Հայաստանում ամենամատչելի պետական կայքը Միգրացիոն ծառայությանն է
Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»
Հայաստանում պետական կայքերից ամենաթափանցիկը եւ մատչելին Միգրացիոն պետական ծառայության կայքն է, լրագրողների հետ այսօրվա հանդիպման ժամանակ տեղեկացրել է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը՝ ամփոփելով կազմակերպության կողմից անցկացված մոնիտորինգի արդյունքները: Նրա կարծիքով այս բացահայտումը սենսացիոն է, քանի որ վերջին մի քանի տարիներին լիդերը տարածքային կառավարման նախարարությունն էր։ Աշոտ Մելիքյանի փոխանցմամբ` պաշտոնական կայքերի մոնիտորինգի տվյալների համաձայն՝ մատչելիության գործակիցը հասնում է 80 տոկոսի:
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանի փոխանցմամբ` պետական մարմինների տեղեկատվական թափանցիկության խնդիրները պարզաբանող իրենց անցկացրած մոնիթորինգն սկսել են մայիսի 1-ից: Ըստ արդյունքների կազմված վարկանիշային աղյուսակում մեծ առաջընթաց է արձանագրել Միգրացիոն պետական ծառայությունը, որը թափանցիկության առումով առաջին հորիզոնականում է: Երկրորդ տեղում տարածքային կառավարման նախարարությունն է, իսկ երրորդում` արդարադատության նախարարությունը։
Տեղեկատվական թափանցիկության ցուցանիշը 37 տոկոսով բարելավել է առողջապահության նախարարությունը` նախկին 27-րդ հորիզոնականից հասնելով 7-րդին: Վարկանիշային այս աղյուսակը եզրափակում են ՀՌԱՀ-ն ու Միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեն։
Մարզպետարանների տեղեկատվական թափանցիկությամբ, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի մոնիթորինգի արդյունքում, առաջին տեղում Կոտայքի մարզն է, նրա հաջորդում են Լոռին եւ Գեղարքունիքի մարզը։
Նշենք, որ նախորդ տարի այս վարկանիշային աղյուսակում առաջինը Սյունիքի մարզն էր: Մարզպետարանի կայքի հետընթացը պայմանավորվել է համապատասխան մասնագետների հիվանդությամբ, նկատեց Աշոտ Մելիքյանը: Մարզպետարանների տեղեկատվության թափանցիկությամբ վերջին տեղում Արագածոտնի մարզն է։
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի ղեկավարն ասաց, որ պաշտոնական կայքերից շատերին բնորոշ թերություններից են պետական մարմիններին հատկացված տարեկան բյուջեի ծախսերին, տվյալ մարմնում անցկացված կամ պետական մարմնի իրավասությունների շրջանակներում կատարված ստուգումների արդյունքներին վերաբերող տեղեկատվության բացակայությունը: Աշոտ Մելիքյանը նկատեց, որ խոսքն այնպիսի տեղեկությունների մասին է, որոնք պարունակում են կոռուպցիոն ռիսկեր։