Հասարակություն

Ռուս իրավապաշտպանները ուսումնասիրում են ՀՀ ՄԻՊ փորձը

Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»

Հայաստանի օմբուդսմենի աշխատակազմում վերապատրաստվելու նպատակով ՌԴ-ից Երևան են ժամանել ճանաչված իրավապաշտպաններ: Փակ հաստատություններում Հայաստանի օմբուդսմենի մոնիթորինգային փորձը համարելով օրինակելի` Եվրոպայի խորհուրդը նախաձեռնել է փորձի փոխանակման  ծրագիր, որի նպատակն է  ռուս իրավապաշտպաններին ծանոթացնել Հայաստանի ՄԻՊ ինստիտուտում գործող բռնությունների կանխարգելման ազգային մեխանիզմի արդյունավետ գործունեությանը։

Խոշտանգումների դեմ կոնվեցիան վավերացնելուց հետո ՄԻՊ գրասենյակը  տարբեր փակ հաստատություններում մշտադիտարկումներով  փորձել է կանխել վերոնշյալ կառույցներում  առկա խոշտանգումները,  բռնություններն ու անմարդկային վերաբերմունքը, սակայն միաժամանակ,մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը խոստովանում է, որ դեռ գոհացուցիչ արդյունքներ չեն գրանցվել։

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը չնայած ավելի շուտ է միացել միջազգային կոնվեցիային և ունի մեծ փորձ, սակայն պատրաստ է այս հարցում լսել Ռուսասատնի փորձը,  թե ինչպես են պայքարում խնդրի դեմ  առանց կոնվեցիան վավերացնելու:  Ուսումնասիրելով ասիական և եվրոպականա երկրների փորձը` Հայաստանի օմբուդսմենը  կարծում է, որ արդեն ժամանակն է ունենալ սեփականը, որն էլ երկուստեք հետաքրքրություն կառաջացնի և հավելում, որ  պետք է ճանապարհներ գտնել լուծելու այն խնդիրները, որոնք  առկա են  թե’ Ռուսաստանում  և թե’ Հայաստանում:

Մեր հանրապետությունում,  Ռուսաստանում և  հետխորհրդային մյուս երկրներում Կարեն Անդրեասյանը կարծում է, որ լուրջ բացթողումներ և թերացումներ կան քրեակատարողական հիմնարկներում  և ոստիկանության բաժիններում։ Եռօրյա ուսումնական այցի շրջանակներում ռուս իրավապաշտպաններն այցելել են Հայաստանի ոստիկանության բաժիններ, քրեակատարողական հիմնարկներ, կլինեն նաև հոգեբուժարաններում:

Ռուսաստանից Հայաստան ժամանած իրավապաշտպան Անդրեյ Պապուշկինի խոսքով` տվյալ երկրում մարդու իրավունքների պաշտպանության արդյունավետությունը առաջնահերթորեն երևում են մանկատներում, ծերանոցներում, հոգեբուժարաններում և ուղղիչ աշխատանքային հիմնարկներում կատարած հետազոտություններից։ «Մեզ ուրախացրեց, որ հիշյալ հիմնարկներ մուտքն ազատ է բոլորի համար: Եվ, մասնավորապես, գովելի է, որ առանց զգուշացման կարելի է մտնել ու հետևել աշխատակազմի աշխատանքներին: Գուցե առաջին տպավորությունը խաբուսիկ է, սակայն մեզ մոտ` Ռուսաստանում,  շատ ավելի դժվար է մտնել այդ հիմնարկներ»,- ասաց նա։

Աբովյանի քրեակատարողական հիմնարկում ռուս իրավապաշտպաններին զարմացրել է   բանտախցերում թույլատրելիից ավել դատապարտյալների թիվն ու սանիտարահիգիենիկ փոքր ինչ անմխիթար վիճակը։ Իրավապաշտպան հյուրերի նկատառումներով` ԱՊՀ  երկրներում  Մարդու իրավունքների պաշտպանի համակարգը եվրոպական համարժեք համակարգերի հետ համեմատած դեռևս շատ անելիքներ ունի:

Back to top button