ԿարևորՀասարակություն

Ֆինանսների՞, թե՞ կադրերի պակասն է խոչընդոտում ներդրումներին

Գնալ համարձակ քայլերի՝ տնտեսական իներցիան կանխելու և նոր որակի ներդրումներ ներգրավելու  համար․ Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի՝ ԱՆԻՖ-ի ստեղծման հիմքում հենց այս տրամաբանությունն էր։ Նույն տրամաբանությամբ 2020–ին՝ քովիդի սահմանափակումների ժամանակ, ստեղծվեց «Ձեռնարկատեր+պետություն ներդրումների կառավարիչ» ներդրումային ֆոնդը։ Նպատակը մասնավոր կապիտալի ներհոսքը տնտեսություն և դրա միջոցով տեղական բիզնեսի զարգացումը խթանելն էր։ ԱՆԻՖ–ում կարծում են՝ պետական միջոցների օգտագործման ամենաարդյունավետ ձեւերից մեկը հաջողված եւ շահութաբեր բիզնես ծրագրերում ներդրումներ անելն է։

Ձիավարություն, զիփլայն,  բեռնատար մեքենաներով տուր՝ Ենոքավանի սարքերում․ էքստրեմալ տուրիզմի սիրահարները Տավուշում էքստրիմի պակաս չունեն։ Տուրիզմի ոլորտում մրցակցությանը դիմանալու համար երևակայության ու ֆինանսների կարիք կա։ «Ապագա Փրոջեքթս» ընկերության տնօրեն Տիգրան Չիբուխչյանն ասում է ՝ հիմնական նպատակին ՝Հայաստանի տուրիստական քարտեզի վրա տեղ ունենալուն, արդեն հասել են.

«Հասել ենք այն կետին, որ Ենոքավանը, որ երբևէ տուրիստական կետ չի եղել, հիմա  արդեն գտնվում է ՀՀ տուրիստական քարտեզի վրա։ Արդեն մենք որպես համայնք համեմատվում ենք Ծաղկաձորի, Ջերմուկի,  Դիլիջանի հետ։ Այժմ նաև Գյումրին է զարգանում, փորձում ենք հետ չմնալ նաև Գյումրիից»։

ԱՆԻՖ-ի դուստր «Ձեռնարկատեր+պետություն ներդրումների կառավարիչ» ընկերությունը 1,6 մլն ԱՄՆ դոլարի բաժնեմասային ներդրում է իրականացրել «Ապագա Փրոջեքթս»-ում։ Գումարով հյուրանոցային համալիր է կառուցվում։ Շինարարության ավարտին 51 հյուրանոցային համար կունենան, այս պահին  42–ն արդեն շահագործվում են։ Նպատակը գյուղական համայնքի զարգացումն ու համայնքային կյանքի բարելավումն է։ Որքան էլ տարօրինակ է, բիզնեսի զարգացման համար ոչ թե ֆինանսների, այլ մարդկային ռեսուրսների պակաս ունեն.  

«Այն մարդիկ, որ պետք է քո հետ աշխատեն, անեն այս կամ այն պրոյեկտը, չկան։ Այն քչերն էլ , որ կան, շատ պրոֆեսիոնալ չեն։ Եթե խոսեմ կոնկրետ հյուրընկալության ոլորտի մասին, մենք խոհարարների խնդիր ունենք»։

Տիգրան Չիբուխչյանը կարծում է, որ մայրաքաղաքը պետք է ապակենտրոնացնել,  մասնագետների հարցով էլ պետությունը պետք է զբաղվի։ ԱՆԻՖ-ի «Ձեռնարկատեր+պետություն» ֆոնդի տնօրեն Բելլա Մանուկյանը նկատում է՝ պետական միջոցների օգտագործման ամենաարդյունավետ ձեւերից մեկը հաջողված եւ շահութաբեր բիզնես ծրագրերում ներդրումներ անելն է.

««Ձեռնարկատեր+պետություն ներդրումների կառավարիչ» ընկերության ներդրումային ֆոնդն ի սկզբանե ստեղծվել էր որպես հակաճգնաժամային ֆոնդ։ Որպես թիրախային խումբ ընտրվել էին Քովիդ 19–ի արդյունքում տուժած բիզնեսները։ Ժամանակի ընթացքում  մենք հասկացանք,որ գործիքի նկատմամբ հետաքրքրությունն աճում է, որ մեր ՓՄՁ–ներն ունեն պետության աջակցության կարիքը՝ անկախ ճգնաժամային հանգամանքներից»։

Մասնավոր բաժնեմասային ներդրումներն․ աշխատում են այս ձևաչափով։ Ֆոնդը ներդրումներ է կատարում՝ ընկերությունում բաժնետոմսեր ձեռք բերելով։  Բելլա Մանուկյանը նկատում է՝ սա ժամանակավոր գործիք է.

«Ֆոնդն ի սկզբանե ստեղծվել է 10 տարի ժամկետով, որի ընթացքում առաջին տարիներին իրականացվում են ներդրումներ։ Սա խթան է, որպեսզի բիզնեսի նոր ծրագրերն իրականություն դառնան։ Հետագայում բաժնետոմսերը վաճառվում են ընկերությանը, և գնորդը ծրագրի հետ որևէ առնչություն չի ունենում»։

 «Ձեռնարկատեր+պետություն ներդրումների կառավարիչ» ընկերության ներդրումային ֆոնդը որպես թիրախային ընտրել էր գյուղատնտեսության, արդյունաբերության, առողջապահության, զբոսաշրջության, բարձր տեխնոլոգիաների և պաշտպանության ոլորտները։ Ֆոնդի մասնակցությունը 25 – 49%  է, մասնակցության չափը մեկ ծրագրում՝ 500 հազար դոլարից  մինչև 4 մլն դոլարին համարժեք դրամ:

Ֆոնդի համար նախատեսված 5 մլրդ դրամը գրեթե ամբողջությամբ ներդրված է տարբեր ոլորտներում իրականացվող 5 ծրագրերում։ 

Back to top button