ԿարևորՔաղաքական

25 տարի առաջ այս օրերին Ադրբեջանում սկսվեց հայերի դեռ բռնությունների 2- րդ փուլը

Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»

25 տարի առաջ այս օրերին Ադրբեջանում սկսվեց հայերի բռնագաղթի նոր ալիքը, Բաքուն  ձեռնամուխ եղավ իրականացնել ոչ միայն  ԼՂ-ի, այլ նաև  Ադրբեջանի  հայաբնակ   շրջանների հայաթափման ծրագիրը, որը   պետական մակարդկով 4 փուլով մշակված քաղաքականություն էր։ Իսկ բռնությունները մեկնարկել էին դեռ 1988 թվականի փետրվարի 26-ին Սումգայիթի ջարդերով:

Ադրբեջանական իշխող շրջանակների և տեղի բնակչության զայրույթն առաջացրեց այն իրողությունը, որ նույն թվականի փետրվարի 20-ին Լեռնային Ղարաբաղի մարզխորհուրդն   առաջարկեց  Արցախը հանել Ադրբեջանական ԽՍՀ կազմից և միացնել Հայկական ԽՍՀ-ին: Հայերի այս պահանջը հանդիպեց ադրբեջանցիների բիրտ քաղաքականությանը, որն ուղեկցվեց Սումգայիթյան կոտորածներով։ Ջարդերի ընթացում հարյուրավոր մարդիկ ենթարկվեցին ցեղասպանության, ասում է ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը։

Մոսկվան ոչ միայն չդատապարտեց բուն ոճրագործներին, այլ չտվեց քաղաքական գնահատական, որի արդյունքում իրավիճակն էլ ավելի բարդացավ: Միայն  մեկ հոգի դատապարտվեց մահապատժի, իսկ բռնությունների իրական գործադրողներն ու կազմակերպիչները  ազատվեցին պատասխանատվությունից, ինչն էլ հետագայում  բռնի  տեղահանությունների գործընթացների ազդակ հանդիսացավ։

1988 թվականի սեպտեմբերին Ադրեբեջանի ներքին գործերի նախարար  Ասադովի` հայերին  ԼՂ-ից բռնի ուժով վտարելու և Ղարաբաղը սպանդանոց դարձնելու վերաբերյալ հայտարարությունների ազդեցության տակ ադրբեջանցիները շարժվում են Խոջալու, որտեղ բախումներ են սկսվում տեղի բնակիչների և խորհրդային  զինվորների հետ։ Այս դեպքերին հաջորդեցին նոյեմբերի իրադարձությունները։ Նոյեմբերի 21-ին Կիրովաբադում, Բաքվում, Խանլարի,  Դաշքեսանի  շրջաններից սկսվեց  հայերի առաջին զանգվածային բռնագաղթը։ Նոյեմբերի 21-22-ին սկսվեցին Կիրովաբադի հայկական թաղամասի վրա հարձակումները։ «Կիրովաբադում հատկապես 1905-1906 թվականների ժամանակահատվածում և 1918 -20 թվականներին բնակչությունը ենթարկվել էր բռնությունների և    մեծ մասը տանջամահ էր  արվել ու հայաթափվել էր այդ շրջաններից: Այս ամենը հայերն աչքի առաջ ունենալով սա, հետագայում արդեն հրաժարվեցին Կիրովաբադում՝ Գանձակում ադրբեջանցիների հետ խառը ապրելու նախկին ավանդույթից  և  հայկական  թաղամասը  առանձնացվեց: Հայկական թաղամասում ապրում էին մոտ 45 հազար հայեր, իսկ ադբեջանական թաղամասի բնակիչների քանակը հասնում էր մոտ 238 հազարի»,- ասում է Մինասյանը։

Հայերը իմանալով ադրբեջանցիների մտադրության մասին՝ Կիրովաբադում ստեղծել էին Գանձակի ինքնապաշտպանական կոմիտե, որին հաջողվեց դիմել ինքնապաշտպանության: Կոմիտեին հաջողվել էր ադրբեջանական հատվածում  ապրող 3000 հայերին տեղափոխել հայկական թաղամասո՝ ապահովելով նրանց սննդով։

Կիրովաբադից հայության ընդհանուր բռնագաղթվածների քանակը, Մինասյանի տեղեկություններով,  հասնում էր 300 հազարի։ Եթե Հայաստանից  160 հազար ադրբեջանցիներ տեղահանվեցին իրենց կամքով, ապա Ադրբեջանում դա արվում էր բռնի ուժով, ընդգծեց պատմաբանը և նշեց, որ Թաթուլ Հակոբյանի «Ղարաբաղյան օրագրում» կան վիճակագրական  տվյալներ, որ Հայաստանում ապրում են 8000 ադրբեջանցիներ, որոնք փոխել են ազգանունները: Մինասյանը  թեև  չի հավատում այդքան մեծ թվին, սակայն վստահ է, որ ադրբեջանաբնակ շրջաններում էլ կան հայեր, սակայն դժվարացավ ասել, թե որքան է նրանց թիվը։

Back to top button