Միջազգային

Իրանի եւ ՄԱԳԱՏԷ- ի միջեւ հաջորդ հանդիպումը՝ դեկտեմբերի 11- ին

Իրանի և ՄԱԳԱՏԷ-ի միջև հերթական բանակցությունները իրանական միջուկային ծրագրի շուջ տեղի կունենան դեկտեմբերի 11-ին Վիենայում: Առաջիկայում փորձագետները կայցելեն և կտեղազննեն Արաքում գտնվող ծանր ջրի արտադրության ձեռնակությունը, ասվում է կողմերի համատեղ հայտարարությունում, որը հրապարակվել է նախօրեին Թեհրանում տեղի ունեցած խոհրդատվական հանդիպումից հետո:

«Մենք խորհրդակցեցինք տեխնիկական հարցերի շուրջ համատեղ աշխատանքը շարունակելու համար»,-նշել են ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարի տեղակալ Տերո Վարիորանտան և Վիենայում գործող միջազգային կազմակերպություններում Իրանի ներկայացուցիչ Ռեզա Նաջաֆին: Ձեռք բերված համաձայնությունը պարտավորեցնում է Իրանին 3 ամսվա ընթացքում ՄԱԳԱՏԷ-ին տրամադրել տվյալներ ուրանի հանքատեղիների վերաբերյալ և ապահովել փորձագետների մուտքն այնտեղ:

Բացի այդ` Թեհրանը պետք է ներկայացնի տվյալներ Ատոմային Էլեկտրակայանների կառուցման համար նախատեսված բոլոր 16 հարթակների և նաև բոլոր հետազոտական ռեակտորների մասին: ՄԱԳԱՏԷ-ն սպասում է նաև, որ պայմանավորված ժամկետում Թեհրանը պարզաբանումներ կտա ուրանի լրացուցիչ հարստացման ձեռնակությունների և ուրանի լազերային հարստացման տեխնոլոգիաների մասին:

Իր հերթին ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Յուկիա Ամանոն հայտարարել է, որ գործակալության աշխատակիցները Պարչինում տեղակայված ռազմական բազայի տեսչության խնդրին կանդրադառնան Իրանի և ՄԱԳԱՏԷ-ի միջև ձեռք բերված համաձայնության իրականացման ավելի ուշ փուլերում: «Պարչինը շարունակում է մնալ կարևոր խնդիր, սակայն այս համաձայնագրի շրջանակներում մենք ավելի ուշ կանդրադառնանք դրան»,- ասել է Ամանոն՝ հավելով, որ Իրանի միջուկային դոսյեի հետ կապված խնդիրները բավականին բարդ են և հնարավոր չէ դրանք արագ լուծել:

ՄԱԳԱՏԷ-ում կարծում են, որ Իրանի մայրաքաղաքից 30 կմ հեռավորության վրա գտնվող  Պաչինի ռազմական բազայում միջուկային օբյեկտ  կա տեղակայված: Գործակալությունը բազմիցս փորձել է այնտեղ տեսչություն իրականացնել, սակայն Իրանի իշխանությունները մշտապես մերժել են միջազգային կազմակերպությանը՝ պատճառաբանելով, որ ռազմաբազայի գործունեությունը որևէ կապ չունի իրանական միջուկային ծրագրի հետ:

Back to top button