Վիլնյուսի գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքներն է քննարկել ԱԳ նախարարը Վիլնյուսում
Հոկտեմբերի 31-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը աշխատանքային այց կատարեց Բեռլին։ Այցելության շրջանակներում Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ իր գերմանացի գործընկերոջ՝ Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Գիդո Վեստերվելեի հետ, հայտնում են ՀՀ ԱԳՆ- ից։
Ողջունելով Էդվարդ Նալբանդյանին՝ Գիդո Վեստերվելեն ասաց, որ Հայաստանը և Գերմանիան գերազանց փոխհարաբերություններ ունեն և ընդգծեց, որ համատեղ արդյունավետ աշխատանքի շնորհիվ այսօր տարբեր բնագավառներում երկկողմ համագործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա։ «Գերմանիան որպես իրական բարեկամ շարունակելու է աջակցել Հայաստանի զարգացմանը»,– ընդգծեց նախարար Վեստերվելեն։
Նախարար Նալբանդյանը գոհունակությամբ նշեց, որ երկու երկների միջև հաստատված է ակտիվ քաղաքական երկխոսություն, որը վերջին տարիներին նոր թափ է ստացել, ամրապնդվել ու խորացել է տարբեր բնագավառներում փոխգործակցությունը։ Նախարարները վստահություն հայտնեցին, որ համատեղ հետևողական ջանքերի շնորհիվ երկկողմ հարաբերություններն առավել կզարգանան և կընդլայնվեն։
Գերմանիայի ԱԳ նախարարի խնդրանքով, նախարար Նալբանդյանը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում վերջին զարգացումները, այդ ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության կողմից ձեռնարկվող ջանքերը:
Նախարարներն անդրադարձան Հայաստան – Եվրոպական Միություն հարաբերություններին, «Արևելյան գործընկերություն» նախաձեռնության շրջանակներում համագործակցությանը, քննարկեցին Վիլնյուսի գագաթաժողովին առնչվող հարցեր:
Նույն օրը Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ վարչապետ Անգելա Մերկելի արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գլխավոր խորհրդական Քրիստոֆ Հոյսգենի հետ: Զրուցակիցները հանգամանալից քննարկեցին Հայաստան – Եվրոպական Միություն համագործակցությունը, Վիլնյուսի գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքները։ Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին նաև տարածաշրջնային հարցերի շուրջ։