Շուշիի փրկված գորգերը մշտական բնակության տեղ առայժմ չունեն
Արցախից փրկված գորգերը հիմնական ապաստան այդպես էլ չունեն․Շուշիի թանգարանի նմուշների հարցը մեկ ու կես տարի չի լուծվում։ ԿԳՄՍ–ն առաջարկներ արել է, սակայն թանգարանի տնօրենը դրանք հարցի հիմնավոր լուծում չի համարում։ Առաջարկվող թանգարաններն իրենք սեփական նմուշները ցուցադրելու խնդիր ունեն ՝ «Ռադիոլուր»–ի հետ զրույցում ասել է Շուշիի գորգերի թանգարանի տնօրեն Վարդան Ասծատրյանը։ Նրա և նախարարության պատասխանատուների հետ Աիդա Ավետիսյանն է զրուցել։
Շուշիի փրկված գորգերը մշտական բնակության տեղ առայժմ չունեն։ Նախորդ տարվա փետրվարին գորգերը ժամանակավոր ցուցադրություն դրվեցին Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում: Գորգերի թանգարանի հիմնադիրն ասում է՝ հույս ունեին, որ մի մշտական անկյուն կգտնվի Շուշիի գորգերի համար, բայց մինչև այսօր հարցը չի լուծվել։ Գորգերը դեռևս ժամանակավոր պահվում են նույն թանգարան–ինստիտուտում։ ԿԳՄՍ–ն առաջարկել է, որ գորգերը Հայաստանի պատմության թանգարանի վերանորոգումից հետո տեղափոխվեն այնտեղ, սակայն Շուշիի գորգերի թանգարանի տնօրենը դա հարցի լուծում չի համարում։ Պատմության թանգարանն ունի գորգերի մեծ ֆոնդ, որի միայն փոքր հատվածն է ցուցադրվում։ Իսկ Շուշիի գորգերը չեն կարող այդ գորգերի հաշվին ցուցադրվել՝ «Ռադիոլուրի» հետ զրույցում ասում է Վարդան Ասծատրյանը․
«ԿԳՄՍ–ն ասում է՝ տարեք այնտեղ, տեղի տնօրենն ասում է՝ մենք 6 ամսով կարող ենք պահել ու ցուցադրել։ Դա հարցի անառողջ լուծում է։ Օդում խոսակցություններ են, և լուծում չկա։ Սկզբունքային մոտեցում չկա, որ հարցը լուծվի։ Անընդհատ ձգձգվում է։ 1.5 տարի է արդեն Երևանում ենք, ու վիճակն այսպիսին է»։
Նույն փաստարկները վերաբերում են նաև ԿԳՄՍ–ի մյուս առաջարկին՝ գորգերը Սարդարապատի թանգարան տեղափոխելուն։ Այստեղ էլ 1000–ից ավելի գորգերի միայն մի մասն է ցուցադրվում․
«Ես գտնում եմ, որ անիմաստ է դրա մասին խոսել՝ Հայաստանի պատմության թանգարան, Սարդարապատի թանգարան։ Նորից եմ ասում՝ ես չեմ ուզում, որ մեր գորգերն այլ գորգերի հաշվին ցուցադրվեն։ Այս հարցին պետք է այլ լուծում տալ»։
ԿԳՄՍ–ի մամուլի քարտուղար Գեղամ Մելիքբեկյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում խոսեց նույն առաջարկների մասին, որոնք արվել են Շուշիի գորգերի թանգարանի տնօրենին։ Հայաստանի պատմության թանգարանը հուլիսի մեկից վերանորոգման մեջ է, դրա ավարտից հետո գորգերը կարող են տեղափոխվել այնտեղ․
«2022 թվականի հուլիսի մեկից հետո նախարարությունը գորգերի հավաքածուի սեփականատեր, քաղաքացի Վարդան Ասծատրյանին առաջարկել է հավաքածուն ժամանակավորապես տեղափոխել Հայաստանի պատմության թանգարան–ՊՈԱԿ, որտեղ հնարավորություն կընձեռնվի ցուցադրելու նմուշները»։
Շուշիի փրկված գորգերի թանգարանի հիմնադիրն ակնկալում է, որ բացառիկ170 նմուշները ներկայացվելու առանձին տարածք ունենան, պատերազմից փրկված հավաքածուն մշտական ցուցադրության հնարավորություն ունենա։ Օրեր առաջ խնդիրը քննարկվել է Հանրային խորհրդում։ Տնօրենի հիմա էլ սպասում է այդ քննարկման արդյունքներին։
Արցախ վերադառնալու ցանկություն ունեն, եթե թանգարանին տրվի պետական կարգավիճակ, հակառակ դեպքում ռիսկային է բացառիկ նմուշները նորից թշնամու քթի տակ տանելը՝ ասում է զրուցակիցս․
«Քանի որ Արցախի կարգավիճակն անորոշ է, իսկ ես Ադրբեջանի համար արդեն հանցագործ եմ, և իմ անունն արդեն մի քանի անգամ հոլովվել է։ Մասնավորի կարգավիճակում Արցախ տանելը ես ռիսկային եմ համարում։ Բայց եթե պետության հետ պայմանագիր կնքվի ու նշվեն պետական պարտավորությունները, ես կհամաձայնեմ»։
Արցախի ԿԳՄՍ–ն այս առաջարկին հստակ պատասխան չի տվել։ Կառույցից տնօրենին առաջարկել են տեղափոխել հավաքածուն և հասկանալ հետագա ընթացքը։ Իսկ թանգարանի նմուշներն իսկապես բացառիկ են։ Հավաքածուի ամենահին գորգը 17-րդ դարի գործ է: Նմուշները բացառիկ են նաև նրանով, բոլորի ծագումնաբանությունը հայտնի է։