ԿարևորՀասարակություն

Հերթը ձգվում է մինչև սեպտեմբեր. գազաբալոններ փորձաքննող կազմակերպությունները գերծանրաբեռնված են

Հայաստանում օգոստոսի 1-ից   տրանսպորտային միջոցների գազաբալոնները չեն լիցքավորվի, եթե դրանք վկայագրված չեն լիցենզավորված կազմակերպության կողմից: Եթե գազալցակայանները խախտեն օրենքը ու լիցքավորեն ավտոմեքենաները, ապա կտուգանվեն:   Այն վարորդները, որոնք դեռ վկայագրում չեն ստացել, պետք է մոտենան լիցենզավորված կայաններ գործընթացը կազմակերպելու համար: Կայանների ցանկը տեղադրված է նախարարության պաշտոնական կայքում: Վկայագիրը կտրամադրվի թղթային տարբերակով: Այս պահին արդեն կայանները ծանրաբեռնված են։  Այսօր 23-րդ կայանն է ստացել լիցենզիա։ Նախարարությունից հավաստիացնում են՝  գազաբալոնների վկայագրում կատարող կազմակերպությունների ցանկը կընդլայնվի:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում գազի բալոն տեղադրող և ճնշափորձարկում իրականացնող 23-րդ ընկերությունը ստացավ իր լիցենզիան։ Եվս 3 նոր հայտ էլ այս պահին քննարկման փուլում է: Փետրվարի 18-ից ուժի մեջ մտած օրենքի համաձայն՝ այսուհետև Հայաստանում գազի բալոն կարող են տեղադրել միայն լիցենզավորված ընկերությունները:

«Գազաբալոնների ճնշափորձարկման կայանի» տնօրեն Էդգար Ղամբարյանը տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանին տարածքն ու սարքավորումները մանրամասն ներկայացնելուց հետո հավաստիացրեց, որ ճնշափորձարկված գազաբալոնների տվյալներն անմիջապես մուտքագրվելու են էլեկտրոնային շտեմարան։ Կայանն արդեն գործում է մի քանի ամիս, միայն թե վկայական կկարողանա տրամադրել միայն նախարարության լիցենզիան ստանալուց հետո․

«Մենք այսօրվանից ենք սկսում աշխատել։ Բայց աշխատանքները սկսել ենք շուրջ 3 ամիս առաջ։ Տեղամասը գազաբալոնների վկայագրման օրենքի համապատասխան է գործում։ Ամենակարևոր բաղադրիչը ճնշափորձարկումն է, ինչպես նաև արտադրման և ժամկետների վերահսկողությունը։ Քանի որ շուկայում առկա են գազաբալոններ, որոնք դեռևս վաճառվում են, բայց այս պահին արդեն ժամկետն անց են»։

Մեքենան գազով վարելը շահավետ է, բայց նաև պայթյունավտանգ։  Հայաստանում, ըստ որոշ չհստակեցված տվյալների, մոտ 300 հազար մեքենա աշխատում է գազով։ Դրանց բալոնները տեղադրվել են խիստ չկանոնակարգված՝ ամեն անկյունում, հաճախ՝ անհատների կողմից։ Ընդամենը մի քանի օրից, սակայն, մեթան և պրոպան գազով կլիցքավորվեն միայն այն մեքենաները, որոնց բալոնները պատշաճ փորձաքննություն կանցնեն։ Իսկ այն գազաբալոնները, որոնք վկայագրում չունեն, օգոստոսի մեկից պարզապես չեն լիցքավորվի, զգուշացնում է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային տրանսպորտի քաղաքականության, լիցենզավորման և թույլտվությունների վարչության պետ Խաչիկ Սողոմոնյանը։ Նաև վկայագրում անցած տրանսպորտային միջոցների վարորդներին հորդորում է սկզբնական շրջանում գազալցակայաններ մոտենալիս վկայագրի թղթային տարբերակները ևս իրենց մոտ ունենալ․

«Ստուգաչափված չլինելու դեպքում վարորդի համար տուգանք նախատեսված չէ: Տուգանվելու է գազալցակայանը, եթե լիցքավորի վկայագրում չունեցող գազաբալոնը: Տուգանքի չափերը հստակ սահմանված են ։ Առաջին անգամ խախտումն արձանագրվելու դեպքում տուգանքը 200 հազար դրամ է»։

Վարորդները դեռ ժամանակ ունեն, միայն թե հերթերը արդեն մինչև սեպտեմբեր են հասնում․

«Բոլորը ցանկանում են վերջին պահին անել, և չի հաջողվում խուսափել այդ հերթերից։  Հնարավորինս ամեն ինչ անում ենք, որպեսզի այդ հերթերից խուսափենք։ Ցավոք, այս պահին  ոչ բոլոր մարզերում ունենք լիցենզավորված կայաններ։ Կհասցնե՞ն արդյոք կայանները, թե՞ չեն հասցնի, կախված է կայանների գործունեությունից։ Այժմ գերծանրաբեռնված են աշխատում այն կայանները, որոնք լիցենզիա են ստացել»։

Այժմ գուցե որոշակի անհարմարություններ ստեղծվեն վարորդների համար, բայց օրենքի այս պահանջը «փրկելու է» շատ վարորդների կյանքը՝ նկատում է նախարար Գնել Սանոսյանը․

«Իհարկե, մեր հույսը միայն աշխատակիցների կամ վարորդների բարեխղճության վրա չէ։ Մի ամբողջ էլեկտրոնային շտեմարան է։  Նույնիսկ երբ իրենք միացնում են և որոշակի ճնշում են տալիս, դա էլ ենք մենք տեսնում։   

«Ռադիոլուրի» հարցին, թե այս պահի դրությամբ քանի գազաբալոն է փորձաճնշարկվել, նախարարը դժվարացավ հստակ տվյալներ նշել, միայն հայտնեց, որ շուրջ 40.000 ավտոմեքենա արդեն վկայագիր է ստացել։ Դրանց բոլորի տվյալներն արդեն գրանցվել են միասնական շտեմարանում։ Այն  հասանելի է լինելու նախարարությանը, բոլոր գազալցակայաններին, պարեկային ծառայությանը, տեսչական մարմնին։ Օրենսդրական այս կարգավորման նպատակը մեկն է՝ վիճակագրական աղյուսակում գազաբալոնների պայթյունների դիմաց 0-ներ տեսնել:

Back to top button