ԿարևորՀասարակություն

Վարկային ծրագրի միջոցներն ուղղվելու են կրթական հաստատությունների բարելավմանը

ՀՀ կառավարությունը հուլիսի 14-ին կայացած նիստում հավանություն է տվել Համաշխարհային բանկի (ՀԲ) «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագրին, որը Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի հետ ստորագրվել էր հունիսի 9-ին:

Համաձայնագրի համաձայն՝ 22 մլն 600 հազար եվրո գումարի չափով նախատեսվում է ընդլայնել «Կրթության բարելավում» վարկային ծրագրի ուղղությունները՝ դրանք համապատասխանեցնելով ՀՀ կառավարության 2021-2026 թթ. ծրագրի «Մարդկային կապիտալի զարգացում» կետի դրույթներին:

ՀԲ վարկային միջոցներն ուղղվելու են Կառավարության ծրագրով նախատեսված մի շարք աշխատանքների իրականացմանը:

Տեղեկացնենք, որ ՀՀ կառավարության ծրագրով մինչև 2026 թվականը նախատեսվում է կառուցել, հիմնանորոգել կամ վերանորոգել առնվազն 300 դպրոց և 500 մանկապարտեզ` ապահովելով դրանց ամբողջական հագեցումն անհրաժեշտ գույքով և սարքավորումներով:

Բացի դրանից` նախատեսված է մինչև 2026 թվականը հանրապետության բոլոր 1400 դպրոցներում ստեղծել ժամանակակից և չափորոշչին համապատասխանող բնագիտական ու ինժեներական լաբորատորիաներ, որոնք նպաստելու են ԲՏՃՄ (բնագիտական, ճարտարագիտական առարկաներ, ինֆորմատիկա, մաթեմատիկա, աշխարհագրություն) ուղղությամբ կրթության որակի բարելավմանն ու դասավանդման ժամանակակից մեթոդների կիրառմանը:

Վերը նշված վարկային միջոցները կուղղվեն թվարկված աշխատանքների մի մասի կատարմանը: Բացի դրանից` ծրագրի շրջանակում բարձրագույն ուսումնական հաստատություններում իրականացվելու են նորարարական ու զարգացման ծրագրեր՝ նպաստելով դասավանդման և ուսումնառության միջավայրի, հետազոտական կարողությունների զարգացմանը:

Back to top button