ԿարևորՀասարակություն

«Սեքյուրիթի դրիմ»-ի դարաշրջանը՝ ավարտված․ տեսախցիկները և արագաչափերը կսպասարկի պետական կազմակերպությունը

Մասնավոր ընկերության փոխարեն պետական ոչ առևտրային կազմակերպություն՝ ոստիկանության ենթակայության ներքո։ Կառավարության որոշմամբ՝ «Սեքյուրիթի Դրիմ»-ի գործառույթներն իրականացնելու է նոր ստեղծվող ՊՈԱԿ-ը։ «Ոստիկանության տեսալուսանկարահանող էլեկտրոնային համակարգերի կառավարման կենտրոն»-ը դառնալու է տեխնիկական միջոցների՝ տեսախցիկների, ֆոտոխցիկների, արագաչափերի օգտագործումը վերահսկող և վարչական իրավախախտումներ արձանագրող, ճանապարհային երթևեկության խախտումների գործերով նախապատրաստական վարույթներ իրականացնող   մարմին։ Կառավարությունում երկար են մտածել՝ կարո՞ղ են պետական տանիքի ներքո իրականացնել գործառույթը։ Համոզված են՝ պատշաճ ձևով կիրականացվեն։

Ո՞ւր ուղղել մեքենաների արագության գերազանցման, ճանապարհային խախտումների ու  տուգանքների համար վճարվող գումարները՝ պետության, թե՞  մասնավորի գրպանը։ Մինչ այժմ այդ գումարներն  ուղղվում էին մասնավոր կազմակերպությանը, առաջիկայում կգնան  պետական բյուջե։ Կառավարության որոշմամբ՝ «Սեքյուրիթի Դրիմ»-ի գործառույթներն իրականացնելու է նոր ստեղծվող ՊՈԱԿ-ը:

Վարչապետի խոսքով՝ այս որոշմանը վերջնականապես հանգել են մրցույթ հայտարարելուց և սպասված արդյունքը չարձանագրելուց հետո։ 

«Այն գործառույթը, որը իրականացնում է  «Սեքյուրիթի դրիմ» ընկերությունը, մենք դա իրականացնում ենք պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցով։

Կառավարությունում երկար են մտածել՝ հնարավո՞ր լինելու է պետական տանիքի ներքո պատշաճ իրականացնել գործառույթը։ Քննարկումներից հետո կարծում են՝ հնարավոր կլինի։

«Այլևս խոսակցություն չի լինի՝ պետությունը եկամտի որ մասը ում հետ պետք է բաժանի։ Մենք այդ ամբողջ եկամուտը բերում ենք պետական տիրույթ։ Մնացածը մեր ներքին քննարկումների հարցն է։ Ըստ էության արձանագրենք,որ պայմանականորեն ասած «Սեքյուրիթի դրիմ»-ի դարաշրջանը, պայմանականորեն ասենք, ավարտվում է։ Գործառույթը դառնում է լիարժեք պետական»։ 

Երևանում արագաչափերի և լուսացույցների սպասարկումն իրականացնող «Սեքյուրիթի Դրիմ» ընկերությունն արդեն մի քանի տարի դատական գործընթացների մեջ է։  Քրեական տարբեր գործեր են հարուցվել։  Ընկերության սեփականատերերը մեղադրվում են կեղծ ձեռնարկատիրության, յուրացումների ու չարաշահումների մեջ։   

«Սեքյուրիթի Դրիմ»-ի գործառույթներն իրականացնելու է «Ոստիկանության տեսալուսանկարահանող էլեկտրոնային համակարգերի կառավարման կենտրոն»-ը։ Այն նաև նոր գործառույթներ է ունենալու՝ հստակեցնում է ոստիկանապետ Վահե Ղազարյանը։

Նախագծով նախատեսվում է, որ կենտրոնը  կմիանա Երևան քաղաքում ավտոկայանատեղերի կազմակերպում իրականացնող «Փարկինգ սիթի սերվիս» ընկերության ծրագրին, ինչպես նաև առևտրի, հանրային սննդի, կենցաղային ծառայության օբյեկտների, խաղատների և խաղասրահների մուտքերը տեսաձայնագրող համակարգերին։

«Մոտ ապագայում նախատեսվում է ընդլայնել տեսալուսանկարարհանող համակարգերի կարողությունները։ Իրավապահ մարմինների գործունեության միջոցով այդ կարողություններն ուղղել նաև հանցագործությունների նախականխման, հետախուզվող անձանց հայտնաբերմանը, հասարակական կարգի պահպանմանը»։

Սա մասնավոր տարածքներ ու տեսանկարահանող սարքեր  ունեցողների իրավունքների պաշտպանության համար է՝ բացատրում է վարչապետն ու մանրամասնում․ այդ տարածքներում տեսախցիկները արձանագրում են վիճաբանությունները, սակայն դրանք հաճախ շատ արագ ջնջվում են, ու իրավապահ մարմինները փաստի առաջ են կանգնում։

«Մարդիկ ջնջնում են, ու մենք չգիտենք, թե ինչ հարկադրանք է կամ սպառնալիք է գործադրվել։ Մենք ուզում ենք օրենսդրական կարգավորում անել և այդ տեսախցիկների պարունակությունը ինչ որ մի ժամանակ պետք է պարտադիր պահպանվի»։

Տեսախցիկների նյութերն ամբողջությամբ չեն վերահսկվելու, միայն քրեական գործի առկայության  ու օրենքով նախատեսված այլ դեպքերում՝ հստակեցնում է կառավարության ղեկավարը։ Փոխվարչապետը հավելում է՝ կարող են արդյունավետ կառավարել նաև մեքենաների շարժը։ Համակարգը միայն ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներն է արձանագրում, մինչդեռ կարող է ավելի ֆունկցիոնալ լինել՝ ներառելով, օրինակ, նաև վթարների արձանագրումը։

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյան․ «Ըստ էության ԱՊՊԱ-ի, խցանումների պատճառը այս համակարգի զարգացման և ճիշտ աշխատանքի միջոցով կարելի է տանել օնլայն դաշտ»։

Կառավարությունում  քննարկում են այն վթարային  իրավիճակներն առանձնացնելու հարցը, երբ վթարի մասնակիցները հեռանում են դեպքի վայրից։ Էլեկտրոնային կրիչի վրա հայտնված տեղեկատվության հիման վրա իրավասուները կհասկանան՝ ովքեր են մեղավոր։  Սա ծառայություն է, որի համար պետք է վճարեն ապահովագրական ընկերությունները՝ հստակեցնում է վարչապետը։ Ապահովագրական ընկերությունները ռեսուրս, վառելիք ու ժամանակ կխնայեն, բայց՝ պետությանը կվճարեն՝ խախտումն  արձանագրված իրենց ներկայացնելու համար։

Back to top button