ԿարևորՀասարակություն

Ներդաշնակ եւ հեղափոխական զարգացումների երկընտրանքը. խոսում են մտավորականները

Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»

Վերջին օրերին Երևանում տեղի ունեցած հայտնի դեպքերին և հասարակության համար կարևորագույն իրադարձությունների ժամանակ մտավորականության դերին են այսօր անդրադարձել բնապահպան Կարինե Դանիելյանը, սոցիոլոգ, հրապարակախոս Կարինե Հակոբյանը և Հայաստանի վաստակավոր ճարտարապետ Գուրգեն Մուշեղյանը։

Բնապահպան Կարինե Դանիելյանին իր ամբողջ գիտակից կյանքի ընթացքում հուզել է մեկ հարց, թե ինչու է ճակատագիրն այդքան դաժան և անարդար մեր ազգի նկատմամբ: Եկել է այն եզրակացության, որ երբ մեր ազգին լուրջ վտանգ է սպառնում, մենք ինքնամաքրվում և միաբանվում ենք, բայց երբ մեզ մոտ քիչ թե շատ հանգիստ և խաղաղ վիճակ է, մենք մեզ զարմանալիորեն վատագույնս ենք դրսևորում: Ըստ նրա` դրա վառ ապացույցը անկախության տարիներին ձեռք բերված գլխիվայր շրջված արժեքային համակարգն է։

Վաստակավոր ճարտարապետ Գուրգեն Մուշեղյանն էլ մեր իրականության լավագույն արտացոլումը տեսնում է  քաղաքաշինության մեջ: Անգամ այդ ոլորտում չկա ներդաշնակություն և խմբակային կարծիք, բացառապես տիրում է սեփական «ԵՍ»- ի հասկացությունը:  Նման իրավիճակներում է, որ պետք է գործեն մտավորականները, սակայն այստեղ եւս գլխավորը սեփական  «ԵՍ»- ի գերակայությունն է, կարծում է ճարտարապետը։

Այն, ինչ տեղի ունեցավ մի քանի օր առաջ (նկատի ունի Շանթ Հարությունյանի գործը. խմբ) տրամաբանական շարունակությունն էր այն գաղափարական հիմքի, որը դրվեց մեր անկախ պետականության հենց առաջին տարիներին, նկատեց սոցիոլոգ, հրապարակախոս Կարինե Հակոբյանը։  Ընդհանրապես՝ հասարակության զարգացման 2 ճանապարհ կա. մեկը ներդաշնակ զարգացումն է, մյուսը հեղափոխական: Երբ մենք հրաժարվում ենք ներդաշնակ զարգացումից, այլընտրանքը հեղափոխությունն է, նկատեց նա։ 

Back to top button