Հասմիկ Մարտիրոսյան
«Ռադիոլուր»
Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանն այսօր հայտարարել է, որ աշխարհի առաջնության ընտրական փուլը ձախողված է, քանի որ մեր թիմի առաջ առաջնության եզրափակիչ փուլի ուղեգիր նվաճելու խնդիր էր դրված ու այն չի կատարվել։ Այդուհանդերձ՝ ֆեդերացիայի նախագահը ցավով է նշել, որ թիմից հեռանում է գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը։
«Կցանկանայի աշխատել նրա հետ, որովհետև գիտեմ Վարդան Մինասյանի կարողությունները: Չկարողացա համոզել, որ մնա, սակայն դեռ կփորձեմ համոզել նրան»,- ասել է Հայրապետյանը և հայտնել, որ ֆեդերացիայի հետ Վարդան Մինասյանի պայմանագրի ժամկետը լրանում է այսօր, ու նախատեսված գործկոմի նիստում հավաքականի մարզիչը հաշվետվություն է ներկայացնելու: «Կարծում եմ` Վարդան Մինասյանը միջազգային մակարդակի բարձրակարգ մասնագետ է, և ես շատ կցանկանայի, որ նա փոխեր իր որոշումը և շարունակեր աշխատել հավաքականում»,- ասել է Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը։
ՀՖՖ նախագահը՝ հավաքականի ապագա մարզչի մասին
Ինչ վերաբերում է Վարդան Մինասյանին, ապա նա ռուսական ֆուտբոլային ակումբներից մեկը գլխավորելու առաջարկ է ստացել և այժմ ուսումնասիրում է այն։ ԻՏԱՌ- ՏԱՍՍ- ին Մինասյանը հայտնել է, որ ստացել է արտասահմանում աշխատելու մի քանի առաջարկ: «Դրանցից մի քանիսը ռուսական ակումբներից է: Իսկ առայժմ մնում եմ Հայաստանի հավաքականի տեխնիկական տնօրենի պաշտոնում»,- ռուսական գործակալությանն ասել է Վարդան Մինասյանը: