ԿարևորՄշակույթ

Նոր շունչ՝ Նյու Յորքի օպերային թատրոնին․ մաեստրո Կոնստանտին Օրբելյանն ամփոփում է գործունեության մեկ տարին

Արդեն մեկ տարի է, ինչ մաեստրո Կոնստանտին Օրբելյանը հանդիսանում է Նյու Յորքի քաղաքային օպերայի երաժշտական ղեկավարն ու գլխավոր դիրիժորը։ Այս ընթացքում Կ․ Օրբելյանը հասցրել է իրագործել մի քանի մեծածավալ նախագծեր, որոնց շարքում հատկապես առանձնանում է բացօթյա համերգ-ներկայացումների պարբերական շարքը։

Հաշվի առնելով համավարակին հաջորդող տարվա անհարմարություններն ու ստեղծված դժվարին կացությունը համերգային գործունեություն իրագործելու նպատակով՝ մաեստրո Օրբելյանը շատ կարճ ժամանակում նախաձեռնեց բացօթյա համերգների շարքը, որով էլ վերածնունդ տրվեց Նյու Յորքի օպերային թատրոնի գործունեությանը։

 «Հատկապես համավարակին հաջորդող տարվա ընթացքում հանդիսատեսը ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Ամերիկայում մեծ ցանկություն ուներ տնից դուրս գալու, մասնակից դառնալու մշակութային իրադարձությունների․ բացօթյա համերգային նախագծերի իրականացումը հենց այդ նպատակին էր միտված՝ աստիճանաբար վերականգնել մշակութային, երաժշտական կյանքի խաթարված ընթացքը, մարդկանց համար ստեղծել նպաստավոր պայմաններ, որպեսզի դարձյալ այցելեն դասական երաժշտության համերգների, ներկայացումների»,- նշում է մաեստրո Կոնստանտին Օրբելյանը:

Նյու Յորքում Կոնստանտին Օրբելյանը շարունակում է հագեցած ստեղծագործական գրաֆիկով աշխատել՝ մեծածավալ նախագծեր իրականացնելով աշխարհի նշանավոր արտիստների մասնակցությամբ։ Նշանավոր դիրիժորի ղեկավարությամբ գործող օպերային թատրոնն այս տարի նույնպես ամռան ամիսների համար համերգային ներկայացումներ է նախատեսել Նյու Յորքի Բրայան պուրակում։

«Օգոստոսի 12-ին Բրայան պուրակում հանդիսատեսը հնարավորություն կունենա վայելելու Վերդիի հիասքանչ «Տրավիատա» օպերան տաղանդաշատ տենոր Չարլզ Կաստրոնովայի և անզուգական սոպրանո Եկատերինա Սյուրինայի կատարմամբ, ում հետ ես բազմիցս ելույթ եմ ունեցել։ Մենք անմոռաց համերգներ ենք ունեցել Դմիտրի Խվորոստովսկու հետ Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում՝ «Խվորոստովսկին և ընկերները» ամենամյա փառատոնի ընթացքում։ Մեզ հետ միասին ելույթ կունեա ամերիկացի նշանավոր բարիտոն Մայքլ Չիոլդին, ով անցյալ ամռանն ինձ հետ միասին ներկայացրեց  Ջ․ Վերդիի «Ռիգոլետտո» օպերան։ Բացի այդ սեպտեմբերի 2-ին Բրայան պուրակում ամերիկացի նշանավոր սոպրանո Սառա Կոբերնի հետ միասին կներկայացնենք «Լուչիա դի Լամերմուրը»։

Հենց այս երգչուհու հետ էլ ես ձայնագրել եմ Բելլինիի «Պուրիտաններ» օպերան Կաունասի սիմֆոնիկ նվագախմբի և ամերիկացի տենոր Նաթան Գրանների մասնակցությամբ։ Արդեն վստահաբար կարող ենք արձանագրել, որ բացօթյա համերգային ներկայացումների այս նախագծերը հաջողություն ունեցան՝ վերականգնելով նաև Նյու Յորքի քաղաքային օպերայի լավագույն ավանդույթները։ Արտիստին բեմ է պետք, անդադար կապ հանդիսատեսի հետ, իսկ հանդիսատեսն էլ մեծ բավականությամբ է այցելում այսօրինակ համերգներին։ Կարծում եմ մենք մեր առջև դրված խնդիրը կարողացանք իրագործել՝ բացելով նոր ստեղծագործական նախագծերի դուռ։

Այսօրինակ համերգ-ներկայացումները հատկապես ամառային ամիսներին մեծ պահանջարկ ունեն և մենք այն կդարձնենք պարբերական»,- հայտնում է Նյու Յորքի քաղաքային օպերայի երաժշտական ղեկավար և դիրիժոր Կոնստանտին Օրբելյանը։

Հուլիսի 20-ին և 23-ին Կոնստանտին Օրբելյանը նշանավոր Napa Velly փառատոնի շրջանակում կղեկավարի մի քանի համերգները՝ աշխարհահռչակ մենակատարներ Տեսսա Լառկի, Կարիսա Մարտինեսի և Ջոշուա Բելի մասնակցությամբ։

«Հուլիսի 20-ին Napa Velly փառատոնի ընթացքում ջութակի և դաշնամուրի համար համերգներով հանդես կգամ It’s ALL Tchaikovsky ծրագրով Դմիտրի Մասլեևի և ջութակահարուհի Տեսս Լարկի հետ միասին, իսկ հուլիսի 23-ին աշխարհահռչակ սոպրանո Լարիսա Մարտինեսի և մեր ժամանակների ամենանշանավոր ջութակահարներից մեկի՝ Ջոշուա Բելլի հետ համատեղ կներկայացնենք «Ձայնը և Ջութակը» համերգային ծրագիրը»,- տեղեկացրեց մաեստրո Օրբելյանը։

Napa Velly ամենամյա փառատոնի միջոցով դասական երաժշտական արվեստը լայնորեն հանրահռչակվում է ամերիկյան իրականությունում՝ իր շուրջը համախմբելով աշխարհահռչակ արտիստների։ Ամեն տարի փառատոնին մասնակցում է ավելի քան 10000 հանդիսատես։ Փառատոնից ստացված հասույթն ուղվում է երիտասարդական բարեգործական կազմակերպությունների ծրագրերի իրագործմանը։

Կոնստանտին Օրբելյանը 2016-2021 թվականներին Հայաստանի օպերայի և բալետի թատրոնի տնօրենն ու գեղարվեստական ղեկավարն էր և հայրենիքում աշխատանքային պայմանագրի ավարտից հետո մաեստրոն նշանակվեց Նյու Յորքի քաղաքային օպերայի երաժշտական ղեկավարի ու գլխավոր դիրիժորի պաշտոնում, որտեղ էլ արդեն մեկ տարի է շարունակում է աշխատանքային-ստեղծագործական գործունեությունը՝ մշտապես ակտիվորեն կապը պահելով Հայաստանի և հայ օպերային արտիւստների, երաժիշտների հետ՝ աջակցելով նրանց գործունեությանը համաշխարհային ասպարեզում։

Back to top button