ԿարևորՀասարակություն

Դեկտեմբերի 2- ին մեկնարկում է ձմեռային զորակոչը

Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»

ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի հովանու ներքո ստեղծվել է 2013 թ. ձմեռային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողով: Հանձնաժողովի նախագահ է նշանակվել հասարակական խորհրդի նախագահ, պաշտպանության նախարարի խորհրդական Գեղամ Հարությունյանը։

Դեկտեմբերի 2-ին մեկնարկում է ձմեռային զորակոչը: Այն կտևի մինչև 2014 թվականի հունվարի 31-ը: Առաջին անգամ է զորակոչն անցկացվում ձմռանը, այլ ոչ թե աշնանը: «Այլևս զորակոչերը կանցկացվեն ձմռանը և ամռանը, այլ ոչ թե գարնանը և աշնանը: Այս տեղաշարժը պայմանվորված է ուսումնական նոր 12-ամյա համակարգի ներդրման հետ»,- ասում է պաշտպանության նախարարի խորհրդական Գեղամ Հարությունյանը, ով գլխավորում է ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհուրդը և զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողովը:

Ցուրտ եղանակին զորակոչիկների դեպի զորամասեր տեղափաոխման հարցին պաշտպանության նախարարի հանձնարաարությամբ հատուկ վերաբերմունք եւ  ուշադրություն կցուցաբերվի: Այս զորակոչի նորամուծություններից է զորակոչիկների բաշխման գործընթացի իրականացումը վիճակահանության միջոցով, նշեց նախարարի խորհրդականը՝ հավելելով որ այս հարցը գտնվում է խիստ հսկողության ներքո։

Ամանորյա օրերին զորակոչը կկասեցվի և կշարունակվի  տոներից հետո, հայտնեց Գեղամ Հարությունյանը: Ըստ նրա՝ զորակոչին ենթակա են այն պատանիները, ում 18- ամյակը լրանում է մինչև դեկտեմբերի 31-ը, ինչպես նաև այն քաղաքացիների, ովքեր կորցրել են նախկինում ստացած պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքը: Զորացրումը կիրականացվի մինչև դեկտեմբերի վերջը։

Զորակոչի մեկնարկի օրը կսկսի գործել ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի հովանու ներքո ստեղծված զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողովը, որի նիստերը կանցկացվեն Մոսկովյան 5 հասցեում տեղակայված հասարակական խորհրդի աշխատավայրում յուրաքանչյուր երկուշաբթի և հինգշաբթի օրերին, իսկ դիմում-բողոքներն ընդունվում են բոլոր աշխատանքային օրերին` հասարակական խորհրդում: Հանձնաժողովի նիստերը բաց են լրատվամիջոցների համար, հավելեց նախարարի խորհրդականը։

Back to top button