ԿարևորՀասարակություն

Ուղեւորափոխադրողները շարունակում են պնդել 200 դրամ սակագնի վրա

Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»

Ուղևորափոխադրող ընկերությունները  վերջերս բաց նամակով դիմել են Երևանի քաղաքապետին  ուղեվարձերը  200 դրամ թանկացնելու  հորդորով, քանի որ միջոցներ չկան շահագործվող մեքենաները վերանորոգելու համար։ Գրության մեջ ընկերություններն իրենց դժգոհությունն են արտահայտել ուղեվարձերի վերանայման նպատակով քաղաքապետարանում ձևավորված հանձնաժողովի աշխատանքներից:  Քաղաքապետարանն էլ արձագանքել է նամակին` ասելով, որ առաջիկայում կստուգեն ուղևորահոսքի չափերը, որից հետո կանդրադառնան խնդիրներին:

Ավելի լավ է մեկ անգամ տեսնել, քան՝ 1000 անգամ լսել ուղևորափոխադրող ընկերությունների վիճակի մասին, առաջարկում է Հայաստանի ուղևորափոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանը: Այսօր ընկերությունների ծանր ֆինանսական վիճակը թույլ չի տալիս վերանորոգել շահագործվող մեքենաները, որոնք արդեն շարքից դուրս են եկել և դրանցով փոխադրումները շարունակելը վտանգավոր է ուղևորի կյանքի համար, ասում է նա։

Սակայն եթե սակագինը դառնա 200 դրամ, ոլորտի պատասխանատուները վստահեցնում են, որ  կլուծվեն այն խնդիրները, որոնք առկա են այսօր: Քաղաքապետարանը  ձգձգում է ուղևորահոսքի հաշվարկները այն պարագայում, երբ 2008 թվականից մինչ օրս,  եթե քաղաքացիների թիվը չի պակասել, ապա չի ավելացել, հայտարարեց Եղիազարյանը և հավելեց,   որ հաշվարկների ուշացումը  ուղևորափոխադրող ընկերություններին  բերում է անկանխատեսելի իրավիճակի: «Ես պարտավոր եմ որպես փոխադրողների միության նախագահ իրազեկել մեր հասարակությանը , որ վաղը,  եթե այս վիճակը շարունակվեց, մենք կմնանք առանց փոխադրամիջոցի»։

Ուղևորափոխադրող ընկերություններն ակնկալում են  ունենալ բարձր ուղեվարձ և դրանից  հետո վարորդներին խոստանում ոսկե սարեր` բարձրացնել աշխատավարձերը: Սակայն հիշենք, որ երբ ուղեվարձը դարձել էր 150 դրամ, հայտարարվեց , որ վարորդների աշխատավարձերը կբարձրանան, սակայն վերջիններս դժգոհում էին` ասելով, որ նման բան չկա։

Առաջնային խնդիրը ոլորտում փոխադրամիջոցների քանակի  ապահովումն է, որին զուգահեռ կավելանան  նաև վարորդների աշխատավարձերը, ասում է Եղիազարյանը։ Ուղևորափոխադրող ընկերությունները փաստում են, որ արդեն եղել են ընկերությունների սնանկացումներ: Այսօր 23 երթուղիներ չեն սպասարկում: Սակայն քաղաքապետարանը հայտարարել է, որ  դրանք դուրս են եկել սպասարկումից քաղաքացիների  պահանջով։

Back to top button