ԿարևորՀասարակությունՏեսանյութեր

Սկոտչապատ «Կամիկաձեն», բժիշկ-ինժեներն ու ձյունը. 3 ընկեր 3×4 սենյակում ԱԹՍ-ի ուղեղ են ստեղծում

Թիրախն ինքնուրույն խոցող կամ այն մշտապես տեսադաշտում պահող համակարգը ստեղծվում է Երևանի շենքերից մեկի նկուղում՝ աշխատանքային ժամերից հետո, երեք ընկերների ձեռքով։ «Տեսա»-ն տեսնում է բոլոր թիրախները, խոցում դրանք անվրեպ։ Հայկական ռազմարդյունաբերության ոլորտում հավակնոտ ծրագրեր ունեցող ընկերությունը սկսել է գործել 2020-ի նոյեմբերի 5-ին՝ պատերազմի ավարտից 4 օր առաջ։ Հիմա սարքն արտադրական մակարդակ բերելու փուլում են։

3 մետր լայնություն, 4 մետր երկարություն. նկուղային այն սենյակի պարամետրերն են, որտեղ երեք ընկեր անօդաչու թռչող սարքի «ուղեղ» են ստեղծում։ Նորայր Ասլանյանը, Սարգիս Հայրապետյանն ու Հարություն Բեյբությանը վերադառնում են իրենց աշխատավայրերից, ապրում իրենց առօրյա կյանքը, իսկ կեսգիշերին հավաքվում նեղ սենյակում՝ լայն թռիչքներ ապահովող սարք ստեղծելու։

«Աշխատում ենք հիմնականում ամեն օր՝ 12-ից 3-ը, 4-ը, մինչև հոգնենք․ մի քանի օր դադար ենք տալիս, որ ռեժիմին կարողանանք դիմանալ։ Շաբաթ-կիրակի օրերը հիմնականում դաշտերում ենք անցկացնում, գնում ենք փորձարկման։ Փորձարկումները կատարում ենք տարբեր եղանակային պայմաններին՝ անձրև, քամի, ձյուն, շոգ․ դա շատ կարևոր է՝ հասկանալու մեր ստեղծածի սահմանները․ որ դեպքում կաշխատի, որում չի աշխատի, որոնք են սահամանափակումները և այլն»,- պատմում է Նորայրը։

 «TESA systems»-ի արտադրած «ուղեղը» տեսնում է բոլոր թիրախները

«Մենք մեր առաջ դրել էինք երկու խնդիր․ ստեղծել համակարգ, որն օպտիկական կանալով, այսինքն՝ կամերայից (ընդ որում՝ թե՛ գիշերային տեսանելիության, թե՛ սովորական՝ օպտիկական), կստանա պատկերը, այդ պատկերը կմշակի, պատկերի մեջ օպերատորը հնարավորություն կունենա նշել թիրախը, որից հետո, երբ օպերատորը հարձակման կամ հարվածելու հրաման կարձակի, բազայի հետ կապը կխզվի, ու ԱԹՍ-ն կդառնա լրիվ ինքնակառավարվող»,- պատմում է ընկերության էլեկտրոնային կոմպոնենտների նախագծման, մշակման և ինտեգրման պատասխանատու Նորայր Ասլանյանը։

Սրա շնորհիվ սարքը կարող է աշխատել նաև կապի կորստի պայմաններում։ Սակայն եթե վերջին պահին օպերատորը որոշի, որ տարածքում յուրայիններ կան, կամ այլ պատճառով անհրաժեշտ չէ խոցել օբյեկտը, կկարողանա հետկանչի հրահանգ տալ։ «Ուղեղը» ճանաչում է նաև թիրախն անընդհատ տեսադաշտում պահելու հրահանգը․

«Անկախ նրանից՝ թիրա՞խն է շարժվում, թե՞ մեր անօդաչուն, մենք այս երեք առանցքանի կամերան անընդհատ այնպես ենք ղեկավարում, որ մեզ հետաքրքրող թիրախը մնա կադրի կենտրոնում՝ օպերատորին հնարավորություն տալով ավելի մանրամասն, ուշադիր ուսումնասիրել, հասկանալ՝ արդյո՞ք հնարավոր է կամ արդյո՞ք արժի խոցել այն, ի՞նչ է իրենից ներկայացնում թիրախը և այլն»։

Նորայր Ասլանյան

Պատերազմը՝ պատճառ ու ուսուցիչ

2020 թվականի նոյեմբերի սկզբին Սարգիսը վերադարձել էր պատերազմից․ ԱԹՍ-ների օպերատորը եկել էր բոլոր խնդիրներին ծանոթ։ Նոյեմբերի 5-ին` պատերազմի ավարտից 4 օր առաջ, ընկերները սկսեցին աշխատել դրանք լուծող սարք ստեղծելու ուղղությամբ։ Պատերազմի տված նաև տեխնիկական դասերը խիստ կարևոր էին ընկերների գաղափարների զարգացման համար։

«Անփոխարինելի է Սարգիսի՝ պատերազմին մասնակցելու փորձը։ Մենք կարող ենք ունենալ տեսական գիտելիքներ, լիքը գրականություն կարդալ, կարող ենք խոսել խելացի մարդկանց հետ, իրենց փորձը հասկանալ, կիրառել, բայց մարդ, որը ռեալ աշխատել է արկերի պայթյունների տակ ու կատարել է այն, ինչ մենք նախատեսում ենք ստեղծել, որ կատարեն այլ մարդիկ, դրանք լրիվ տարբեր աշխարհներ են։ Ցանկացած խնդիր, որ մենք փորձում էինք սխալ ուղղությամբ լուծել, Սարգիսն ասում էր՝ հոպ, տղերք, սենց չի լինի․․․»։

Ռազմական գործում ուսուցիչ են բոլոր ժամանակների ու բոլոր երկրների պատերազմները։ Ընկերների ուշադրությունն այժմ նաև ռուս-ուկրաինական զարգացումներին է՝ զուտ հետազոտական-ուսումնառական նպատակներով։ Ասում են՝ կիրառվող տեխնիկայի մասին բաց հարթակներում տեղադրված ինֆորմացիան լրացուցիչ զարգացման հիմք է։

«Փաստորեն՝ ապրում ենք այնպիսի ժամանակներում, երբ Youtube-ում կարող ենք գտնել ցանկացած, նույնիսկ հույժ գաղտնի ինֆորմացիա»,- ասում են ընկերները։

Սարգիս Հայրապետյանը

Սկոտչափատ «Կամիկաձեն», բժիշկ-ինժեներն ու ձյունը

3 մետր լայնությամբ ու 4 մետր երկարությամբ սենյակի պատին 1.5 կգ կշռող թղթե ինքնաթիռ է կախված։ Տղաներն ասում են՝ իրենց մարտական ընկերն է, «Կամիկաձե»-ն։ Էժան «փոխադրամիջոցի» նպատակը թանկ գաղափարը՝ ԱԹՍ ուղեղի աշխատունակությունը ստուգելն է։ Ստեղծած ուղեղը դրել են ինքնաշեն ինքնաթիռի մեջ ու գնացել դաշտեր։ Փորձարկումները մեծամասամբ ձմռանն են արվել։ Դավիթը պատմում է՝ դաշտում ձյունը շատ էր, ինքնաթիռի վայրէջքը ձախողված փորձերի դեպքում փափուկ էր լինում։ Արդեն չեն հիշում՝ քանի անգամ է թերթերով պատված, պարզ սկոտչով ամրացված ինքնաթիռը ընկել, վնասվել, կոտրվել։

«Եթե հնարավոր էր՝ Սարգիսը տեղում վերանորոգում էր, հիմնականում՝ սկոտչով (ժպտում է), ու կատարում էինք երկրորդ, երրորդ թռիչքը։ Եթե վնասվածքները մի փոքր ավելի լուրջ էին, գիշերը Սարգիսն ուղղակի չէր քնում․ հաջորդ օրը մենք էլի պիտի թռիչքի գնայինք։ Վախենում էինք՝ ձյունը չհալվի, օգտագործում էինք այդ հնարավորությունը»։

Սարքի հնարավորությունների առավելագույն սահմանը չեն ճանաչում։ Փորձարկումների ժամանակ սարքը, 120կմ/ժամ արագությամբ թռչելով, մի քանի մետր բարձրությունից հարվածել է թիրախին։ Սակայն կարծում են՝ ավելի արագ ու ավելի ճշգրիտ լինելու հնարավորություն կա։ Ընկերության ինժեներ Սարգիս Հայրապետյանն ասում է՝ կատարելագործման փուլն ընթացքի մեջ է։

Ինժեներ Սարգիսն, ի դեպ, բժիշկ է։ Կյանքի ինչ-որ փուլում հոբբին դարձել է մասնագիտություն։ Ինչպես բոլոր դեպքերում՝ ամեն ինչի հիմքը պետք է փնտրել մանկության մեջ։

«Այն, ինչով հիմա զբաղվում ենք մենք, շատ սերտ կապված է մեր մանկության զբաղմունքի հետ։ Երեխա ժամանակ զբաղվել ենք ավիամոդիլային սպորտով։ Հետո դա, իհարկե, մոռացության է մատնվել, բայց եկավ ժամանակ, երբ հասկացանք՝ այդ ամենը պետք է վերհիշել։ Անօդաչուները համատարած զարգացել են, այդ ոլորտն ամբողջ աշխարհն է գրավել, բայց դրա հիմքը հենց ավիամոդելիզմն է։ Ուղղակի ավիամոդելների մեջ մի քիչ խելացի համակարգեր դրեցին ու ստացան անօդաչուներ»,-պատմում է Սարգիսը։

Թիրախը տեսադաշտում պահող, խոցող սարք ստեղծելը հեշտ չէ, բայց Սարգիսը վստահ է՝ եթե խնդիրը հստակ է, լուծում հաստատ կգտնվի։ Հետո պետք է կատարել ուսումնասիրություններ, վերլուծել աշխարհի փորձը, ֆիլտրել անհրաժեշտ ինֆորմացիան ու գործել։ Մեկ բառով՝ ինքնակրթվել։

Հարություն Բեյբությանը

Տեսնել թիրախի վայրը «Տեսա»-ի աչքով․ վաղվա պլաններ

«Ինչպես ասում են՝ պատերազմներում հաղթում են պետությունները, իսկ պետության կարևոր կտորը գիտելիքն է։ Այստեղ փորձում ենք այդ գիտելիքը հավաքել, շատացնել, մեծացնել ու նաև տարածել»․«TESA systems»-ում ծրագրային ապահովման պատասխանատու Հայկ Բեյբությանն է։ Ասում է՝ մեծ, հավակնոտ պլաններ ունեն։

«Ցանկացած բան, որ սկսում ես ստեղծել, խնդրի լուծելիությունը քեզ համար հասկանում ես, հետո պետք է բերել արդեն արտադրական մակարդակի, այսինքն՝ մի համակարգի, որը ժամացույցի պես կաշխատի։ Հիմա մենք այդ նախատիպային խնդիրը լուծել ենք ու պիտի արտադրական մասին հասնենք»։

Թիմը հստակ գիտի իր հաջորդ քայլը․ մինչև տարեվերջ կունենան թիրախի կոորդինատներն իմանալու հնարավորություն։ Ասում են՝ այս դեպքում խնդիրը կարող է լինել ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքացիական, օրինակ՝ անտառային հրդեհում կամ արտակարգ իրավիճակում հայտնված, կորած մարդկանց տեղանքը որոշելու հնարավորություն։

Առանց փակագծերը շատ բացելու նշում են նաև՝ սեպտեմբերին հանրապետությունում ծավալուն զորավարժության են մասնակցելու՝ ավելի պատրաստված ու ավելի շատ տեխնիկա փորձարկելով։

Back to top button