Ինչո՞ւ է Անկարան նորից խոսում հայ- թուրքական հարաբերությունների կարգավորման մասին
Աննա Նազարյան
«Ռադիոլուր»
Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն պատասխանել է Երևան այցելելու հրավերին ու ասել, որ Սևծովյան տնտեսական համագործակցության վեհաժողովին մասնակցության հրավերը սովորական երևույթ է, քանի որ ՍԾՏՀ-ի ժողովները կազմակերպվում են տվյալ ժամանակահատվածում նախագահությունն ստանձնած երկրում։ «Սա բազմակողմանի հավաք է, և բոլոր կողմերը հրավիրված են: Այն պետք չէ ներկայացնել որպես հատուկ, ուշագրավ գործընթաց: Ինչ վերաբերում է հարաբերությունների կարգավորման գործընթացին, ապա Ադրբեջանի նախագահը Թուրքիայում էր և, ինչպես միշտ, ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման, ինչպես նաև Թուրքիայի, Ադրբեջանի, Հայաստանի միջև հարաբերությունների վերաբերյալ համապարփակ խորհրդակցություններ անցկացրեցինք: Մենք բոլորս ցանկանում ենք, որ գործընթացի արագացմանն ուղղված քայլ կատարվի»,- ըստ թուրքական «Զամանի» ասել է Դավութօղլուն։
Ինչո՞ւ է Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն հանկարծ հշել, որ հարևան Հայաստանի հետ րոպե առաջ հարաբերությունների հաստատումը կարևոր է։ Նշեմ, որ Դավութօղլուն հայտարարել է, որ պաշտոնական Անկարայի ցանկությունն է, որ Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունները կարգավորվեն: Նա ասել է, որ Թուրքիան պատրաստ է ցանկացած աջակցության միայն հարավկովկասյան տարածաշրջանում խաղաղություն ու կայունություն հաստատվի: Ի՞նչ է նշանակում Անկարայի այս պատրաստակամությունը, և ինչ փոփոխություններ կարող են տեղի ունենալ: «Իմիտացիոն բնույթ են կրում նման հայատրարությունները և հիմք չկա ասելու, որ տեղաշարժ կլինի»,- ասում է թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը։
Թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանի կարծիքով էլ՝ նման հայտարարութւոնները երկու նպատակ կարող են ունենալ: Թուրքիան սիրիական խնդրում ձախողել է և այդ կերպ փորձում է միջազգային հանրության ուշադրությունը շեղել այդ հարցից: Բացի դա՝ կա ևս մի առիթ, ինչը կարող էր ստիպել Անկարային Երևանի հետ հարաբերությունների հաստատման մասին խոսել. դա ԵՄ հետ վերսկսված բանակցություններն են։ Եվ, իհարկե պետք է, ըստ թուրքագետների, հիշել, որ մոտենում է ցեղասպանության 100-րդ տարելիցը և Թուրքիան փորձում է միջազգային հանրության աչքին խաղաղարար երևալ։
Տեղաշարժ հանրավոր է. միանգամայն հավանական է, որ բացվի հայ- թուրքական սահմանը, ասաց Անդրանիկ Իսպիրյանը, ում կարծիքով, սակայն, եթե անգամ սահմանը բացվի, ապա չի բացառվում, որ հաջորդ օրն այն կրկին փակվի։