ԿարևորՔաղաքական

Իրական սատարո՞ւմ,  թե՞ դեկլարատիվ քայլ․ փորձագետները՝ Կոնգրեսի հայանպաստ 4 փոփոխությունների մասին

Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն ընդունել է 4 հայանպաստ օրենսդրական փոփոխություններ, որոնք պահանջում են Բաքվից ազատ արձակել հայ ռազմագերիներին, կոչ են անում հետաքննել ադրբեջանական ռազմական հանցագործությունները, ներկայացնում են Ադրբեջանին ցուցաբերվող ամերիկյան ռազմական օգնության ազդեցությունը և սահմանափակումներ են դնում Թուրքիային F-16 կործանիչների վաճառքի վրա՝ հաղորդում է Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակը՝ տեղեկացնելով, որ փոփոխությունների ընդունմանը նպաստել են կոնգրեսականներն ու  հայ համայնքը:

Վերլուծաբաններն ու քաղաքագետները կարևորում են նշված փոփոխություններն ու դրանց հաջորդող կոնկրետ քայլեր են  ակնկալում։

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունել է 2023 թ. Ազգային պաշտպանության լիազորությունների մասին օրենքի մի շարք փոփոխություններ, որոնցից չորսի ընդունմանն ակտիվ աջակցում էին հայկական կազմակերպությունները: Կատարված փոփոխություններով ԱՄՆ կոնգրեսականները պահանջում են Ադրբեջանի ռազմական հանցագործությունների հետաքննություն անցկացնել, կոչ են անում Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին, հորդորում են զեկույց ներկայացնել Ադրբեջանին ԱՄՆ ռազմական օգնության՝ խաղաղության վրա ազդեցության մասին,  սահմանափակում են ամերիկյան F-16 կործանիչների ու դրանց արդիականացման սարքավորումների վաճառքը Թուրքիային:

Քաղաքական վերլուծաբան Ռուբեն Մեհրաբյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում կարևորում է հատկապես Ադրբեջանի ռազմական հանցագործությունների հետաքննություն անցկացնելու դրույթը։ Այն ներկայացրել է Կոնգրեսի հայկական հանձնախմբի համանախագահ Ջեքի Սփիրը։ Օրինագծով պաշտպանության նախարարին հանձնարարվում է պետքարտուղարի հետ համաձայնեցնելով՝ ներկայացնել Ազատության աջակցման ակտի 907-րդ բանաձևի չեղարկման մանրամասները: Զեկույցը պետք է ներկայացնի տեղեկություններ այն մասին, թե արդյոք Ադրբեջանի կառավարության ստացած աջակցությունը չի խաթարում Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը:

«Այս ամենը զուգահեռվում է այն դատական գործընթացին, որն այժմ տեղի է ունենում ՄԱԿ-ի միջազգային դատարանում ՝ՀԱԱԳԱ-ում։ Եվ սա չափազանց կարևոր սատարում է ՄՆ-ի կողմից։ Ամենակարևորն այն  է, որ այս ուղղման տեքստում կեղծ պարիտետային արտահայտություններ չկան, այսինքն՝ իրերը կոչվում են իրենց անուններով, ապրիորի ընկալվում է, որ Ադրբեջանն առերևույթ ռազմական հանցագործություններ է գործել 44-օրյա պատերազմի ընթացքում, որոնք պետք է մանրամասն հետաքննվեն»։

Ի դեպ, կոնգրեսականներ Թոնի Քարդենասի ու Բրեդ Շերմանի ներկայացրած օրենսդրական փոփոխությամբ պետքարտուղարությունից և պաշտպանության նախարարությունից պահանջվում է պատրաստել զեկույց, որը մանրամասն կներկայացնի ԱՄՆ-ի պահեստամասերի օգտագործումը թուրքական անօդաչու թռչող սարքերում, որոնք Ադրբեջանը օգտագործել է Արցախի դեմ պատերազմի ընթացքում: Պահանջվում է անդրադառնալ նաև Ադրբեջանի կողմից օգտագործված սպիտակ ֆոսֆորի, կասետային ռումբերի և այլ արգելված զինատեսակների օգտագործմանը, 2020 թվականի պատերազմի ժամանակ Թուրքիայի և Ադրբեջանի կողմից օտարերկրյա ահաբեկիչ զինյալների հավաքագրմանը:

Քաղաքագետ Արա Պողոսյանը ողջունում է հայանպաստ օրենսդրական փոփոխությունները և դրանց հաջորդող կոնկրետ քայլեր է ակնկալում։ Եթե դեկլարատիվ բնույթ ունենա, Հայաստանին ոչինչ չի տա՝ ասում է․

«Եթե այն վերածվելու է գործուն քայլերի և գործուն միջամտության, բնական է, որ սա իրավիճակի որոշակի փոփոխության է բերելու մեր տարածաշրջանում։ Իրավիճակի փոփոխությունը կախված է, իհարկե, աշխարհաքաղաքական զարգացումներից , հավաքական Արևմուտք-Ռուսաստան դիմակայությունից։ Վերջին մեկ-երկու ամիսների ընթացքում  արտաքին քաղաքականության որոշակի տրանսֆորմացիաներ են նկատվում ԱՄՆ-ում, որոնք ուղղված են Ռուսաստանի դեմ, բայց այս անգամ ոչ թե կոշտ ուժի կիրառման  կամ կոշտ ուժի կիրառման սպառնալիքների, այլ փափուկ ուժի կիրառման ասպեկտներին»։

Կոնգրեսական Ադամ Շիֆի ներկայացրած փոփոխությամբ Ադրբեջանի կառավարության առջև  հայ ռազմագերիների  և քաղաքացիական անձանց անհապաղ վերադարձնի պահանջ է դրվում: Այս հարցում և՛ Ռուբեն Մեհրաբյանը, և՛ Արա Պողոսյանը առարկայական քայլեր են ակնկալում, ինչը կհուշի, որ Վաշինգտոնը վճռական է փոփոխված օրինագծերը կյանքի կոչելու հարցում։

«Կարևոր է հասկանալ, թե Ադրբեջանն  ինչպիսի դիրքորոշում ունի այս հարցում, քանի որ հայտարարում է, որ իր երկրում ռազմագերիներ չկան»։

Վերլուծաբանները վստահ են, որ օրենսդրական 4 փոփոխությունները հստակ ուղերձներ են են պարունակում, քանի որ ԱՄՆ-ն երբեք հենց այնպես որևէ  քայլ չի  անում։ Սա աշխարհաքաղաքական ու տարածաշրջանային որոշակի ենթատեքստ ունի՝ համոզված են։

Բավականին բուռն է ընթացել կոնգրեսի հայկական հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոնի, կոնգրեսականներ Քրիս Պապասի և Գաս Բիլիրակիսի առաջարկած օրենսդրական փոփոխության քննարկումը, որով սահմանափակվում է ամերիկյան F-16 կործանիչների կամ արդիականացման սարքավորումների վաճառքը եւ փոխանցումը Թուրքիային։

«Ամերիկյան առաջադեմ կործանիչների վաճառքը Թուրքիային չի ստիպի Էրդողանին հանկարծակի վերածվել լավ դաշնակցի։ Ավելի հավանական է, որ այդ զենքերը կհանգեցնեն հետագա մահվան ու ավերածությունների տարածաշրջանում»,-ասել է Ֆրենկ Փալոնը և ավելացրել․ «Շատ երկար ժամանակ Միացյալ Նահանգները թույլ է տվել Էրդողանին թելադրել իր պայմանները և թաքնվել իր՝ որպես ՆԱՏՕ-ի դաշնակցի կարգավիճակի հետևում և այս փոփոխությունը կօգնի նրա «վտանգավոր ավտորիտար ձեռքց» խլել լծակները»,- ասել է Փալոնը։ Այս օրինագիծը բախվել է էրդողանի աջակիցների լուրջ դիմադրությանը, սակայն ի վերջո ընդունվել է 244 կողմ և 179 դեմ ձայների հարաբերակցությամբ։

Քաղաքագետ Արա Պողոսյանը չի շտապում ողջունել այս դրույթը՝ Թուրքիան ամեն դեպքում  ՆԱՏՕ-ի դաշնակիցն է մեր տարածաշրջանում, հուշում է․

«Թուրքիա ու Արևմուտք հարաբերությունները վերջին շրջանում լուրջ տրանսֆորմացիաներ են կրել, բայց մեծ հաշվով և՛ ՆԱՏՕ-ի և՛ ՄՆ-ների  համար Թուրքիան մնում է տարածաշրջանում ամենալուրջ գործընկերներից մեկը, ընդ որում՝ ռազմավարական գործընկերներից մեկը»։

Քաղաքագետը հակված է կարծել, որ Վաշինգտոնը Անկարայի նկատմամբ <մտրակի ու բլիթի> քաղաքականություն է վարում։

Անդրադառնալով ԱՄՆ ներկայացուցիչների պալատում ընդունված օրենսդրական 4 հայանպաստ օրինագծերին քաղաքագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում հիշեցրել է, որ առջևում  Սենատի քննարկումներն են։  Ամբողջությամբ ընդունվելու համար դեռ աշխատանք կա անելու՝ գրել է քաղաքագետը:

Back to top button