Միջազգային

Գերմանիան առաջարկում է աջակցել Ռուսաստանի հետ խնդիր ունեցող արեւելյան հարեւաններին

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Արևելյան գործընկերության գագաթաժողովին, որը կկայանա նոյեմբերի 28-29-ին Վիլնյուսում, ելույթ կունենա և կոչ կանի Եվրամիությանը Ռուսաստանի հետ առևտրային հակամարտություններում կոնկրետ օգնություն ցուցաբերել արևելյան հարևաններին:

Բունդեսթագի արտահերթ նիստում գերմանական կառավարության ղեկավարը հայտարարել է, որ Եվրամիության արևելյան գործընկերների նկատմամբ Մոսկվայի կողմից կիրառվող ճնշումների պատճառով Եվրամիության հետ ասոցացման գործընթացը դժվար է ընթանում: Նա նշել է, որ եթե Կիևը կատարի բոլոր պայմանները Եվրամիության հետ Ասոցացման պայմանգիրը ստորագրելու համար, ապա Ուկրաինային պետք է աջակցություն ցուցաբերվի:

Նշենք, որ ամենաբարդ պայմաններից մեկը փաստաթղթի ստորագրման համար նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի ազատ արձակումն է, որի քրեական հետապնդումը Բրյուսելը համարում է արդարադատության նկատմամբ ընտրողական մոտեցման դրսևորում:

«Պետությունները ինքնուրույն են որոշում կայացնում իրենց զարգացման ուղու ընտրության հարցում: Կողմնակի անձինք այս դեպքում պարզապես չունեն վետոյի իրավունք», — ասել է Գերմանիայի կանցլերը: Նա նաև հավելել է, թե Ռուսաստանի նախագահի հետ զրույցներում վստահեցրել է ռուս գործընկերոջը, որ Արևելյան գործընկերությունը կամ Եվրամիության հետ առանձին երկրների երկկողմ հարաբերությունները ուղղված չեն Ռուսաստանի դեմ:

Back to top button