ԿարևորՀասարակություն

ՀՀ ՄԻՊ-ը հետևել է ամառային զորակոչի ընթացքին

Ամառային զորակոչի ընթացքը տեղում դիտարկելու նպատակով Մարդու իրավունքների պաշտպանը և Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներն հուլիսի 18-ին այցելել են ՊՆ կենտրոնական հավաքակայան:

Պաշտպանը ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության պետի և կենտրոնական հավաքակայանի ղեկավար կազմի հետ շրջայց է կատարել հավաքակայանում:

Պաշտպանը հետևել է զորակոչի ընթացքին, ծանոթացել հավաքակայանում զորակոչի կազմակերպման առկա պայմաններին, զորակոչիկների դիմավորման, ընդունման, գրանցման կարգին, ինչպես նաև հետևել է զինվորական ծառայության վայրի վիճակահանության գործընթացին:

Հավաքակայանում շրջայցի ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվել բժշկական հանձնաժողովի աշխատանքներին ու զորակոչիկների բուժզննման ընթացքին: Բժիշկների հետ քննարկվել են զորակոչիկների հետազոտության ընթացքի ու մեթոդների հետ կապված հարցեր:

Զորակոչիկների հետ առանձնազրույցում հատուկ ուշադրություն է դարձվել նրանց առողջական վիճակի հետ կապված հարցերին, բարոյահոգեբանական վիճակին, անդրադարձ է կատարվել նրանց հետաքրքրող հարցերին, զորակոչիկներին ներկայացվել է իրենց իրավունքները, ինչպես նաև Պաշտպանին դիմելու կարգը:

Պաշտպանը շնորհավորել է զորակոչիկներին զինված ուժերի շարքերը համալրելու առթիվ, մաղթել խաղաղ ու անվտանգ ծառայություն՝ նշելով, որ իրենց իրավունքների հետ կապված հարցերը լինելու են Պաշտպանի ամենօրյա ուշադրության ու հոգածության ներքո:

Back to top button