ԿարևորՔաղաքական

Մուտքի արտոնագրերի դյուրացման հայ-եվրոպական համաձայնագրի իրագործումը թույլ կտա հեշտացնել շփումները

Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»

Հայ- եվրոպական հարաբերությունների ներկա հանգրվանը և հեռանկարները դարձան այսօր կայացած խորհրդարանական լսումների քննարկման առարկա: Առիթը՝  խորհրդարանում նախորդ քառօրյայի ընթացքում քննարկված «ՀՀ եւ ԵՄ միջեւ վիզաների տրամադրումը դյուրացնելու մասին» համաձայնագիրը եւ «Եվրոպական համայնքների եւ դրանց անդամ պետությունների` մի կողմից, եւ ՀՀ ` մյուս կողմից, միջեւ Գործընկերության եւ համագործակցության համաձայնագրի` ԵՄ ծրագրերին ՀՀ մասնակցության ընդհանուր սկզբունքների վերաբերյալ ԵՄ եւ ՀՀ-ի միջեւ շրջանակային համաձայնագրի մասին» արձանագրություն էին: Այս փաստաթղթերի վավերացոմը նախատեսված է նոյեմբերի 11-ին մեկնարկող  քառօրյայում։

Եվրամիության հետ սերտ համագործակցությունը հանդիսանում է մեր երկրի արտաքին քաղաքական առաջնահերթություններից: Այսօր կայացած խորհրդարանական լսումների օրակարգում ներառնված փաստաթղթերը  կարող են նպաստել մեր երկրի եվրամերձեցման հետագա գործընթացին՝ ընդլայնելով իրականացվելիք երկկողմ և բազմակողմ շարունակական ծրագրերը: Համենայն դեպս՝ այս հարցում լավատեսական է տրամադրված ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը։

Ըստ պատգամավորի՝ մեր երկրի՝ Մաքսային միությանն անդամակցության հայտարարված մտադրությունից հետո հայ- եվրոպական հարաբերությունները չեն կարող տուժել։ Լսումների անցկացումը կարևորեց նաև Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը: Ըստ նրա՝ այսօր քննարկվող համաձայնագրերի շուրջ հանիությունը բավարար չափով տեղեկացված չէ։

Մուտքի արտոնագրերի դյուրացմանը վերաբերող հայ-եվրոպական համաձայնագրի իրագործումը թույլ կտա հեշտացնել շփումները կողմերի միջև, նշեց ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Արմեն Լիլոյանը։ Մինչդեռ այս գործընթացից դուրս են մնացել Դանիան, Մեծ Բրիտանիան և Իռլանդիան, որոնք ավելի կոշտ միգրացիոն քաղաքականություն են իրականացնում: Այս երկրների հետ կարիք կա ստորագրել նման համաձայնագրեր երկկողմ ձևաչափով, նշեց պաշտոնյան։

Եվրախորհրդարանը հոկտեմբերի 8-ին արդան վավերացրել է այս համաձայնագիրը և այժմ հերթը Հայաստանինն է, թեպետ, ֆորմալ առումով ընթացիկ տարվա սկզբից ԵՄ և Շենգենի գոտու երկրների քաղաքացիները կարող են այցելել մեր երկիր առանց մուտքի արտոնագրերի: Համապատասխան որոշումը ընդունվեց  Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից անցյալ տարևերջին։

Արդեն մեկ շաբաթից վավերացվելիք հայ-եվրոպական համաձայնագրերի դրույթները չեն հակասում  Հայաստանի և Մաքսային միությանը անդամակցող երկրների հետ հարաբերություններին, իր հերթին նշեց Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրանի նախագահ Ստեփան Գրիգորյանը։ Միևնույն ժամանակ նա չբացառեց, որ այս հարցում կարող է ճնշում գործադրվել Հայաստանի վրա Ռուսաստանի իշխանական շրջանակներից և այս գործընթացը կարող է արգելակվել: Եթե Հայաստանին, այնուամենայնիվ, չընդունեն Մաքսային միություն, ապա եվրամերձեցման գործընթացը կարող է վերադառնալ իր նախկին հունը, նկատեղ վերլուծաբանը։

Back to top button