ԿարևորՏնտեսական

Հաստատվել է մաքսային վարչարարության ռազմավարության 2013-2014թթ. ծրագիրը

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Ինչո՞ւ են կրկին ուշացել  կենսաթոշակները: Հարցն այսօր կառավարության նիստի ընթացքում հնչեցրել է վարչապետ Տիգրան Սարգսյանը: Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը քաղաքացիներին կրկին հորդորել է կենսաթոշակ ստանալու համար փոստային բաժանմունքներ դիմել ոչ թե ամսվա առաջին, այլ՝  երրրորդ աշխատանքային օրը: Իսկ նոյեմբերի երրորդ աշխատանքային օրը, ըստ նախարարի, նոյեմբերի հինգն է եղել, սակայն իրենք կենսաթոշակ սկսել են բաժանել նոյեմբերի չորսից։

Հայաստանի նախագահի՝ Մաքսային միությանն անդամակցելու հայտարարությունից հետո հատկապես օրենսդրական դաշտում հայկական կողմի անելիքները բավականին շատ են: Օրենսդրական շուրջ 60 փաստաթղթերում պետք է  փոփոխություններ իրականացվեն: Այս ուղղությամբ  առաջին քայլերն արդեն իրականացվում են։ Հերթականը հաստատվեց այսօր. կառավարությունը հաստատեց մաքսային վարչարարության ռազմավարության 2013-2014թթ. ծրագիրը:  Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ  Միրումյանը  ընդհանուր գծերով ներկայացրեց  փաստաթուղթը։ «Բոլոր այն ուղղությունները, որոնք ներառված են փաստաթղթում, դրանք վերաբերում են Մաքսային միության անդամակցության շրջանակներում այնտեղ ամրագրված ուղղություններին նաև»,- կառավարության ղեկավարին հայտնեց Վախթանգ  Միրումյանը։

Կառավարության ղեկավարը հստակ հանձնարարեց՝ Մաքսային միության վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունները ներառել ծրագրային փաստաթղթում և մեկ-երկու օրվա ընթացքում լրամշակել այն: Արդեն կառավարության նիստից հետո այսօր հաստատված փաստաթղթի մասին որոշ պարզաբանումներ  փորձեցին լրագրողները ստանալ:

Պետք է օրենսդրական դաշտը ազատականացնենք, ասաց ՊԵԿ փոխնախագահը։ «Ներկայումս, օրինակ, նախատեսված է 183 օրվա սահմանափակում կատարվող ներկրումների դեպքում։ Այսինքն՝ քաղաքացին 183 օրվա  ընթացքում կարող է ընդամնեը ներմուծել 50 կգ և 150 հազար դրամը չգերազանցող ապրանքներ։ Մենք կազատականացնենք այդ սահմանափակումները, միաժամանակ՝ կսահմանենք այնպիսի պայմաններ, որպեսզի ակնհայտ առևտրային քանակությունը ֆիզիկական անձանց միջոցով չներկրվեն»։

ՊԵԿ փոխնախագահը հույս հայտնեց, որ գումարային սահմանափակումն  անփոփոխ կմնա, կվերանայվի ժամկետային սահմանափակումը:«Փաստաթուղթն  առաջին հերթին վերաբերում է ֆիզիկական անձանց կողմից փոստային և սուրհանդակային ծառայությունների միջոցով ապրանքների ներմուծումներին»,- հավելեց Վախթանգ  Միրումյանը: Նախատեսվող ընթացակարգերի պարզեցումից հետո էլեկտրոնային առևտուր իրականացնելն ավելի մատչելի կդառնա։

Կառավարության նախորդ նիստում գործադիրը որոշեց գրեթե կիսով չափ նվազեցնել նոր հսկիչ-դրամարկղային մեքենաների (ՀԴՄ) գները:  Հիշեցնենք, որ  2012 թվականի արդյունքներով 58.35 միլիոնից մինչև 500 միլիոն դրամ (ներառյալ ԱԱՀ-ն) իրացումից հասույթ ունեցող հարկ վճարողների համար ՀԴՄ-ն կարժենա առավելագույնը 280 հազար դրամ, իսկ 58.35 միլիոն դրամից պակաս իրացումից հասույթ ունեցող հարկ վճարողների համար` առավելագույնը 150 հազար դրամ: Այսօր կրկին անդրադառնալով ՀԴՄ-ների տեղադրման խնդրին՝ ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը ներկայացրեց նոր ՀԴՄ-ների առավելությունները։ «Առաջինը՝ բացառիկ է նրանով, որ հնարավորություն չի տալիս ծրագրային միջամտությունների։ Երկրորդ՝ ինքը բացառիկ հարմարավետություն է ապահովելու, ծրագրային ապահովումն արդեն մշակված է, մասնավորապես՝ տնտեսվարող սուբյեկտները հնարավորություն են ունենալու ՀԴՄ-ների միջոցով դուրս գրել հարկային հաշվիներ։ Երրորդ՝ դա նաև պոստ տերմինալ է, ինքը հնարավորություն է ընձեռում ոչ կանխիկ եղանակով տեղում վճարումներ կատարել»։

Հավելեմ, որ կառավարության որոշմամբ ՀԴՄ-ների ներկրումն իրականացնում է «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը: Նախապես թանկ գնով ձեռք բերված ՀԴՄ-ների գների տարբերությունը օրենքով սահմանված կարգով վերադարձվելու է հարկ վճարողներին։

Back to top button