ԿարևորՀասարակություն

էկոնոմիկայի նախարարությունը կզբաղվի դիզայնի և նորաձևության զարգացմամբ․ մեկնարկել է «Կատապուլտ» ծրագիրը

Հայկական բարեգործական ընդհանուր միությունը  Եվրամիության  ֆինանսավորմամբ իրականացնելու է ստեղծարար աքսելերացիոն ծրագիրը՝ Creative Armenia հիմնադրամի համագործակցությամբ։ Ծրագրի նպատակը Հայաստանում մշակութային և ստեղծարար արդյունաբերության էկոհամակարգի ձևավորման խթանումն է, մասնագետների կարողությունների հզորացումը և զարգացող ստեղծարար տնտեսության աջակցումը։ Հուշագիրը ստորագրվել է երեք նախարարությունների, ԵՄ-ի և ՀԲԸՄ-ի միջև։ ԵՄ-ն ծրագրի իրականացման համար տրամադրել է 3 մլն եվրո։

Հայտադիմումը դեռ չկա, սակայն հուշագիրը սեղանին է։ Ստորագրում են էկոնոմիկայի, ԲՏԱ և ԿԳՄՍ նախարարությունները, ԵՄ-ն և ՀԲԸՄ-ը։ «Կատապուլտ» ստեղծարար աքսելերացիոն ծրագիրը առաջիկա երեք տարվա ընթացքում է իրականացվելու։ Մշակութային կառույցները ներկայացնելու են իրենց ստեղծարար գաղափարները, որոնք փորձելու են միավորել  մշակույթը, բարձր տեխնոլոգիաները և առևտրային հաջողության ներուժը։ Մշակութային կառույցների համար նախատեսվելու են 50 հազար եվրո արժողությամբ դրամաշնորհներ։ Ինչպիսի տեսք է ունենալու ծրագիրը փուլային առումով, մանրամասնում է ծրագրի ղեկավար Աննա Գարգարյան․

«Մշակութային կառույցների համար տարբեր դրամաշնորհներ ենք նախատեսել, որ կարողանան նոր տեխնիկա  վերցնել , որ իրենց աշխատանքը ավելի որակով լինի ու ավելի մեծ հնարավորություն ունենա։ Մենք տեսնում ենք այդ գործիքների պակասը։ Փորձում ենք տարբեր կամուրջներ ստեղծել, որ այս խնդիրները լուծենք»։

ՀԲԸՄ Հայաստանի գրասենյակի նախագահ Վազգեն Յակուբյանի խոսքով՝ իրենց մշակած ծրագիրը համապատասխանում է կառավարության և պետության առաջնահերթություններին։  Այն թիրախավորելու է մշակութային և ստեղծարար արդյունաբերությունը։

«Ծրագրի միջոցով պետք է խթանենք մշակութային և ստեղծարար արտադրության ոլորտը՝ տարբեր ուղղություններով։ Մասնագետների կարողությունների հզորացման բաղադրիչն ապահովվելու է կրթության միջոցով։ Երբ էկոհամակարգը կստեղծենք և կխթանենք, վստահ ենք, որ սա նպաստելու է Հայաստանի տնտեսական այս ոլորտի զարգացմանը, որը, ըստ  մեր ուսումնասիրությունների, Եվրոպայում ընդհանուր ՀՆԱ-ի մեջ բավականին մեծ տոկոս է կազմում և ամենաշատ աշխատատեղեր ունեցող ոլորտներից է»։

ԵՄ-ն ծրագրի իրականացման համար 3 մլն եվրո ներդրում է արել։ Ծրագրի ընդհանուր բյուջեն ՀԲԸՄ-ի ներգրավվածությամբ 3,8 մլն եվրո է։ Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրանկ Հեսսը ԵՄ-ի ծրագրում ներդրում անելու որոշումը բացատրում է վիճակագրական տվյալներով՝ դարձյալ շեշտելով պահանջարկի առկայությունը։

«ԵՄ տարածքում կա մի քանի կարևոր կետ, որը վերաբերում է մշակութային և ստեղծարար արդյունաբերությանը։ Խոսքը տարեկան 509 մլրդ եվրոյի մասին է, որը կազմում է ԵՄ ՀՆԱ-ի 5, 3 տոկոսը։ Աշխատաշուկայում 12 մլն աշխատատեղ կա, որը ԵՄ աշխատաշուկայի  7,5 տոկոսն է։ Ամբողջ ԵՄ-ում սա երրորդ ամենամեծ ոլորտն է, կարծում եմ՝ ծրագրի կարևորությունն ակնհայտ է»։

Ո՞ր ասպեկտներով է ծրագիրն առնչվում հուշագիրը ստորագրող նախարարություններին։ Նախ ԿԳՄՍ նախարարի տեղակալն է պարզաբանում։ Նախարարությունը կառավարության ծրագրում մշակութային բնագավառի խնդիրների ախտորոշում է տվել։ Սա ևս մեկ լծակ է այդ խնդիրները կարգավորելու համար։ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյան․

«Ծրագիրը մի քանի առումով է ուշագրավ․ առաջինը կապ է ստեղծում մշակույթի ոլորտի և տնտեսական առաջընթացի միջև։ Երկրորդը մեծ բյուջեն է, որը կարող է երեք տարվա կտրվածքով շոշափելի ազդեցություն ունենալ։ Երրորդը՝ կարող է ամբողջ մշակութային էկոհամակարգի զարգացման վրա ազդեցութոյւն ունենալ, որովհետև շեշտադրում է կարևոր ասպեկտներ ինչպիսիք են կարողություների զարգացումը, նորարարության խթանումը և միջազգային երկխոսությունը»։

Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանի խոսքով՝ նախարարությունը ծրագրում ներառվել է նախ այն պատճառով, որ կառավարության ծրագրով ստեղծարար արդյունաբերության զարգացումը սահմանել է որպես տնտեսական ճյուղ։ Ըստ այդմ՝ նախարարությունում կառուցվածքային փոփոխություններ են կատարվել։ Ստեղծվել է համապատասխան ստորաբաժանում և թիմ, որը զբաղվելու է զարգացման  ընթացքով։ Թեթև արդյունաբերության տարբեր ոլորտների խնդիրների վերհանման ռազմավարության մշակման ընթացքում հանգել են եզրակացության, որ էկոնոմիկայի նախարարությունը պետք է զբաղվի դիզայնի և նորաձևության զարգացմամբ։ Պատճառահետևանքային կապը բացատրում է Ռաֆայել Գևորգյանը․

«Ու ինչ ենք նկատել, կապը որտեղ է այս ամենի հետ։ Նկատել ենք, որ հիմնական խնդիրը, որ այտեղ տեսնում են դա ցածր ավելացրած արժեքն է և աշխատանքի ցածր արտադրողականությունը։ Այդ խնդիրներն ամրագրված են մեր ռազմավարությունում։ Դրա բարձրացման հիմնական ճանապարհը ստեղծարար ոլորտները խթանելն է։ Այսինքն, եթե ուզում ենք բարձր ավելացրած արժեքով տեքստիլ ոլորտ ունենալ կամ հագուստի արտադրություն, դա նշանակում է , որ պետք է զարգացնել դիզայնը։ Բազմաթիվ ստեղծարար ոլորտներ կնպաստեն արդյունաբերական ոլորտի վերելքին»։

«Կատապուլտ» ծրագրի շրջանակներում կիրականացվի նաև «Artbox» ինկուբացիոն և ակսելերացիոն ծրագիրը։ Ստեղծարար անհատները կներկայացնեն իրենց նորարարական  գաղափարները, որից հետո 8-12 շաբաթվա ընթացքում համապատասխան գիտելիքներ կստանան, թե  ինչպես կազմել բիզնես պլանը, ինչպես ուսումնասիրել շուկան և ինչպես գնահատել արտադրանքը։ Միջազգային մենթորը մասնակցի հետ անհատապես կաշխատի, ստեղծարար մարդուն կփորձի սովորեցնել երկու վագր հեծնել՝ ստեղծարարությամբ վաստակել, այնուհետև զարգացնել և ընդլայնել սեփական բիզնեսը։ Ավարտական փուլում ամենահզոր նախագծերը ֆինանսավորում կստատան։ Ծրագրի հեղինակները վստահեցնում են՝ Հայաստանում գաղափարներ ներկրելու  կարիք չկա։

Back to top button