Տնտեսական

ԵՄ «Թվնինգ» ծրագիրրն ավարտվեց. դրա շարունակությունը հարցականի տակ է

Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»

Այսօր տեղի ունեցավ  «Ստանդարտների ներդաշնակեցում և ՀՀ շուկայի վերահսկողության պետական տեսչության ինստիտուցիոնալ ուժեղացում» ԵՄ կողմից ֆինանսավորվող «Թվինինգ»ծրագրի փակման համաժողովը: 1 մլն եվրո արժողությամբ և 18 ամիս տևած այս ծրագիրը նպաստել  է միջազգային ստանդարտների և ընթացակարգերի ներդրմանը Հայաստանի շուկայի վերահսկողության համակարգում։ Ծրագիրը այլևս կատարված է և նախանշված նպատակները իրագործված են, փաստեց ծրագրի բրիտանացի մշտական որհրդատու Վիլիամ Հարրիսը, հավելելով, որ նախատեսված հաջորդ փուլերի իրականացումը այսօր հարցականի տակ է։

 

Ծրագրի իրագործման 18 ամիսների ընթացքում կազմվել են ոլորտային օրենքների և ենթաօրենսդրական ակտերի նախագծերը, որոնք համապատասխանում են միջազգային և եվրոպական չափանիշներին: Բացի դրանից՝ գործարկվել են անհրաժեշտ ընթացակարգերը և ընդունվել են ստանդարտներ խաղալիքների, ցածր լարման սարքերի և ծխախոտի մասով: Համապատասխան ուսուցում են անցել շուկայի վերահսկողության պետական տեսչության աշխատակիցները։

Ըստ էկոնոմիկայի փոխնախարար Գարեգին Մելքոնյանի՝ ծրագիրը օժանդակեց ոլորտի արդիականացմանը և անհրաժեշտ բարեփոխումների իրականացմանը: Ծրագրի շարունակականությանը խոչընդոտ հանդիսացավ Մաքսային Միությանը մեր երկրի անդամակցության մեկնարկած գործընթացը: Հայ պաշտոնյան ընդգծեց, որ Եվրամիության մասնակցությամբ իրականացված բարեփոխումները կարող են կիրառելի լինել և նոր ձևաչափում: Փոխնախարարը հավաստիացրեց, որ այնուամենայնիվ, ԵՄ կոմից ֆինանսավորվող Թվինինգ ծրագիրը կշարունակվի։

Հայ- եվրոպական համագործակցությանը ավարտվող ծրագրի շրաջանակներում անդրադարձավ և մեր երկրում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիստեան։ Ըստ եվրոպացի դիվանագետի՝ այս ծրագիրը հանդիսանում է համագործակցության լավագույն օրինակներից բոլոր տեսանկյուններով: Նա կարևորեց հետագայում ոլորտի բոլոր գործընթացների մասնակից ընկերությունների և սպառողների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունների միջև համագործակցությունը։

Back to top button