Հասարակություն

«Լույս» հիմնադրամի նոր ծրագրերը

Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»

Ամեն աշուն «Լույս» հիմնադրամը թարմացնում է իր կողմից ճանաչված համալսարանների ցանկը և ներկայացնում ծրագրի կատարելագործված մի շարք դրույթներ: Հիմնադրամի կրթական ծրագրի գործադիր տնօրեն Ժակլին Կարաասլանյանն այսօր ներկայացնելով նոր ծրագրերը նշել է, որ հիմնադրամն ունի 2 առաքելություն` կրթել նոր սերնդին և խրախուսել նրանց` կիրառելու իրենց գիտելիքը երկրի ու աշխարհի զարգացման համար: Ժակլին Կարաասլանյանը ներկայացրել է նաև 2014-15 ուստարվա հիմնադրամի կրթաթոշակի ծրագրի նոր կանոնակարգն ու «Լույսի» շրջանավարտների ձեռքբերումները: Ըստ այդմ` 4 տարվա ընթացքում արդեն ունենք 5 ընկերություններ, որոնք ստեղծվել են «Լույսի» շրջանավարտների կողմից։

Արդեն 4 տարի է, ինչ գործում է «Լույս» հիմնադրամը և Հայասատանն արդեն հասցրել է այդ ընթացքում ունենալ զգալի հաջողություններ և ճանաչվել աշխարհի լավագույն համալսարանների կողմից: Դե իսկ հարցումները ցույց են տվել, որ կրթաթոշակառուներից շատերգ, աշխատելով Հայաստանում գոնե 2 ամիս, նախընտրում են հաստատվել և աշխատել հենց այստեղ, ասում է հիմնադրամի կրթական ծրագրի գործադիր տնօրեն Ժակլին Կարաասլանյանը։

Ի դեպ` միայն 2013թ ընթացքում «Լույսի» աշխատանքային թիմերը Հայաստանի մի շարք մարզերում նախաձեռնել և իրագործել են բազմաթիվ միջոցառումներ: Նշենք, որ 2014 թվականից «Լույսը» գումարներ կտրամադրի դիմորդներին և դա կկոչվի փոխառություն: Այն կդառնա դրամաշնորհ, երբ ուսումնական տարվա ավարտին շահառուն լիարժեք կատարի աշխատանքային բոլոր պահանջները և պարտավորությունները, որոնք ամրագրված են «Լույսի» պայմանագրում:

Իսկ «Սթարթ Արմենիան» դրամաշնորհ է սկսնակ ձեռներենցների համար: Այս դրամաշնորհը կարող են ստանալ միայն «Լույսի» շրջանավարտները, ովքեր նախատեսում են նոր բիզնես կամ նոր հասարակական ձեռնարկություն հիմնել Հայաստանում: Հաղթող բիզնես նախագծերը կպարգևատրվեն ըստ կարգերի` 20.000, 10.000 և 5000 դոլարին համարժեք դրամով։

Back to top button