ԿարևորՀասարակություն

Դասավանդող, ավագ, հետազոտող ու վերապատրաստող․ ուսուցիչները նոր որակավորումներ կունենան

Ուսուցիչներն այսուհետև դասակարգումներ կունենան․կլինեն դասավանդող, ավագ, հետազոտող կամ վերապատրաստող։ Առաջարկը տեղ է գտել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության՝ հանրային քննարկման ներկայացրած նախագծում, որը փոփոխություններ է նախատեսում ուսուցիչներին տարակարգեր  շնորհելու կարգում։

Ցածր վարձատրություն, աշխատանքի ընդունման, մասնագիտական զարգացման  դժվարություններ․ Հայաստանում ուսուցչի մասնագիտության առնչվող այս խնդիրներն էապես ազդել են դպրոցներում դասավանդման որակի վրա և, ընդհանուր առմամբ, նվազեցրել մասնագիտության գրավչությունը: Սա էլ բացասական ազդեցություն է ունեցել ընդհանրապես  հանրակրթության որակի վրա:

ԿԳՄՍ-ն ուսուցիչներին տարակարգի շնորհման նոր նախագիծ է մշակել,  որով փորձելու է լուծել այս խնդիրները։ Կախված մասնագիտական կարողունակության մակարդակներից՝ առաջարկվում է տարբերակել  մանկավարժի հետևյալ բնութագրերը՝ դասավանդող, ավագ ուսուցիչ, վերապատրաստող և հետազոտող ուսուցիչ: 

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում հանրային քննարկումներն արդեն ավարտվել են։ Թեև 65 տոկոսը նախագծին դեմ է քվեարկել, «Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոն»-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արտաշես Թորոսյանն առաջարկվող փոփոխություններից  մեծ սպասելիքներ ունի։

«Առաջին տարակարգ շնորհում ենք այն ուսուցիչներին, որոնք առարկայի գիտելիքների իմացության մասով բավարարում են սահմանված պահանջին, որը տվյալ դեպքում ՝մասնագիտական դիպլոմի առկայությունն է։ 2-րդ ուղղությունը, որով առաջին տարակարգ  հանձնելու համար ուսուցիչը պետք է ներկայացնի որոշակի հիքներ, մանկավարժական պրակտիկ կարողություններն են»։

Ավագ ուսուցիչ է համարվում դասավանդած առարկայի մասնագիտական կրթության որակավորումը հավաստող փաստաթուղթ՝ դիպլոմ ունեցող, «Առարկայի իմացություն» և մասնագիտական զարգացման «Դասավանդման մեթոդամանկավարժական (պրակտիկ) կարողություններ» ոլորտի պահանջների առնվազն ութսուն տոկոսը բավարարող ուսուցիչը։ Վերապատրաստող ուսուցիչ է համարվում մասնագիտական զարգացման «Առարկայի իմացություն», «Դասավանդման մեթոդամանկավարժական (պրակտիկ) կարողություններ», «Սովորողին ցուցաբերվող աջակցություն» և  «Ինքնազարգացում և մանկավարժական համայնքի հզորացում» ոլորտի պահանջների առնվազն յոթանասուն տոկոսը բավարարող ուսուցիչը։ Հետազոտող  է համարվում մասնագիտական զարգացման «Առարկայի իմացություն», «Դասավանդման մեթոդամանկավարժական (պրակտիկ) կարողություններ», «Սովորողին ցուցաբերվող աջակցություն» և «Ինքնազարգացում և մանկավարժական համայնքի հզորացում» ոլորտների պահանջների առնվազն ութսուն տոկոսը բավարարող ուսուցիչը։

«Ուսուցիչը ինչպես վերապատրաստման մասին պետք է ներկայացնի տեղեկանք և միավորներ, այնպես էլ ապացույցներ, օրինակ, իր կողմից կազմված բոլոր դասերի պլանները, բոլոր դասերի արձանագրությունները։ Պետք է ներկայացնի 2 դասի տեսագրություն։ Կտեսագրի դասը, կնայի, կտեսնի՝ արդյոք իր բոլոր հմտությունները այդ տեսագրության մեջ շահեկան տեսանկյունից երևում են։ Եթե ոչ՝ նա նորից կտեսագրի մինչև ստանա ամենահաջող տարբերակը ու ներկայացնի հանձնաժողովին։

Գաղափարը գուցե լավն է, բայց ձևական կողմը չափից շատ է՝ կարծում է կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը։ Շատ ավելի լավ կլիներ, եթե նոր նախագծի փոխարեն վերադարձնեին լավագույն ուսուցչի ավանդույթը։ Այն շատ ավելի արդյունավետ կլիներ, կարծում է։

«Պահանջվում է, որ ուսուցիչը պետք է դասերից տեսանյութեր ներկայացնի։ Դնելու են 10 անգամ փորձեն այդ դասը, որը լավը ստացվի, դա ներկայացնեն։ Ու խեղճ աշակերտները պետք է դառնան  կինոյի կամ թատրոնի դերասաններ։ Նույնիսկ կարող են երեխաներին ինչ-որ դերեր բաժանել, որ դասն ավելի սահուն ստացվի։ Օրինակ ես ուսուցչին տարակարգ կտայի ոչ թե վիդեոներ բերելու համար, այլ կդնեի անծանոթ դասարանում և կասեի հիմա կենդանի դաս վարեք»։

Փորձագետը վերապահումներ ունի նաև դասի պլան կազմելու նախաձեռնության վերաբերյալ։ Դա ևս ձևական տարրեր ունի, ասում է։

«Ես ճանաչում եմ բազմաթիվ ուսուցիչների, որոնց պլանն իրենց գլխում է և շատ լավ դասեր են անում։ Եվ կան ուսուցիչներ, որոնց պլանները թղթի վրա գրված է, բայց դասը աղետ է։ Այստեղ ես ռիսկեր տեսնում եմ»։ 

Սերոբ Խաչատրյանն այս նոր տարակարգերում նաև կամավոր ատեստավորումը  պարտադիր դարձնելու նախարարության քողարկված միտումներն է տեսնում։ Եթե գործող կարգով կամավոր ատեստացիան և տարակարգն իրարից անկախ են, ապա նոր կարգով եթե ուսուցիչը կամավոր ատեստացիայի 70 տոկոսի շեմը չի հաղթահարել, առհասարակ չի էլ կարող հավակնել 3-րդ և 4-րդ տարակարգերին։ Լավագույն դեպքում կարող է 2-րդ տարակարգ ունենալ։   Հաստատության ուսուցչին տարակարգ տրվում է 5 տարի ժամկետով: Տարակարգ ստացած ուսուցչին ուսումնական հաստատությանը հատկացված միջոցների հաշվին տրվում է հավելավճար՝ համապատասխանաբար 10-50 տոկոսի չափով։ Աշխատանքից ազատվելու դեպքում  տարակարգի գործողությունը վաղաժամկետ դադարեցվում է։

Back to top button