ԿարևորՔաղաքական

Քաղաքական հրադադա՞ր․ ընդդիմադիրներին մանդատներից զրկելու գործընթացը՝ առկախված

Խորհրդարանական մեծամասնությունը սկսեց, բայց ընդհատեց ընդդիմադիրների անհարգելի բացակայությունների համար մանդատից զրկելու միջնորդությամբ ՍԴ դիմելու գործընթացը։ Համենայն դեպս այս նստաշրջանում ԱԺ խորհուրդը նման նախաձեռնություն հանդես չի բերի։ Հարցը կարող է օրակարգային դառնալ աշնանային նստաշրջանի ընթացքում։  Խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչներն ասում են՝  քաղաքական որոշում է կայացվել․ անհարգելի բացակայությունները ընդդիմադիրին, ըստ էության, «ներվել» են այն ակնկալիքով, որ հաջորդ՝ սեպտեմբերից մեկնարկող  նստաշրջանում պատկերը կփոխվի։

Խորհրդարանական ընդդիմությունը արդեն արձագանքել է կատարվածին։

Խորհրդարանական մեծամասնությունը քաղաքական որոշում է կայացրել «չպատժել» ընդդիմադիր պատգամավորներին։ Այս նստաշրջանում անհարգելի բացակայությունների վրա աչք փակելու 3 հիմնավորում է ներկայացնում ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը․

 «Մեր քաղաքական հավատամքի մեջ է մտնում հարգանքը առ ժողովրդի տված քվեն։ ժողովուրդը իր քվեով ձևավորել է մեծամասնություն և փոքրամասնություն։ Մենք հարգում ենք այդ քվեն և կարծում, որ ընդդիմության այս պահելաձևը առաջին հերթին հենց իրենց ընտրողների համար պետք է խնդիր լինի։ Կարծում եմ, մեր ժողովրդի այն հատվածը, որը քվե է տվել իրենց համապատասխան հետևություններ կանի հաջորդ ընտրությունների ընթացքում։ Երկրորդը՝ մեր երկրին հիմա պետք է քաղաքական կայունություն և համերաշխություն և մենք այս որոշումը պայմանավորում ենք նաև դրանով։ Եվ վերջինը՝ եթե ընդդիմությանը թվում է, որ մենք պետք է դիմենք ՍԴ և նրանց ԱԺ-ից փախուստի փրկօղակ նետենք, նրանք սխալվում ենք։ Նրանք պետք է գլուխները կախ գան Աժ, իրենք պետք է նայեն մեր աչքերի մեջ և չկարողանան կրկնել այն, ինչ այս ամիսներին ասել են, մենք էլ պետք է նայենք իրենց աչքերին և ասենք այն ամենը, ինչ ուզեցել ենք ասել, ասում ենք և ասելու ենք»։

Վերլուծական դաշտում արդեն հնչել են կարծիքներ, որ Հայաստանի համար բարդագույն արտաքին քաղաքական փուլում անհրաժեշտ է երկրում հաստատել ներքին կայունություն և, միգուցե, «քաղաքական հրադադար» կնքել։ Վերլուծաբանների ակնկալած այս մտադրությունը, սակայն, նկատելի չէ թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության ներկայացուցիչների հռետորաբանության մեջ։

«Պատիվ ունեմ» խմբակցությունից պատգամավոր Տիգրան Աբրահամյանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում հաստատել է հավատարմությունը  ընդդիմության՝ արդեն իսկ որդեգրած սկզբունքներին։ Ընդդիմադիր պատգամավորը համարում է, որ մանդատներից զրկելու գործընթացը չի սպասարկում առաջնահերթ օրակարգը։ Սեպտեմբերին խորհրդարանական լիարժեք աշխատանքին վերադառնալու հնարավորությանը պատասխանում են նախկինում արդեն արած հայտարարերություններով, իսկ մարտահրավերներին դիմակայելու պատճառաբանությամբ  իշխանության հետ համագործակցելու մասին Տիգրան Աբրահամյանն ասում է․

«Հայաստանի այս իշխանության որևէ չափով մասնակցության պարագայում երկրի առաջ եղած մարտահրավերներին դիմակայելու որևէ շանս պարզապես չկա։ Այս իշխանությունը տապալել է առանցքային խնդիրները, Արցախի ու անվտանգության հետ կապված հարցերը և, բնականաբար, նրանց մասնակցությամբ որևէ քննարկում ոչ միայն անիմաստ է, այլև հնարավոր  չէ։ Այսինքն՝ ի՞նչ անել, որ դիմակայել արտաքին մարտահրավերներին, աջակցել իշխանության այդ ծրագրի իրագործմա՞նը։ Շատ անտրամաբանական է հարցադրումը հնչում, թե կարելի է իշխանության հետ համագործակցել ինչ-որ հարցերում և մարտահրավերներ դիմակայել։ Այս իշխանությունը ոչ դրա ցանկությունը ունի, ոչ էլ դրա ճանապարհը բռնել է»։   

Մանդատները պահպանելու հիմնավորման ժամանակ ընդդիմադիրները չէին բացառում, որ դրանք կօգտագործեն անհրաժեշտ պահին։ Որպես օրինակ՝ ներկայացնում էին պատեհ պահին վարչապետին անվստահություն հայտնելու հնարավոր գործընթացը։ Ընդդիմադիրների երկրորդ պնդումը սեփական օրակարգով խորհրդարան վերադառնալուն է վերաբերվում։ Մի քանի անգամ ընդդիմադիրներն անվտանգային հարցերով քննարկումներ են, բայց իշխանություն-ընդդիմություն հանդիպում նիստերի դահլիճում այդպես էլ չի կայացել։ Խորհրդարանի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը, իր իսկ խոսքերով, առանձնապես չի փափագում, որ  ընդդիմադիրները  վերադառնան  խորհրդարան, կարծում է՝ նրանց աշխատանքից այնտեղ ոչինչ չի փոխվում։ Կվերադառնան, թե չեն վերադառնա իրենց որոշումն է՝ ասում  է և հստակեցնում մեծամասնության  անելիքն այն դեպքում, եթե աշնանը ընդդիմադիրները կրկին չվերադառնան խորհրդարան։   

« Աժ-ում քննարկվում էր երկու նախագիծ, երկուսն էլ պաշտպանությանը և անվտանգությանը վերաբերող, որտե՞ղ էին մեր ընդդիմադիր գործընկերները, որոնք ամեն օր խոսում են այն մասին, որ իրենք չեն ուզում քննարկել «Սնդիկի մասին» օրենք, ուզում են քննարկել պաշտպանությունն ու անվտանգությունը։ Չգան խորհրդարան, կնշանակի որ այդ նստաշրջանում ( սեպտեմբերից-խմբ․ ) իրենց բացակայությունների հիմքով  ՍԴ դիմելչդիմելու հարց, և մենք կքննարկենք։

Բայց դարձյալ առաջ կգան ձեր 3 պատճառները։

Չես կարող ասել, կյանքը փոփոխական բան է։

Հարցն ունի նաև իրավական կողմ, որն անտեսվել է քաղաքական խնդիրների լուծման ճանապարհին։ Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքում հռետորական հարց է ուղղել․ ՍԴ չեն դիմում՝ «դուռը բաց պահելով» ընդդիմության վերադարձի ու կոնստրուկտիվ աշխատանքի համար։ Իսկ դրանից օրենքի խախտումը վերանո՞ւմ է, հարցնում է նախկին պատգամավոր, քաղաքագետը՝ նշելով․ «Գոնե տակը մի բժշկի տեղեկանք դնեին, որ «թղթերով կարգին լինի»։ Սաֆարյանի ներկայացմամբ՝ իր սիրտը ցավում է առնվազն ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի խախտման համար։

Back to top button