ԿարևորՔաղաքական

Թեհրանյան հանդիպումից հետո Թուրքիայի ու Իրանի միջեւ հակասությունները քրդական հարցում ավելի կխորանան․ քրդագետ

Իրանում այսօր նախատեսված է Ռուսաստանի, Թուրքիայի ու Իրանի առաջնորդների հանդիպումը՝ նվիրված Սիրիայի հակամարտության կարգավորմանը «Աստանայի» ձեւաչափով, սակայն սա քննարկման միակ թեման չէ։ Ուշադրության առանցքում են լինելու ինչպես Մերձավորարեւելյան, այնպես էլ Հարավկովկասյան եւ ռուս–ուկրաինական պատերազմի հարցերը։ Թեհրանում նաեւ երկկողմ հանդիպումներ են  նախատեսված։

Իրանի և Թուրքիայի առաջնորդներ  Իբրահիմ Ռաիսիի և Էրդողանի նախագահությամբ Թուրքիա-Իրան բարձր մակարդակի համագործակցության խորհրդի 7-րդ նիստն ընթացել է մամուլի համար փակ ձեւաչափով՝ գրում է  թուրքական «Անադոլու» գործակալությունը, երկու երկրների ղեկավարները մի շարք փաստաթղթեր են ստորագրել։

Արդեն տեղի է ունեցել Իրանի ու Թուրքիայի նախագահների հանդիպումը։

Թեհրանում  Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի ղեկավարների հանդիպումը՝  նվիրված Սիրիայի հակամարտության կարգավորմանը, չի սահմանափակվի միայն այդ հարցի քննարկմամբ։ Արդեն ուշադրության առանցքում  է հայտնվել Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեի  հայտարարությունը Թուրքիայի նախագահ Էրդողանի հանդիպման  ժամանակ։

Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին Թուրքիայի նախագահ Էրդողանին նախ ասել է, թե  ողջունում է  Ղարաբաղի վերադարձն Ադրբեջան , ապա հավելել․ «Իհարկե, եթե գոյություն ունի Իրանի եւ Հայաստանի միջեւ սահմանը փակելու քաղաքականություն, Իսլամական Հանրապետությունը դիմադրելու է դրան, քանի որ այդ սահմանը հազարամյա վաղեմություն ունեցող հաղորդակցական ճանապարհ է»։

Այս հայտարարությունից առաջ Իրանի հոգևոր առաջնորդը նաև ողջունել է Ղարաբաղի վերադարձն Ադրբեջան։

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը հիշեցնում է՝ Իրանը ժամանակին էլ  կոշտ է արձագանքել ապաշրջափակման  սկզբունքներին՝ հստակ հայտարարելով, որ թույլ չի տա  իր և  հարեւան երկրների սահմանների որևէ փոփոխություն։ Այս հարցը «կարմիր գիծ» է ինչպես Իրանի, այնպես էլ Հայաստանի համար։ Իրանը անվտանգության նկատառումներով է զգուշանում՝ ասում է քաղաքագետը․

«Իրանը հայտարարել է, որ սահմանների փոփոխությունն իր համար կարմիր գիծ է, եւ պետք է հասկանանք, որ դա Իրանի տարածքային ամբողջականության հետ կապ ունի, որովհետեւ Հյուսիսային Իրանում մեծ քանակությամբ ադրբեջանցիներ կան, այնտեղ ազգային գիտակցության բարձրացում է սկսվել եւ ըստ տարբեր տեսակետերի՝ հնարավոր է Արեւմուտքի օգնությամբ ազգային ընդվզումներ սկսվեն, ապստամբություն լինի եւ բնական է՝ Իրանին պետք չէ, որ Թուրքիա–Ադրբեջան կապն սկսի աշխատել, քանի որ Մեղրիով կապը կարող է ռազմական նշանակություն ունենալ։ Եթե ճանապարհը Հայաստանի վերահսկողությունից դուրս գա, այնտեղով կարող են ռազմական տեխնիկա ու զորքեր տեղափոխել, ինչը բնական է , որ կարմիր գիծ է Իրանի համար։ Թուրքիան հակառակ նպատակներն ունի»։

Իրանագետ Արմեն Վարդանյանը նույնպես համոզված է, որ  Թեհրանը զգուշանում է Հայաստանով անցնող ճանապարհների վերահսկողության հարցում․

«Իրանը դեմ չէ ապաշրջափակմանը, սակայն դեմ է սահմանների փոփոխությանը, դեմ է եթե այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» էքստրատերիտորիալ նշանակություն ունենա, այսինքն՝ Հայաստանի տարածքով անցնի, բայց Հայաստանը չվերահսկի այդ ճանապարհը ։ Դրան դեմ է Իրանը, քանի որ Թուրքիան ու Ադրբեջանը՝ Իրանը հյուսիսից կմեկուսացնեն եւ Իրանին շատ ծանր դրության մեջ կդնեն»։

Իրանում Պուտին-Էրդողան-Ռաիսի՝  սիրիական խնդրով բանակցություններից ակնկալիքներ ունեն հատկապես քրդերը։ Մինչ այս հանդիպումը Սիրիայի քրդերը կոչ են  արել ու հորդորել  Մոսկվային եւ Թեհրանին կանխել թուրքական ներխուժումը Սիրիայի քրդաբնակ շրջաններ։  Սիրիայի հյուսիսում գտնվող Հասակե քաղաքում մի քանի օր առաջ քրդական ջոկատները միավորող Սիրիական դեմոկրատական ուժերի գլխավոր հրամանատար Մազլում Աբդին հույս էր հայտնել, որ ոչ՛ Ռուսաստանը, ոչ՛ Իրանը հավանություն չեն տա Սիրիայի  քրդաբնակ տարածքներ ներխուժելու  թուրքական մտադրություններին ։

Այս կոչին ու Անկարայից հնչող այն հայտարարություններին, թե մոտ ապագայում թուրքական բանակը նոր գործողություն է իրականացնելու Սիրիայի հյուսիսային՝ քրդաբնակ շրջաններում, արձագանքել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը, վստահեցնելով, թե «Մոսկվան դեմ է ցանկացած գործողության, որ խախտում է սիրիական կարգավորման Աստանայի ձևաչափի հիմնադրույթները»։

Ի դեպ սիրիական խնդիրը քննարկվել է նաեւ Իրանի հոգեւոր առաջնորդի ու Թուրքիայի նախագահի հանդիպման ժամանակ։ Խամենեին Էրդողանին ասել է, որ  Սիրիային ռազմական հարված հասցնելն ապակայունացնում է տարածաշրջանն ու օգնում ահաբեկիչներին՝ գրում է  Reuters-ը։

Քրդագետ Կարեն Հովհաննիսյանը  կարծում է, որ  թուրք-իրանական բանակցություններն ավելի կընդգծեն Թեհրանի ու Անկարայի հակասությունները քրդական հարցում․

«Կարող եմ վստահորեն ասել, որ այս հանդիպումը կամ նման հանդիպումներն ավելի են խորացնում Թուրքիայի ու Իրանի հակասությունները  քրդական հարցում։ Չի եղել մի դեպք, որ հանդիպումներից հետո հարցն ավելի չխորանա։ Թուրքիայի նպատակը նաեւ այն է, որ կարողանա այստեղ եւս ճանապարհների բացման ծրագրերի քողի տակ քրդական հարցն իր ուզած ձեւով լուծել, ինչը շատ լավ հասկանում է իրանական կողմը։

Քրդական հարցում Ռուսաստանի ու Թուրքիայի շահերը բախվում են, որովհետեւ նրանք հակամարտության տարբեր կողմերում են»։

Քրդագետ Կարեն Հովհաննիսյանը  վստահ է, որ հանդիպումը արդյունք չի տա ու Թուրքիան կներխուժի քրդաբնակ տարածքներ։

Թեհրանում Պուտին-Ռաիսի-Էրդողան հանդիպման ընթացքում կքննարկվեն նաեւ ուկրաինական նավահանգիստներում կուտակված հացահատիկի տեղափոխման, ինչպես էներգակիրների հարցեր։ Մինչ այդ  ռուսական «Գազպրոմն» ու Իրանի ազգային նավթային ընկերությունը Թեհրանում նավթային համագործակցության հուշագիր են ստորագրել, որն իրանական ընկերության ղեկավարն անվանել է Իրանի նավթարդյունաբերության պատմության մեջ ամենախոշոր  օտարերկրյա ներդրումը։ Այն  նախատեսում է իրանական Քիշ կղզում  գազային  հանքավայրերի մշակում, իրանական նավթային «Հյուսիսային Ֆարս» հանքավայրի զարգացում, ինչպես նաև 6 այլ նավթահանքերի շահագործում։ Համաձայնագիրը նախատեսում է նաեւ երկու երկրների միջև գազի, նավթաքիմիական ու գազային ապրանքների փոխանակում, արտահանման գազատարների կառուցում։

Ի դեպ, Ռուսաստանի նախագահ Պուտինի այցը Իրան  երկրորդ  օտարերկրյա այցն է՝ ուկրաինական պատերազմի մեկնարկից ի վեր՝ գրում է Բի-Բի-Սին, նկատելով՝ Թեհրանը  շարունակում է մնալ Ռուսաստանի  սակավաթիվ դաշնակիցներից մեկը միջազգային ասպարեզում։

Back to top button