կարևորում ենք Ղարաբաղի ժողովրդի անվտանգության երաշխիքների պահպանումը Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան

Երկխոսությունը Ֆրանսիայի և ԱՄՆ համանախագահների միջև շարունակվում է փնտրելու նոր միջոցներ, որոնք կօգնեն խաղաղության գործընթացի առաջընթացին՝ «Ռադիոլուր»–ի  հետ զրույցում ասել է  Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոն։ Նա նշել է,  որ Ֆրանսիան պատրաստակամ է վերսկսել երկխոսությունը ՄԽ ձևաչափով և  կարևորում է Ղարաբաղի ժողովրդի անվտանգության երաշխիքների պահպանումը։

Ուկրաինական զարգացումների պատճառով խաթարվել  է ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջնորդական մանդատ ունեցող միակ կառույցի՝ ԵԱՀԿ ՄԽ-ի աշխատանքը։

Հաշվի առնելով վերջին շրջանում ԵՄ-ի ակտիվացումը և հատկապես Ֆրանսիայի դերակատարությունը հետպատերազմական խնդիրները լուծելու հարցում՝ հնարավո՞ր է ՄԽ ձևաչափի վերանայում կամ որևէ նոր ձևաչափի ստեղծում, որը կզբաղվի պատերազմից հետո չլուծված խնդիրներով ու հակամարտության քաղաքական կարգավորմաբ։

«Մենք, ինչպես նաև ԱՄՆ-ն,  արդեն հաստատել ենք մեր հավատարմությունը ԵԱՀԿ ՄԽ միջնորդական ձևաչափին։ Սակայն, դժբախտաբար, Ռուսաստանը չի ցանկանում այլևս աշխատել այս բանաձևով։ ՌԴ արտգործնախարարն այս առիթով արդեն հայտարարություններ է արել։ Մենք ցավում ենք այդ փաստի համար, սակայն, մնում ենք պատրաստակամ վերսկսելու երկխոսությունը ՄԽ ձևաչափով», — նշել է դեսպանը։

Դեսպանի հետ ամբողջական հարցազրույցը՝ ստորև։

Օրերս Ֆրանսիան նշում էր իր ազգային տոնը։ Եվս  մեկ անգամ ընդունեք մեր շնորհավորանքները։ Արդեն մեկ տարի Հայաստանում եք և անձամբ կարող եք տպավորություն հայտնել Հայաստանում ընթացող զարգացումների  մասին։ «Թավշյա հեղափոխությունից» անցել է 4 տարի, և, հավանաբար, կունենաք նկատառումներ, թե ո՞րն է Հայաստանի բաժին «Բաստիլը», որը դեռ գրավված չէ։

– Դուք ճիշտ եք, մի քանի օր առաջ տոնեցինք հուլիսի 14–ը: Նույնիսկ ֆրանսիացիները չգիտեն, որ խոսքը գնում է ոչ թե 1789 թ-ի հուլիսի 14-ի, այլ 1790 թ-ի հուլիսի 14-ի մասին: Հեղափոխությունից մեկ տարի անց Ֆրանսիան նշում էր Դաշնության տոնը, որը նպատակ ուներ համախմբել ազգին, որը հեղափոխության պատճառով բազմաթիվ զոհեր էր տվել։ Այսպիսով, ընդվզումից հետո Դաշնության տոնը կրում էր խաղաղության, բոլորին միավորելու, համախմբելու գաղափարը։ Անշուշտ, տոնում ենք նաև հեղափոխությունը, քանի որ հեղափոխության շնորհիվ է, որ Ֆրանսիան առաջ է բերել մարդկության համար հավասար իրավունքները, խթանել է «ներկայացուցչական ժողովրդավարությունը», ինչպես նաև քաղաքական ազատությունը։ Շատ կարևոր է նշել, որ հուլիսի 14–ը տոնելիս մենք առաջին հերթին խաղաղությունն ենք տոնում։

Ես ձեզ սա ասում եմ, որովհետև սա թույլ է տալիս վերլուծել Հայաստանի ներքին քաղաքականությունը: 2018–ին տեղի է ունեցել ընդվզում և կարծում եմ, որ այսօր Հայաստանը պետք է համախմբվի հստակ առաջնահերթությունների շուրջ, որոնք նույնն են բոլոր ազգերի համար՝ խաղաղություն, տնտեսական և հասարակական զարգացում։ Կարծում եմ, սրանք այն առաջնահերթություններն են, որոնք կարող են համախմբել բոլորին։ Բայց ինչպես գիտենք, ժողովրդավարությունը մեկ օրում չի կառուցվում, ոչ էլ մեկ կամ 10 տարում։ Ֆրանսիայում հեղափոխությունից հետո մեկ դար է պահանջվել երկրում իրական ժողովրդավարություն հաստատելու համար։ Հայաստանի դեպքում էլ պետք է ժամանակ, համբերություն և խիզախություն այդ ամենին հասնելու համար։

Որպես Հայաստանում Ֆրանսիայի դեսպան՝ ես ողջունում եմ ժողովրդավարության առումով Հայաստանում արձանագրված առաջընթացը։ Ֆրանսիան, ինչպես ԵՄ մյուս պետությունները, ողջունում է ժողովրդավարության ամրապնդմանն ուղղված բարեփոխումները։ Դրանք պետք է շարունակական լինեն, որոնց կհաջորդեն, օրինակ, դատական բարեփոխումները, որոնք շատ կարևոր են, և որոնց մենք կշարունակենք մեր օժանդակությունը ցուցաբերել։

Պետք է ավելացնեմ, որ «ներկայացուցչական ժողովրդավարության» պարագայում քաղաքական երկխոսությունը պետք է տեղի ունենա խորհրդարանում։ Խորհրդարանը հենց ժողովրդավարության հարցերը քննարկելու առաջնային վայրն է։

Ձեր այս դիտարկման համատեքստում  պիտի նկատենք, որ Հայաստանի խորհրդարանում փոխհարաբերությունները խորհրդարանական մեծամասնության և փոքրամասնության միջև լարված են,  ընդդիմադիր խմբակցությունները բոյկոտում են  ԱԺ-ի աշխատանքը, և սա ճգնաժամ է գնահատվում։ Արդյո՞ք սա խնդիր եք համարում ժողովրդավարության կայացման համար։

– Հուսով եմ՝ ոչ։ Ես չմեկնաբանեցի Հայաստանի քաղաքական իրադարձությունները, բայց ինչպես արդեն նշեցի, ժողովրդավարությանը հասնելը բավականին երկար ժամանակ է պահանջում, որը կարող է ներառել նաև ճգնաժամային պահեր: Ես հուսով եմ, համոզված եմ, որ Հայաստանը կհաղթահարի այդ ճգնաժամերը։ 

Հայ – ֆրանսիական հարաբերությունները ավանդաբար առանձնահատուկ բնույթ են ունեցել, և սպասելիքներն այդ համագործակցությունից, համենայնդեպս Հայաստանում, ավելին են, քան կան։ Ի՞նչ նոր ծրագրերի մասին կարող ենք խոսել հայ–ֆրանսիական հարաբերություններում և ո՞ր ուղղություններով։

Նաև հաշվի առնելով Հայաստանի և Ֆրանսիայի ղեկավարների անձնական շփումները՝ կարելի՞ է ակնկալել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի այցը Հայաստան։

– Իրավամբ, երկու երկրների  բարեկամական հարաբերությունները շատ խորն են, այդ իսկ պատճառով միշտ ցանկություն կա ավելին անելու։ Բայց պետք է հավաստել, որ արդեն իսկ շատ բան է արվում հայ–ֆրանսիական հարաբերություններում։ Մեր համագործակցությունը բազմոլորտ է։

Քաղաքական համագործակցության առումով բարձր մակարդակի երկխոսություն կա երկու երկրների միջև։ Հուսով եմ, որ Էմանուել Մակրոնը շուտով  կկարողանա այցելել Հայաստան, երբ պայմանները թույլ տան, որովհետև ինքը մեծ ցանկություն ունի։ Հարկ է նշել, որ արդեն մեծ թվով փոխանակումներ, այցեր կան երկու կառավարությունների միջև։ Վերջերս Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն էր այցելել Ֆրանսիա, բարձր տեխնոլոգիաների նախարարն էր Ֆրանսիայում, Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի այցը Ֆրանսիա քննարկման փուլում է, Հայաստանի վարչապետ պարոն Փաշինյանի այցը արդեն տեղի է ունեցել։ Շատ հարուստ և բարեկամական երկխոսություն է ընթանում երկու երկրների միջև։

Մշակույթի բնագավառում շատ հարուստ փոխանակումներ ունենք։ Հարուստ ինստիտուցիոնալ ֆրանսիական ցանց կա Հայաստանում՝ Ֆրանսիական համալսարանով, Անատոլ Ֆրանսի անվան կրթահամալիրով, Ալիանս Ֆրանսեզով հանդերձ։ Ջանքեր ենք գործադրում, որ ֆրանսիական ինստիտուտն իր աշխատանքներն սկսի Հայաստանում։ Այն իրավական առումով ներկա է Հայաստանում, բայց գործունեություն դեռ չի ծավալում, հուսով ենք, որ տարվա վերջին կամ հաջորդ տարվա սկզբին արդեն կսկսի իր գործունեությունը։

Վերջերս մեկնարկեցինք «Հայաստան. ժառանգության ուսուցում, պահպանում և արժևորում» խորագիրը կրող շատ կարևոր ծրագիրը, որն իրականացվում է Ֆրանսիայում Ժառանգության ազգային ինստիտուտի և Լուվրի թանգարանի կողմից, իսկ Հայաստանում ղեկավարվում է ԿԳՄՍ–ի և Էրեբունի թանգարանի կողմից։ Շատ հավակնոտ մի ծրագիր է, որն իր մեջ ներառում է նաև վերապատրաստման դասընթացներ, վերականգնման և վերակառուցման, ինչպես նաև Էրեբունի թանգարանի թանգարանագիտության բաղադրիչներ։ Այս ծրագրի մի մաս է կազմում նաև ուրարտական ցուցադրությունը Լուվրում։

Կրթական առումով Հայաստանի կառավարության հետ աշխատում ենք ճանապարհային քարտեզի վրա՝ ուժեղացնելու, խթանելու ֆրանկոֆոնիան։ Զարգացնում ենք նաև գործընկերությունը հայկական մշակութային հաստատությունների հետ, ինչպիսին էր «Ոսկե Ծիրան» կինոփառատոնի հետ համագործակցության օրինակը, որին աջակցել ենք այս տարի։

Ինչ վերաբերում է տնտեսական հարաբերություններին, դեկտեմբերին «ճանապարհային քարտեզ» ստորագրվեց վարչապետ Լըմուանի և արտգործնախարար Միրզոյանի միջև՝ նոր դինամիկա հաղորդելու տնտեսական հարաբերություններին, որոնք նույն մակարդակի վրա չեն մեր քաղաքական հարաբերությունների հետ։ Մարտին նախագահ Մակրոնի և վարչապետ Փաշինյանի մասնակցությամբ մեծ ֆորում տեղի ունեցավ Փարիզում, որը հարաբերությունների լայն հնարավորություններ է բացել, և մենք փորձում ենք կոնկրետացնել հետագա ծրագրերը տարբեր բնագավառներում՝ հաղորդակցություն, կայուն էներգիա, զբոսաշրջություն և այլն։

Ապակենտրոնացված շատ հարուստ համագործակցություն ունենք հայ–ֆրանսիական հարաբերություններում։ Հունիսի վերջին Լիոնում տեղի ունեցան ապակենտրոնացած համագործակցության համաժողովները ուղիղ Հայաստանի և Ֆրանսիայի քաղաքների ու համայնքների միջև՝ համավարակով պայմանավորված դադարից հետո։ Հուսով եմ, որ համաժողովները զարկ կտան բազմաթիվ նոր ծրագրերի։ Մասնավորապես տուրիզմի, բարձր տեխնոլոգիաների և տնտեսության ոլորտներում։ Բազմաթիվ ֆրանսիական համայնքներ, ինչպես օրինակ Իլ դե Ֆրանսը, Հայաստանում հետաքրքրված են Հայաստանի գյուղատնտեսական ծրագրերով։ Շատ կարևոր է, որ Հայաստանի կառավարությունը ֆրանսիային ներկայացնի իր տնտեսական գրավչությունը։ Պետք է հետաքրքրություն առաջացնել ֆրանսիական ընկերությունների շրջանում և ցույց տալ, թե ինչի համար նրանք պետք է գան Հայաստան ու ներդրումներ կատարեն։ 

Ժամանակակից աշխարհն այս փուլում կանգնած է աշխարհաքաղաքական ձևափոխումների առաջ։ Մեծ ազգերի համար, ըստ էության, անընդունելի է փոքր ազգերի քաղաքական ազատության ձգտումը։ Որպես կանոն ստացվում է, որ ուժն է ծնում իրավունքը՝ հակառակ միջազգային փաստաթղթերում ամրագրված սկզբունքների։

Ի՞նչ է անում քաղաքակիրթ աշխարհը նման մոտեցումները կանխելու համար։

– Պատասխանը շատ պարզ է։ Գոյություն ունի միջազգային մի փաստաթուղթ՝ ՄԱԿ–ի կանոնադրությունը, որով սահմանվում է պետությունների տարածքային ինքնիշխանության անձեռնմխելիությունը և միջազգային հակամարտությունները կարգավորելիս ուժի չկիրառումը։ Կարծում եմ, որ պետք է անդրադառնալ այս բազմակողմ հանձնառություններին, որոնք սահմանվել են ՄԱԿ-ի շրջանակում երկրորդ համաշխարհային պատերազմից հետո:

Ֆրանսիան, որ Անվտանգության Խորհրդի անդամ է, հետևողական է այս սկզբունքների պահպանմանը։ Ֆրանսիան խստորեն դատապարտում է Ռուսաստանի ներխուժումը Ուկրաինա, ինչը միջազգային իրավունքի ակնհայտ խախտում է։ Ֆրանսիան շատ հավատարիմ է հակամարտությունը կարգավորմանն ուղղված երկխոսության խթանմանը։

ԼՂ հիմնախնդրի հարցում Ֆրանսիան միջնորդի դեր է կատարում ինչպես երկկողմ, այնպես էլ ԵԱՀԿ ՄԽ համանախագահության մակարդակներում, նաև որպես ԵՄ անդամ երկիր, որը նույնպես իր ջանքերն է գործադրում դյուրացնելու երկխոսության հնարավորությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև։

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների՝  հուլիսի 16–ին Վրաստանում տեղի ունեցած հանդիպումը։ Կարծում ենք, որ այս ուղիղ փոխանակումները երկու երկրների միջև կարող են օգնել խաղաղության հաստատմանը։ Մենք կշարունակենք օժանդակել այս ջանքերին։

Հաշվի առնելով վերջին շրջանում ԵՄ ակտիվացումը և հատկապես Ֆրանսիայի դերակատարությունը հետպատերազմական խնդիրները լուծելու հարցում, հնարավո՞ր է ՄԽ ձևաչափի վերանայում և որևէ նոր ձևաչափի ստեղծում, որը կզբաղվի պատերազմից հետո չլուծված խնդիրներով։

– Մենք, ինչպես նաև ԱՄՆ-ն,  արդեն հաստատել ենք մեր հավատարմությունը ԵԱՀԿ ՄԽ միջնորդական ձևաչափին։ Սակայն, դժբախտաբար, Ռուսաստանը չի ցանկանում այլևս աշխատել այս բանաձևով։ ՌԴ արտգործնախարարն այս առիթով արդեն հայտարարություններ է արել։ Մենք ցավում ենք այդ փաստի համար, սակայն մնում ենք պատրաստակամ վերսկսելու երկխոսությունը ՄԽ ձևաչափով։

Ամեն դեպքում ո՞ր շրջանակում և ի՞նչ միջնորդությամբ կարելի է հասնել հակամարտության քաղաքական լուծման, եթե ՄԽ–ն այս պահին ճգնաժամի մեջ է և չի գործում։ Որքա՞ն սպասել, որ այն գործի և ինչպե՞ս լուծել ԼՂ հակամարտությունը։

– Ինչպես ասացի, մենք վճռական ենք տրամադրված օժանդակելու խաղաղության գործընթացին ինչպես երկկողմ մակարդակում, այնպես էլ որպես ԵՄ անդամ պետություն, որովհետև ԵՄ–ն նույնպես ջանքեր է գործադրում այդ ուղղությամբ։ Իսկ երկխոսությունը ամեն դեպքում շարունակվում է Ֆրանսիայի և ԱՄՆ համանախագահների միջև՝ փնտրելու նոր միջոցներ, որոնք կօգնեն խաղաղության գործընթացի առաջընթացին։ Մենք առանձնակի կարևորում ենք Ղարաբաղի ժողովրդի համար անվտանգության երաշխիքների պահպանումը։

Back to top button