ԿարևորՀասարակություն

Տոնախմբվել է Սուրբ Հռիփսիմյանց կույսերի հիշատակը

Հունիսի 13-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբել է Սուրբ Հռիփսիմյանց կույսերի հիշատակը:

Տոնական այդ օրը նաև Սուրբ Հռիփսիմե վանքի ուխտի օրն է:

Առավոտյան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից եկեղեցականների թափորը հավատացյալների ուղեկցությամբ, Էջմիածնի Հայորդյաց տան սաների թմբուկների զարկերի ներքո, շարժվել է դեպի Սուրբ Հռիփսիմե վանք` տանելով սուրբ Հռիփսիմեի մասունքները: Սուրբ Գրիգոր Լուսավորչի կամարի առջև Ամենայն Հայոց Հայրապետը, սրբազան Աջով օրհնելով հոգևոր դասին և ներկա բարեպաշտ ժողովրդին, այն փոխանցել է Մայր Աթոռի լուսարարապետ Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանին:

Սուրբ Հռիփսիմե վանքի առջև թափորը դիմավորել են վանքի հոգևոր սպասավորները և տարբեր վայրերից ժամանած բազում ուխտավորներ` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վանորեից տեսուչ Գերաշնորհ Տ. Արտակ եպիսկոպոս Տիգրանյանի գլխավորությամբ:

Տոնի առիթով վանքում մատուցվել է Սուրբ և Անմահ Պատարագ: Պատարագիչն էր Սուրբ Հռիփսիմե վանքի վանահայր Հոգեշնորհ Տ․ Անդրանիկ վարդապետ Գևորգյանը։

Հայր Սուրբը, անդրադառնալով օրվա խորհրրդին, հորդորել է հավատավոր ժողովրդին Սուրբ կույս Հռիփսիմեի բարեխոսությամբ աղոթքով հայցել Ամենաբարձրյալ Աստծուն հայրենի երկրի խաղաղության համար։ «Թող սուրբ կույսի օրհնությունը մեզ ամենքիս վրա լինի, որպեսզի նույն ոգով, նույն անդրդվելիությամբ կարողանանք դիմակայել ու հաղթահարել մեր հայրենի երկրին պատահած փորձությունները, և մեր Տիրոջ պարգևած ամեն մի գալիք օրն ապրենք քրիստոնեավայել կենցաղավարությամբ ու հայրենիքը շենացնենք նախանաձախնդիր ոգով», -եզրափակել է Հայր Անդրանիկը:

Պատարագի ավարտին, հանդիսապետությամբ Վանորեից տեսուչ Գերաշնորհ Տ. Արտակ եպիսկոպոս Տիգրանյանի, սրբուհու մասունքակիր Աջով կատարվել է հավատացյալների օրհնություն և Անդաստանի կարգ:

Back to top button