Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»
Եվրոպական մերձեցումը մեր երկրի արտաքին քաղաքական առաջնահերթյուններից է մնում, ինչի մասին բազմիցս խոսվել է, հատկապես սեպտեմբերի 3-ից հետո, երբ հայտարարվեց մեր երկրի Մաքսային միությանը անդամակցության պատրաստակամության մասին: Դրա մասին խոսվել է և Եվրամիություն-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Միլան Ցաբրնոխի երևանյան այցի մասին։
Թե ինչ հարցեր են քննարկվել միջխորհրդարանական ձևաչափով, լրագրողներին հայտնեց հանձնաժողովի հայկական համանախագահ Սամվել Ֆարմանյանը։ «Մենք քննարկեցինք հնարավոր այն ուղղությունները, որտեղ կարող ենք համագործակցել եւ ներդնել մեր ուժերը: Ամենակարեւորն այն է, որ երկուստեք կա քաղաքական պատրաստակամություն՝ առաջ մղելու մեր հարաբերությունները նաեւ միջխորհրդարանական ձեւաչափում»,- ասաց Սամվել Ֆարմանյանը։
Եվրոպացի համանախագահ Միլան Ցաբրնոխը գոհունակություն հայտնեց հայ- եվրոպական ներկայիս հարաբերություններից՝ բնութագրելով մեր երկիրը որպես ԵՄ առանցքային գործընկեր։ Այնուամենայնիվ՝ եվրոպացի խորհրդարանականը հայտարարեց, որ այլևս Ասոցացման համաձայնագրի նախաստորագրման մասին չարժե խոսել՝ հաշվի առնելով Հայաստանի Մաքսային միությանն սպասվող անդամակցությունը։ «Մենք հարգում ենք Հայաստանի որոշումը եւ խորհում ենք այն մասին, թե այս նոր պայմաններում ինչպիսի հարթակներ պետք է ստեղծենք համագործակցությունը շարունակելու համար»,- ընդգծեց համանախագահը։
Վիլնյուսի գագաթաժողովին ընդառաջ անցկացվող ինտենսիվ բանակցությունների արդյունքում պետք է ի հայտ գա մի փաստաթուղթ, որը կնախանշի ՀՀ-ԵՄ հարաբերությունների հետագա ուղենիշները, թեպետ, ըստ փոխարտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի, 4 տարի բանակցված Ասոցացման համաձայնագիրը լայն հանրավորություններ էր ստեղծում երկկողմ հավասար հարաբերությունների համար։