ԿարևորՀասարակություն

Ճանապարհային կշեռքներ՝ ճանապարհների որակը պահպանելու համար

Կառավարությունը շուրջ 12 մլրդ դրամ է  հատկացրել տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը ՝ պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգման համար: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ թեև ճանապարհաշինության ոլորտին մեծ գումարներ են ուղղվում, բայց որակի խնդիրներն առայժմ լիարժեք լուծված չեն։

Երկու միջպետական, 6 հանրապետական, 4 մարզային  նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգման համար կառավարությունը տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը 11.8 մլրդ դրամ հատկացրեց։ Շինաշխատանքների վերաբերյալ նախագծա-նախահաշվային փաստաթղթերը պատրաստ են, մրցույթները՝ հայտարարված։ Սակայն վարչապետին այնքան էլ չի գոհացնում ճանապարհների որակը։

Հարցը պետք է ուշադրության կենտրոնում պահել՝ նշեց Նիկոլ Փաշինյանը՝ ուշադրություն հրավիրելով սահմանվածից ավելի զանգվածով  մեքենաների երթևեկության և դրա հետևանքների վրա։ Խոսքը հիմնականում  հանքարդյունաբերական ոլորտը սպասարկող ճանապարհների մասին է։

«Մեր քաղաքական որոշումն այն է, որ մենք պետք է ճանապարհային կշեռքների համակարգ ունենանք, որպեսզի կարողանանք  հանրային ներդրումները ծառայեցնել  պատշաճ ժամանակով պատշաճ նպատակին։ Խնդիրն առավելապես վերաբերում է այն ճանապարհներին, որոնք սպասարկում են հանքարդյունաբերական ոլորտը։ Հանքանյութ տեղափոխող բեռնատարները գերբեռնված են լինում, որոնք ճանապարհի օգտագործելիության ժամանակահավտածի վրա շատ նեգատիվ ազդեցություն են ունենում»։

Այս խնդրին արդեն բախվել են տարբեր համայնքների բնակիչներ։

«Շատ լավ ճանապարհ էր, շատ էինք ուրախացել, մինչև Արմավիր թեթև գնում-գալիս էինք: Հիմա չենք կարող, ճանապարհը քանդված է»:

Վարդանաշեն գյուղի բնակիչն ասում է՝ ճանապարհը  կառուցումից կարճ ժամանակ անց  է քանդվել։ Պատճառը սահմանամերձ գյուղերի մոտ՝ Արաքս գետի ավազանում,  մի քանի ավազահանքերի գործունեությունն է: Ասֆալտը չի դիմանում ավազով ու խճաքարով գերբեռնված ավտոմեքենաների ծանրությանը:  

«Բեռնատարները 24 ժամ շարունակ անցնում են: Մարգարայի տարածքում 2 ավազահանք կա, մեկը «ՄԼ Մայնինգն» է, մյուսը՝ «Սարդարապատը», 24 ժամ մեքենաներն աշխատում են, գոնե բերեն ավազ լցնեն, մեքենաները կարողանան անցնել»։

Վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը նշում է, թեման հատուկ ուշադրության կենտրոնում է. սկզբնական փուլում ունեին երկու շարժական կշեռք, որոնք տեղափոխելու տարբերակով վերահսկողություն էին իրականացնում ճանապարհների խնդրահարույց հատվածներում: Հետագայում կշեռքների շահագործման առնչվող խնդիրներ են ծագել , ձեռք են բերվել երկու ստատիկ ու ևս մեկ շարժական կշեռք։ Շարժական կշեռքը Արմավիրի մարզում է տեղադրված, բայց պարբերաբար տեղը փոխվում է, քանի որ վարորդներն այլընտրանքային լուծումներ են գտնում՝ երթևեկելով շրջանցիկ ճանապարհներով։ 

«Ընդհանուր առմամբ՝ քարտեզագրված է,  թե որ տարածքներում ենք հիմնականում օգտագործում շարժական կշեռքը, իսկ ստատիկ կշեռքի համար նախնական պլանավորման արդյունքում   հանրապետության տարածքում նախատեսել էինք 9 հիմնական ուղղություն ։ Դրանք նախնական ուղղություններ են։ Արարատի  մարզ՝ Մ2 Երևան-Երասխ-Գորիս,  Մեղրիի սահման։ Եվ նույնը նաև Վայոց Ձորի մարզից Մ2-ի 110-րդ կմից 130-րդ կմ ընկած ճանապարհահատվածի վրա»։

Ըստ ներկայացված տվյալների՝ գործարկումից հետո իրականացվել է  522 մշտադիտարկում։ Արդյունքում  ՝14 միլիոն դրամի վարչական պատասխանատվության միջոցներ են կիրառվել, միայն 2022-ի ընթացքում 13,6 միլիոն դրամի չափով իրավախախտման 60 դեպք է հայտնաբերվել։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ այս հարցում միջոցներ պետք չէ խնայել ։

 «Ասում են թանկ է, բայց ասացվածք կա՝ ասում է «ես այդքան հարուստ չեմ, որ էժան ապրանք առնեմ»: Մենք, անընդհատ էժան ապրանք առնելով, տպավորություն է, թե մեր ռեսուրսները անսահմանափակ են, անելիս միանգամից արեք  լավը ու արագ», — ասաց վարչապետը:

Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը շարունակում է միջպետական, հանրապետական նշանակության ավտոճանապարհներով ծանրաքարշ և մեծ եզրաչափերով բեռնափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների նկատմամբ վերահսկողության իրականացումը։  Արարատի մարզի Եղեգնավան, Այգավան, Լուսառատ համայնքներում  միջպետական, Հանրապետական և տեղական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի տարբեր հատվածներում միայն հուլիսի 11-ին և 12-ին կշռվել է 𝟏𝟑 տրանսպորտային միջոց։ Արդյունքում՝ վարչական պատասխանատվության են ենթարկվել 𝟕 տրանսպորտային միջոցների վարորդներ։ Տուգանքների ընդհանուր չափը կազմել է 𝟑 միլիոն 𝟐𝟎𝟎 հազար դրամ:

Back to top button