Միջազգային

ԱՄՆ հետախուզությունը լսել է նաեւ Հռոմի պապին

ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալությունը գաղտնի հետևել է Yahoo-ի և Google-ի տվյալների մշակման կենտրոնների աշխատանքին և կարողացել է միլիոնավոր  օգտատերերի մասին տեղեկություններ կորզել, վկայում են  «Վաշինգթոն փոստում» հրապարակված փաստաթղթերը:

Ազգային անվտանգության գործակալությունը համացանցից վերցրած տեղեկատվությունը մշակել է հատուկ ծրագրերով: Նշենք, որ լրտեսական այդ ծրագրերը բացահայտվել են փաստաթղթերի միջոցով, որոնք լրատվամիջոցներին է  փոխանցել ԱՄՆ հատուկ ծառայության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը:

Google-ում հայտարարել են, որ «Վաշինգթոն փոստում» տեղ գտած հրապարակումը անհանգստացրել է իրենց, և իրենք տեղյակ չեն եղել նման ծրագրերի մասին: Իսկ ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալությունը հերքել է, որ Yahoo-ի և Google-ի տվյալների հոսքին հետևելու նպատակով լրտեսական ծրագրեր է կիրառել։

 

Գերմանիայի կանցլերի խորհուրդը Գերմանիայի կանցլերին
Անգելա Մերկելը պետք է հանգստություն պահպանի, անդրադառնալով  ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության գաղտնալսումների մասին լուրերին, խորհուրդ է տվել Գերմանիայի նախկին կանցլեր Հելմուտ Շմիդտը: Նա գլխավորել է կառավարությունը 1974-1982 թթ: Շմիդտի խոսքերով` բոլորին է հայտնի, որ «ամբողջ աշխարհում հատուկ ծառայությունները կատարում են այն, ինչն արգելված է տվյալ երկրի օրենքով»:

«Մերկելին գաղտնալսել են. հասկանալի է, որ զայրանալու համար առիթ կա: Սակայն ինչպիսի գաղտնիքներ են նրանք ստացել կանցլերից կամ արդյո՞ք ստացել են, հայտնի չէ: Ես կառավարության ղեկավարին խորհուրդ եմ տալիս հանգստություն պահպանել»,- ասել է 94-ամյա Շմիդտը:

Թիրախում նաեւ Վատիկանն է
ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալությունը լրտեսել է նաև Հռոմեական կաթոլիկ եկեղեցու քահանայապետին, գրում է «Պանորամա» շաբաթաթերթը: 2012-ի դեկտեմբերի 10-ից 2013-ի հունվարի 8-ն ընկած ժամանակահատվածում 46 մլն գաղտնալսումների թվում են եղել նաև Վատիկանի հեռախոսազրույցները:

Back to top button