ԿարևորՀասարակությունՏնտեսական

Արհեստի ու արվեստի տոն՝ վարպետաց քաղաքում

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Գյումրու համայնքապետարանի և Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի համագործակցությամբ կազմակերպված «Գյումրի. վարպետաց քաղաք» փառատոնը Գյումրի է բերել ժողովրդական ստեղծագործության վարպետներին Հայաստանի տարբեր համայնքներից և ԱՊՀ երկրներից:

Գյումրին դարձել է արհեստների, ազգային երգ ու պարի, ավանդական զրույցների, համեղ ուտեստների և անմոռանալի զգացողությունների կենտրոն:

Գյումրիի սրտում արհեստների և արվեստների տոն է, միախառնվել են դարբնի մուրճի ու դհոլ- զուռնայի ձայները։ Ծեր լարախաղացը վերևում  իր ճարպկությամբ  է այցելուներին զարմացնում,  իսկ հրապարակի գորգին հմուտ վարպետներն իրենց գործերով ազգային շունչն են թարմացնում։

ԿԳՄՍ նախարարության մշակութային ժառանգության գլխավոր մասնագետ Նաիրա Կիլիչյան․ «Այսպիսի փառատոններն աշխուժացնում են համայնքների կյանքը։ Բոլորովին նոր հովեր են բերում, նոր գաղափարներ։ Այստեղ ժողովրդական վարպետները կարողանում են մեկ միասնական հարթակում արտահայտել իրենց գաղափարները, փորձի փոխանակում է տեղի ունենում, մշակութային ժառանգության հանդեպ հարգանքը նոր ձևակերպում է ստանում»։

Հայաստանի 8 մարզից, Ռուսաստանի դաշնությունից ու Բելառուսից 67 վարպետ է մասնակցում փառատոնին։ Արծաթագործ Զավեն Կոշտոյանի գերդաստանում գործը պապենական է։

«Ես արդեն չորրորդ սերունդն եմ, տղաս՝ հինգերորդ, թոռնիկս էլ շարունակում է մեր գործը»։

Արծաթագործների տաղավարի թագուհին արծաթյա գոտիներն են՝ տարածքին բնորոշ մշակութային առանձնահատկություններով։

Արծաթագործ Զավեն Կոշտոյան. «Շիրակի տարածքինն այլ կերպ է, հարթապատկերային է, Սյունիքինը Սևադայով է պատված, Վանինը, Ախալցխայինն արդեն գնդիկավոր են, լարային են։

Վարպետի գործերում իր հատուկ տեղն ունի գյումրվա արծաթյա մուշուրբան։ Քաղաքի պատվավոր հյուրերի համար պատրաստած արծաթյա մուշուրբաների մասին Ցոլակ Կոշտոյանը հպարտությամբ է հիշում։  

«Էս իմ պատրաստած ըմպաններից ունի Սպիվակովը, առաջինը հենց Սպիվակովի համար եմ պատրաստել, Չիլինգարովը, Քիմ Քարդաշյանը, Հռոմի Պապը։ Մեր քաղաք ով հյուր է եկել, քաղաքապետարաննն այս արծաթյա մուշուրբաներից է պատվիրել»։

Հարևան տաղավարում մասնագիտությամբ ծրագրավորող, կոչումով ժողովրդական վարպետ Ալլա Սարգսյանն իր տիկնիկներն է ներկայացնում։

«Իմ տիկնիկներն են՝ իրենց յուրահատուկ բնավորությամբ։ Այս մեկը «նախշուն բաջին» է Սյունիքի տարազով»։

Հաջորդ տաղավարում բրուտագործ երիտասարդ վարպետը` Լևոն Հովհաննիսյանը, այցելուների աչքի առաջ կավին նոր ձև ու շունչ է հաղորդում, կճուճ է պատրաստում։

«Պատրաստելուն հետևելու է վառարանում թրծելը՝ մինչև 1150 աստիճան և ցանկության դեպքում՝ ջնարակապատումը»։

«Գյումրի. Վարպետաց քաղաք» փառատոնին բոլորի համար ու հատուկ ձևաչափով դասախոսություններ էլ են նախատեսված։

ԿԳՄՍ նախարարության մշակութային ժառանգության գլխավոր մասնագետ՝ Նաիրա Կիլիչյան

«Զրույց-ներկայացում է «Սասունցի Դավիթ» էպոսի հանրահռչակման ուղղությամբ։ Տեղի կունենա նաև հացի պաշտամունքին նվիրված շատ հետաքրքիր դասախոսություն»։

Գյումրու համայնքապետարանի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանն ասում է, որ Գյումրու զարգացումը տեսնում է փառատոնային կյանքի զարգացման մեջ։

«Եթե ուզում ենք, որ մշակութային մայրաքաղաքն իսկապես իր անվան տերը լինի, ապա պետք է լինեն հստակ ֆիքսված, ամենատարբեր ժանրերի փառատոններ, այսինքն՝ անփոփոխ օրեր և հստակ ժամկերտեր, որպեսզի և՛ զբոսաշրջիկը, և՛ քաղաքի բնակիչն իմանան, որ այդ օրը, այդ ժամին անելիք ունեն։ Իսկ առաջիկայում պատրաստվում ենք Գարեջրի փառատոնին, Գյումրիում Երևանի օրերին  և Գյումրու օրվան։ Օգոստոսի 26-27-ին մեծամասշտաբ ու աննախադեպ իրադարձությունների կենտրոն է դառնալու Գյումրին»։

Իսկ մինչ այդ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Գյումրու համայնքապետարանի և Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի համագործակցությամբ իրականություն դարձած «Գյումրի. վարպետաց քաղաք» փառատոնին յուրաքանչուրն աշխատում է հարստացնել իր տպավորությունները՝ բաց չթողնելով թեկուզ և 1 վարպետի աշխատանք։

Back to top button