ԿարևորՀասարակություն

Հայաստանը դատապարտված է լավ ավիացիոն հեռանկար ունենալ․ FlyOne Armenia-ն ավելացնում է թռիչքների ուղղությունները

FlyOne Armenia ավիաընկերությունն առաջ է շարժվում ուղղությունների աշխարհագրությունն ընդլայնելու ու օդանավերի թիվն ավելացնելու քաղաքականությամբ։ Ռուսական ու եվրոպական ուղղություններից  բացի նախատեսում են նաև թռիչքներ դեպի արաբական երկրներ։ Օրական 2000 ուղևոր տեղափոխող ընկերությունը դիմել է թուրքական ավիացիոն իշխանություններին՝ իրենց օդային տարածքն օգտագործելու համար, բայց դեռ պատասխան չի ստացել։   

Օրական 2000 ուղևոր տեղափոխող ազգային ավիաընկերության՝ FlyOne Armenia-ի երկու չվերթ՝ Երևան-Ստամբուլ-Երևան, Երևան-Քիշնև-Երևան ուղղություններով, նախորդ շաբաթ, ըստ ուղևորների, չեղարկվել է։ Վերջիններն օդանավակայանում են տեղեկացել այս մասին, անակնկալի են եկել ու հանդիպում պահանջել ավիաընկերության ներկայացուցիչների հետ։ 

Ավիաընկերության խորհրդի նախագահ Արամ Անանյանը ի պատասխան այս դժգոհությունների հստակեցնում է՝ չվերթերը ոչ թե չեղարկվել, այլ ուշացել են։ Իսկ պատճառը օդանավերի արագության տվիչների տվյալների անհամապատասխանությունն է եղել։   

«Մեր օդանավի  հրամանատարը ընդունել էր ճիշտ որոշում, քանի որ ուղևորների անվտանգությունից կարևոր բան որևէ ավիաընկերության համար չկա։  Այդ օդանավը կարող է արդեն թռիչքներ իրականացնել։  Դա բավական տարածված խնդիր է նման տիպի օդանավերի համար։  Քանի որ ավիացիան ժամանակային առումով խիստ կանոնակարգված է, մի ինքնաթիռի հետ կապվածը շղթայական ռեակցիայով բերեց  տեղի ունեցածին, ինչի համար ես իմ ափսոսանքը հայտնել եմ ուղևորներին պատճառած վնասի համար»։

Տարածաշրջանային աշխարհաքաղաքական զարգացումները որոշակի  շտկումներ են մտցնում նաև հայկական ավիաընկերության  չվացուցակներում՝ ասում է Արամ Անանյանը։ Դրանից  ելնելով՝ հաճախ ստիպված են լինում որոշակի չվերթերի դեպքում ունենալ ավելի երկար թռիչքային ուղի և թռիչքային ժամանակ։

«Մենք, իհարկե, ուզում ենք  որևէ ուշացում մեր չվացուցակներում չունենալ։ Առաջիկա օրերին խնդիրը լիովին կհաղթահարվի, և անելու ենք ամեն հնարավորը, խնդիրներ ունեցած ուղևորների  հարցերը նույնպես լուծումներ ստանան»։

Ընկերության խորհրդի նախագահը պնդում է՝ իրենց ավիատոմսերը շուկայում շարունակում են մնալ ամենահասանելին։ Լոուքոստերների շուկայում տոմսերի  նկատելի գնաճ է արձանագրվել։ Ազդգային փոխադրողը գների համեմատականներն ամեն օր է իրականացնում։

«Ավիատոմսերի գնագոյացումը մի քանի սեգմենտներից բաղկացած,  բարդ համակարգ է, և շատ հաճախ այդ հաշվարկներն իրականացնում է արհեստական բանականությունը՝ մարդկային գործոնը հասցնելով նվազագույնի»։

Հայաստանը դատապարտված է ունենալ լավ ավիացիոն հեռանկար՝ ասում է Արամ Անանյանը։ Աշխարհաքաղաքական,  աշխարհագրական ու  տնտեսական գործոնները այլ տարբերակ չեն թողնում։ FlyOne Armenia-ն դառնալու է առաջատար ավիացիա ներկայացնող առաջին կազմակերպությունը՝ վստահ է խորհդի նախագահը: Այս պահին  ամենաշատ ուղղությունները սպասարկող հայկական ավիաընկերությունը օդանավերի թիվն ավելացնելու ու  ուղղությունների աշխարհագրությունն ընդլայնելու ճանապարհով է գնում։ Ռուսական և եվրոպական ուղղություններին առաջիկայում կավելանան նաև դեպի Լիբանան թռիչքները։ Դիմել են Թուրքիայի ավիացիոն իշխանություններին Թուրքիայի օդային տարածքով դեպի Լիբանան թռիչքներ իրականացնելու թույլտվություն ստանալու համար, բայց առայժմ պատասխան չեն ստացել։ Ավիաընկերությունում հուսով են, որ խնդիրը կլուծվի, քանի որ ավիացիոն որևէ պատճառ թույլտվությունը մերժելու համար չկա։

Back to top button