ԿարևորՔաղաքական

Բյուջեի քննարկումը ԱԺ- ում սկսվեց արտահերթ նիստի ստվերի ներքո

Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»

Ուրբաթ կեսօրին Ազգային ժողովն արտահերթ նիստ կհրավիրի: Նախաձեռնությունը խորհրդարանական 4 խմբակցություններին է՝ ՀՅԴ-ինը, ՀԱԿ-ինը, ԲՀԿ- ինն ու  «Ժառանգությանը»: Արտահերթի հրավիրման համար անհրաժեշտ 44 ստորագրությունն այսօր հավաքվել է: Նիստի օրակարգում մեկ հարց է. նախաձեռնողներն առաջարկում են կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչի գործարկումը հետաձգել 1 տարով:  Խորհրդարանական մեծամասնությունը հակված է մասնակցել արտահերթին, այսօր ասել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: Ըստ նրա՝ քննարկումը ցույց կտա, թե որքանով են հիմնավոր ոչ կոալիցիոն ուժերի փաստարկները: Խորհրդարանն այսօր սկսել է նաև 2014 թ. պետբյուջեի նախագծի քննարկումները: Հաջորդ տարվա գլխավոր ֆինանսական փաստաթուղթը ներկայացրել է ֆինանսաների նախարար Դավիթ Սարգսյանը:

Սահմանադրության 70-րդ հոդվածը սահմանում  է, որ  ԱԺ արտահերթ նստաշրջանը կամ նիստը գումարվում է հանրապետության նախագահի,  պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի կամ կառավարության նախաձեռնությամբ: 44 պատգամավոր պաշտպանել է նոյեմբերի 15-ին ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությունը: «Օրակարգում մեկ հարց է. 4 օրինագծերի ընդունում, որով առաջարկվում է մեկ տարով հետաձգել պարտադիր կուտակային համակարգի պարտադիր բաղադրիչի գործարկումը և այդ ընթացքում իրականացնել մասնագիտական քննարկումներ, սահմանադրական բողոքարկումներ՝ հստակեցնելու, լիարժեքացնելու, չեզոքացնելու   այն բոլոր ռիսկները, որոնք առկա են կենսաթոշակային բարեփոխումներ նախատեսող մոտ 50 օրենքներում»,- ասում է Արծվիկ Մինասյանը։

Կենսաթոշակային կուտակային համակարգի պարտադիր բաղադրիչի գործարկումը նախատեսվում է 2014-ի հունվարի 1-ից:  Հասարակական տարբեր խմբեր այսօր բողոքում են բարեփոխումների դեմ և փորձում են կանխել հունվարի 1-ից օրենսդրական փաթեթի կիրարկումը: Արտահերթը, ըստ պատգամավորի, հրավիրվում է՝  նաև հասարակակն դժգոհության ալիքը հաշվի առնելով։ «Մեր փաստարկները, այդ թվում հանրային սեկտորի, ամուր հիմքեր ունեն: Կառավարությունը հիմա կանգնած է մի փաստի առաջ, որ կամ պետք է աչքերը փակելով իրականացնի անհեռանկար քայլ, կամ պետք է բացի աչքերն ու դրան համարժեք քայլ կատարի»։

Նախաձեռնողների նույն  խումբը արտահերթ նիստ հրավիրելու մեկ փորձ արդեն արել է: Այն, սակայն,  հաջողությամբ չպսակվեց. նիստը թեև հրավիրվեց, բայց չկայացավ, քանի որ խորհրդարանական մեծամասնությունը բոյկոտեց այն ու քվորում չապահովվեց: Հանրապետականն այս անգամ  տրամդրված է մասնակցել քննարկմանը, ասաց Գալուստ Սահակյանը։ «Որևէ խնդիր չկա մասնակցելու առումով, բայց որոշակի խառնաշփոթ կա: Այդ որոշումը կոալիցիոն ռեժիմի պայմաններում է անցկացվել, այն ժամանակ կոալիցիայի անդամ ուժերը հիմա հակառակ պրոցեսի մեջ են»։

Գալուստ Սահակյանի ակնարկը ԲՀԿ-ին է վերաբերում: Օրենսդրական մայր փաթեթը ընդունել է նախորդ գումարման խորհրդարանը՝ ձայների 72 կողմ, 1 դեմ, 1 ձեռնպահ հարաբերակցությամբ: ՀՀԿ-ի ու ՕԵԿ-ի հետ կողմ է քվերակել այդ շրջանում կոալիցիայի մաս կազմող ԲՀԿ-ն: Այսօր ԲՀԿ-ն կոալիցիայում չէ,  և արդեն փաթեթի ընդդիմախոսների բանակում է։

Թե որն է ՀՀԿ-ի դիրքորոշումը, պարտադիր կուտակային համակարգի ներդրումը  մեկ տարով   հետաձգելու առաջարկի վերաբերյալ, առայժմ պարզ չէ: Գալուստ Սահակյանն ասաց, որ  քննարկման ընթացքը կկողմնորշի ՀՀԿ-ին: Նա, այդուհանդերձ, չի բացառում առաջարկի ընդունման հնարավորությունը։ «Եթե այնպիսի արգումնենտներ բերվեն, որոնք կփոխեն մեր տեսակետը, չեմ կարծում, որ այդտեղ մեծ բարդություններ լինեն»։

Ի դեպ՝ հաջորդ տարվա բյուջեի նախագծով կառավարությունն արդեն պլանավորել է, որ  մոտ 20 մլրդ 700 մլն դրամ ուղղվելու է կուտակային  կենսաաթոշակային  համակարգի ներդրմանը: Խորհրդարանն այսօր սկսեց Բյուջե 2013-ի քննարկումը: Փաստաթուղթը ներկայացնում էր ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը: ԱԺ-ում էր կառավարության ողջ կազմը վարչապետի գլխավորությամբ։

Բյուջեի նախագիծը, մինչ  ԱԺ նիստերի դահլիճ հասնելը, քննարկվել է խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստերում: Դրանց մեկնարկը, ի դեպ, տվել էր վարչապետը՝ ներկայացնելով հաջորդ տարվա ֆինանսական գլխավոր փաստաթղթի հիմնական առանձնահատկությունները։ 2014-ին  կառավարության սոցիալ-տնտեսական քաղաքականությունը միտված է լինելու մակրոտնտեսական կայունության ապահովմանը,  խորհրդարանում ասաց ֆինանսների նախարարը: Նա նույնպես, ինչպես վարչապետ Տիգրան Սարգսյանը, որպես  հիմնական առանձնահատկություն նշեց այն, որ բյուջեն առաջին անգամ խորհրդարանին է ներկայացվում ծրագրային ձևաչափով, որ դրանով հարկային բեռի ավելացում և վարչարարության խստացում առաջին անգամ չի նախատեսվում: Բյուջեն նախորդ տարիներից տարբերվում է նաև նրանով, որ առաջին անգամ աշխատավարձերի միասնական համակարգի ներդրում է նախատեսում։ Բյուջեի քննարկումը խորհրդարանը կշարունակի վաղը:

ՀԳ. Այսօր նիստի մեկնարկին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը պատգամավորներին տեղեկացրել է, որ պատգամավորական լիազորությունները վայր դնելու մասին դիմում  է ներկայացրել ՕԵԿ խմբակցության պատգամավոր  Խաչիկ Հարությունյանը: Պատգամավորի  որոշումը պայմանավորված է այլ աշխատանքի անցնելու հանգամանքով: Թե ի՞նչ աշխատանքի է անցնելու Խաչիկ Հարությունյանը, Հովիկ Աբրահամյանը չի մանրամասնել։ Փոխարենը լրագրողների հետ զրույցում ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն է ասել, որ  Խաչիկ Հարությունյանը նշանակվել է ՀԱՊԿ նորաստեղծ ակադեմիայի ռեկտոր։

Back to top button