Զինհաշմանդամը բողոքում է, պատասխանատուները՝ խուսափում ուղիղ զրույցից
Պահեստազորի սպա, լեյտենանտ, 44-օրյա պատերազմին մասնակցած և մեկ ոտքից զրկված Արամ Քալանթարյանն ահազանգում է՝ համանդամության 2-րդ խումբը փոխարինվել է 3-րդ խմբով։ Նախորդ տարի զինհաշմանդամին 2-րդ խմբի հաշմանդամություն ունենալու հիմնավորմամբ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամից հատուցում էր նշանակվել։ 20 տարում 53 մլն դրամ պիտի ստանար, ամսական՝ 200 000 դրամ։ Միանվագ 5 միլիոն դրամ արդեն ստացել էր։ Սակայն կարգի փոփոխության հետևանքով դադարեցվել է Քալանթայանին տրամադրվող հատուցումը։ Իր բաց նամակում լեյտենանտը գրում է․
«Վերափորձաքննության ժամանակ ինձ ներկայացվել է ինչ-որ ցուցակ, ենթադրաբար Սոցապ նախարարության կողմից տրամադրված, որի մեջ նշված էր, որ մեկ ոտքի բացակայության դեպքում 2-րդի փոխարեն 3-րդ խումբ է սահմանվում` եթե այլ, ուղեկցող հիվանդություններ չկան»։
Ինչպե՞ս է մի վերջույթը կորցրած մարդու կարգավիճակը հավասարեցվում խրոնիկական ճնշում ունեցող անձի կարգավիճակին՝ չի հասկանում Քալանթարյանը ճիշտ այնպես, ինչպես չի հասկացել իրեն ասված «դե վերքը լավացել է, դուք միանգամային աշխատունակ եք» արտահայտությունը։
«Կարծես խոսքը սովորական վերքի մասին էր, և ոչ թե բացակայող վերջույթի, որը վերականգնման ենթակա չէ, և ցմահ սահմանափակում է ենթադրում»,- նշում է Արամ Քալանթարյանը։
Քալանթարյանն իր բաց նամակում հորդորում էր Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանն ու Պաշտպանության նախարարությանը վերանայել զինհաշմանդամներին տրամադրվող հաշմանդամության կարգի սահմանված չափորոշիչները, մինչև այժմ փոփոխված հաշմանդամության կարգ ունեցող անձանց կարգավիճակը, հիմնադրամի հատուցումները։
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը նպատակահարմար է գտել բաց նամակին և մեր հարցերին պատասխանել բացառապես գրավոր տարբերակով։ Դեպքի վերաբերյալ պարզաբանող հայտարարության մեջ ասում է, որ Հիմնադրամը հաշմանդամության սահմանման գործընթացում որևէ ներգրավվածություն չունի։
«Հիմնադրամը հատուցում է տրամադրում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի որոշման արդյունքում շահառուի հաշմանդամության խմբի տրամադրման կամ վերանայման վերաբերյալ տեղեկանքի հիման վրա։ Զինհաշմանդամության խմբի վերանայման դեպքում, օրինակ՝ 2-րդ խմբից 3-րդ խմբի վերանայում, շահառուն դադարում է հատուցում ստանալ օրենքի համաձայն»։
Մեր՝ ինչի՞ հիման վրա է Քալանթարյանի հաշմանդամության կարգը փոփոխվել հարցին նախարարությունն , ըստ էության, չպատասխանեց «անձի առողջական վիճակի մասին տեղեկատվությունը բժշկական գաղտնիք է» հիմնավորմամբ։
Մյուս հարցերը ևս անպատասխան մնացին, քանի որ նախարարությունը նույնպես նախընտրեց գրավոր պարզաբանում տալ ։ Տարածած հայտարարությամբ հայտնեցին՝ պատերազմից հետո հաշմանդամության խումբ է սահմանվել 1498, այժմ՝ վերափորձաքննությունների հետո՝ 255-ով պակաս՝ 1243 անձի համար։ Նրանցից 1-ին խումբ՝ 112, 2-րդ խումբ՝ 244, և 3-րդ խումբ՝ 887 անձ։
«Ինչ վերաբերում է պատերազմի հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած անձանց՝ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի կողմից նշանակվող հատուցմանը, տեղեկացնում ենք, որ կարևորելով հարցի զգայունությունը՝ այս ուղղությամբ նախատեսվում են քննարկումներ, որոնց արդյունքների մասին կտեղեկացնենք լրացուցիչ»։
Նախարարությունը հղում է անում ՀՀ կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի որոշմանը, որով անձին հաշմանդամություն է սահմանվում։
Ամբողջական պարզաբանումը կարող եք կարդալ այստեղ։
Արամ Քալանթարյանը իր բաց նամակում հայտնել էր՝ հաշմանդամության կարգը որոշելիս բացարձակապես հաշվի չի առնվում այն փաստը, որ հաշմանդամությունը ձեռք է բերվել մարտի դաշտում և արտադրական կամ կենցաղային տրավմա չէ։ Բոլոր նմանատիպ վիրավորում ունեցող անձինք նաև կրել են կոնտուզիա և ունեն հետտրավմատիկ սթրես, որոնք երկարաժամկետ, անդառնալի հետևանքներ են թողնում, օրինակ` անքնության և նյարդային խնդիրներ։
Հիշեցնենք, որ դեռ 2021 թվականի մայիսին Ազգային ժողովն ընդունել էր նախագիծ, որով հաշմանդամության գնահատվելու էր ոչ թե կարգերով, այլ անձի ֆունկցիոնալության սահմանափակման աստիճաններով։ Այս մոդելը հնարավորություն էր տալու լիարժեք գնահատել ոչ միայն անձի առողջական խնդիրը, այլև բազմակողմանի վերլուծության ենթարկել շրջակա միջավայրի հետ նրա փոխգործակցության շրջանակներում նրա գործունեության սահմանափակումները և մասնակցության դժվարությունները։
Կարդացեք նաև․