ԿարևորՏնտեսական

Գինեգործությունը՝ առաջնային հետաքրքրության ոլորտ. գերմանացիներին Արմավիրում հետաքրքրել է գինու արտադրությունը

Երկօրյա այցով Արմավիրի մարզում են եղել Գերմանիայի Դաշնության  Սաքսոնիա Անհալթ երկրամասի  պատվիրակության անդամները:  Գերմանացի հյուրերը համագործակցության  հեռանկարներ են տեսնում գյուղատնտեսության, կրթության և մշակույթի բնագավառներում: Բայց ավելի շատ նրանց  հետաքրքրել է  գինեգործության ոլորտը: Արմավիրի մարզում  գերմանացիներն այցելել են գինու գործարաններ, ծանոթացել արտադրության հայկական ավանդույթներին ու մտածել համագործակցելու հնարավորությունների շուրջ:

Գերմանիայի Դաշնության Սաքսոնիա Անհալթ երկրամասի պատվիրակությունն Արմավիրի մարզում հետաքրքված էր գյուղատնտեսական ծրագրերով, հատկապես խաղողագործությամբ ու գինեգործությամբ: Սաքսոնիա Անհալթ երկրամասի Լանդթագի նախագահ Գուննար Շելլենբերգեր.

«Մենք ծանոթանում ենք գյուղատնտեսական հնարավորություններին, բայց մենք էլ այդ ոլորտում հարուստ փորձ ունենք: Երկրամասը հայտնի է գինեգործական ավանդույթներով, և կարելի է համատեղ ծրագրեր իրականացնել»:

Արմավիրի մարզպետ Էդուարդ Հովհաննիսյանը կարևորում է ապակենտրոնացված գործընկերությունը, կարծում է՝ հայ–գերմանական համագործակցությունը կարող է արդյունավետ լինել ոչ միայն գյուղատնտեսության ոլորտում։  

«Վստահ եմ այսպիսի համագործակցությունը հնարավորություն կտա նաև համայնքային մակարդակով զարգացնել հետագա հարաբերությունները, որոնց ուղղությամբ համատեղ պետք է աշխատենք։

Գերմանացի հյուրեր մարզում համտեսել են  հայկական գինիներն ու այս ոլորտում համագործակցության հեռանկարներ են տեսնում: Այցի առաջին կանգառը Բաղրամյան համայնքի  «Հայաստանի հողեր» ընկերությունն էր: Այստեղ նորագույն տեխնոլոգիաներով շուրջ 400 հա խաղողի այգիներ են մշակում  և գինիներ արտադրում:  Ընկերության ներկայացուցիչ Անի Մարտիրոսյան.

«Մենք ունենք 28 տեսակի խաղող և 20 անուն գինի: Անցած տարի արտադրել ենք 700 հազար լիտր գինի, բայց թվերն այս տարի կփոփոխվեն»:

Ընկերության տարածքում հյուրերը ծանոթացել են գինու արտադրության հայկական ավանդույթներին  ու շրջել խաղողի այգիներում:  Ցանկանում ենք փորձի փոխանակմամբ զարգացնել խաղողագործությունը՝ասում է Բուրգենլանդի շրջանի տնտեսական գրասենյակի ղեկավար Թոմաս Բյոհմը.

«Տարբերությունն այն է, որ դուք մեծ տարածքներ ունեք և մեծ հնարավորություններ՝ գինեգործությամբ զբաղվելու համար, իսկ մեզ մոտ այդ տարածքները փոքր են, և մենք փորձում ենք զարգացնել գինեգործությունը: Ուրախ ենք, որ այս ոլորտում Արմավիրից նոր գիտելիքներ ձեռք կբերենք ու փորձը կներդնենք մեր երկրամասում՝ գինեգործությունը զարգացնելու համար »:

Հանդիպմանը մասնակցում էին նաև արմավիրցի գինեգործները, որոնց արտադրանքն արտահանվում է Եվրոպա: «Ալլուրիա» ապրանքանշի գինիներն արտադրվում են Էջմիածնում,  արտահանվում  ԵՄ 11 երկիր, այդ թվում՝ Գերմանիա:  Ընկերության ներկայացուցիչ Սամվել Մաչանյանը հույս ունի, որ համագործակցության  դեպքում արտադրության  և արտահանման ծավալները ավելանան։

«Այս հանդիպումից ակնկալում եմ ձեռք բերել նոր ծանոթություններ,  հասկանալ, թե ինչ հնարավորություններ են բացվելու: Մեզ հետաքրքրում է գերմանական շուկան: Եթե համագործակցությունը ստացվի, արտադրական ծավալները կմեծացնենք: Կարծում եմ՝ մեր ապրանքների արտահանումը ոչ միայն բիզնես է, այլև արտերկրում ներկայացնում ենք Հայաստանն ու մեր մշակույթը, անուղղակի ազդում տուրիզմի վրա»:

Արմավիրի  «ՄԱՊ» գինու և կոնյակի գործարանի տնօրեն Մակար Պետրոսյանը հյուրերին ծանոթացրեց արտադրության գործընթացին, գինու և կոնյակի հնեցմանը: Լենուղու գինու գործարանը 80 տարվա պատմություն ունի: Մակար Պետրոսյան.

«Սա շատ լավ հնարավորություն է  տեսնելու, թե Արմավիրի մարզում  ինչպես է զարգանում խաղողագործությունը, գինեգործությունն ու կոնյակագործությունը: Վստահ եմ, որ իրենց երկրամասում  այս  ոլորտի զարգացմանը կնպաստի նաև  Հայաստանը: Մենք պատրաստ ենք մեր փորձով կիսվել Գերմանիայի Դաշնության  ընկերների հետ »:

Պատվիրակության անդամները  շրջեցին գործարանի մառաններում, որտեղ պահվում են տարբեր տարիների հնեցված գինիներ: Այստեղ հյուրերին անակնկալ էր սպասվում.  մառաններից մեկը կոչվում է Գերմանական: 1942թ-ին  այն կառուցել են գերմանացիները: Նրանց իրերը պահվում են գործարանի թանգարանում: Պատմությունը շրջանցել հնարավոր չէ՝ ասում է գերմանացի հյուրը։

«Սա մեր ժողովուրդների միասնական պատմությունն է, անցած ճանապարհը: Բոլորը դասեր են քաղում անցյալից և կառուցում լավ ապագա մեր երեխաների համար»:

Գերմանացի հյուրերը Արմավիրից կգնան հարուստ տպավորություններով։

«Կարելի է համեմատել շոտլանդական և արգենտինական վիսկիների  հետ: Մենք պարզապես ոգևորված ենք, և շատ լավ է, որ ամեն ինչ մեր աչքերով տեսանք»:

«Ինձ շատ դուր եկավ  այս ձեռնարկության կառուցման  հայ-գերմանական  համատեղ աշխատանքը»:

Թոմաս Բյոհնը գործարանը համեմատեց  իրենց շամպայնի գործարանի հետ, որը շուրջ  166 տարվա պատմություն ունի: Ասում է՝ այն  տարեկան հարյուրավոր զբոսաշրջիկներ է ընդունում: ՄԱՊ գործարանը  կարող է Արմավիրում մեծ ներուժ լինել զբոսաշրջության  զարգացման համար:

Նախատեսվում է, որ հայ-գերմանական գործընկերության հուշագիրը կստորագրվի աշնանը՝ փոխադարձ այցելության ժամանակ:

Back to top button