Միջազգային

Բրիտանական խորհրդարանը պատասխան է պահանջում հատուկ ծառայություններից

Ամերիկյան և բրիտանական հատուկ ծառայությունների կասկածելի մեթոդները քննադատվում են Լոնդոնում: Այնտեղ առաջին անգամ միասին հասարակության առջև հանդես են եկել բրիտանական  հետախուզական բոլոր երեք ծառայությունների ղեկավարները:

Հետախուզության, հակահետախուզության և Կառավարական կապի կենտրոնի ղեկավարները պատասխանել են պատգամավորների հարցերին հեռուստախցիկի առջև: Ինչպես և սպասվում էր, հատուկ ծառայությունների ղեկավարները փորձել են համոզել, որ ահաբեկչության վտանգի պայմաններում կապի միջոցների նկատմամբ զանգվածային վերահսկողությունն անխուսափելի է: «Մեր կյանքը աստիճանաբար մտնում է համացանց: Մեզ համար անհրաժեշտություն է աշխատել այդ գլոբալ ցանցում, քանի որ դա անում են նաև ահաբեկիչները: Մենք պետք է հնարավորություն ունենանք հետևել նրանց և գաղտնալսել բանակցությունները»,-ասել է Բրիտանական գաղտնի ՄԻ-5 ծառայության տնօրեն Էնդրյու Պարկերը:

«Մեծամասնության հեռախոսազանգերը չեն գաղտնալսվում և հաղորդագրությունները չեն ընթերցվում: Դա ոչ միայն օրենքի խախտում է, այլև նպատակահարմար չէ: Մենք դա չենք անում: Լավ կլիներ, որ հանցագործները ունենային իրենց կապի միջոցը, իսկ օրինապահ քաղաքացիներն իրենցը: Ցավոք սրտի՝ դա այդպես չէ: Բոլորն օգտվում են նույն համացանցից», — պարզաբանել է Կառավարական կապի կենտրոնի ղեկավար Իեն Լոբբանը:

Հատուկ ծառայությունները պնդել են, որ իրենք օրենքը չեն խախտում: Իսկ հարցին, թե հասարակությունը որքանով պետք է տեղեկացված լինի այդ   ծառայությունների աշխատանքի  մեթոդների մասին, այդպես էլ պատասխան չի տրվել:

Back to top button