ԿարևորՀասարակություն

Արմավիրի միամանդատ ավագանին կողմ է քվեարկել բոլոր հարցերին․ խոշորացված համայնքի հաստիքացուցակը փոփոխվել է

Արմավիրի ավագանին տարեվերջին, արտահերթ  նիստում, հաստատել է նոր ձևավորված համայնքի կառավարչական գործունեությունը, աշխատակազմը, հաստիքացուցակներն ու դրույքաչափերը: Արմավիրի  փոխքաղաքապետեր Վարշամ Սարգսյանն ու Խաչատուր Մկրտչյանը նշանակվել են Արմավիր խոշորացված համայնքի ղեկավարի տեղակալներ: Սահմանվել են  բնակավայրերի վարչական ղեկավարների նստավայրերը, իսկ վարչական ղեկավարներին նշանակելու է համայնքի ղեկավարը:

Արմավիրի համայնքապետարանի նորընտիր ավագանու արտահերթ նիստին ներկա էին բոլոր 27 անդամները։ Օրակարգում 15 հարց էր: Նոր ավագանին դադարեցրել է միավորված 11 համայնքների միջին օղակների ղեկավարների գործունեությունն ու հիմնադրել  «Արմավիրի համայնքապետարանի աշխատակազմ» հիմնարկ։ Ավագանին  քննարկել է Արմավիրի համայնքապետարանի աշխատակազմի կառուցավածքը, հաստիքացուցակները, սահմանել աշխատավարձը: Համայնքապետ Դավիթ Խուդաթյանի խոսքով՝ համայնքների խոշորացումից հետո ավելացել են վարչական շրջանների հաստիքները.

«10 հաստիք ավելացել է վարչական ղեկավարների, 22 հաստիք՝ օպերատորների մասով, որոնցից 2-ը՝ գլխավոր մասնագետ, 20-ը՝ առաջատար: Վերաբացվել է նաև համայնքապետի խորհրդականի մեկ հաստիք՝ գյուղատնտեսության աշխատանքները համակարգելու գծով»:

Ավագանին ընտրեց նաև Արմավիր համայնքապետի տեղակալներին, երկուսն էլ Արմավիրի փոխքաղաքապետերն են՝ Վարշամ Սարգսյանն ու Խաչատուր Մկրտչյանը: Վարշամ Սարգսյանը համայնքապետի մտերիմ ընկերն է, միասին աշխատել են բանկային համակարգում, հեղափոխությունից հետո էր նա նշանակվել քաղաքապետի տեղակալ.

«Վստահեցնում եմ ձեզ և արմավիրցիներին, որ իմ գիտելիքները ներդնելու եմ ձեզ օգնելու և արմավիրցիներին ծառայելու համար»:

Խաչատուր Մկրտչյանը աշխատել է Արմավիրի մարզպետարանի քաղաքաշինության վարչությունում, քաղաքապետի տեղակալ էր 2004-ից։ Աշխատանքային փորձը հարուստ է, իսկ պաշտոնի համար, համայնքապետ Խուդաթյանն ասաց՝ տարիքային սահմանափակում չկա․ առաջարկեց հաստատել նրա թեկնածությունը.

«Ոլորտին քաջ տիրապետող մարդ է, որի անմիջական մասնակցությամբ հնարավոր է եղել Արմավիր քաղաքում վերջին 3 տարում եծ աշխատանք կատարել: Պարոն Մկրտչյանի հետ աշխատելով՝ կհասկանաք, թե ինչ էներգիայով է լցված, ինչպիսի խստապահանջություն ունի: Նրա էներգիան բավարար է նաև հանգստյան օրերին աշխատելու համար»:

Խաչատուր Մկրտչյանը խոստացավ՝ ուժերը ներդնելու է խոշորացված համայնքի կայացման ու ամրապնդման գործում:

«Լծվենք  մեր երկրի կայացման գործին ու կարողանանք պատվով դուրս գալ խոշորացման արդյունքում ստեղծված իրավիճակից»:

Ավագանու հերթական նիստերը գումարվելու են ամսվա վերջին ուրբաթ օրը: Ավագանու նոր կազմում կան ուսուցչուհիներ, ինչպես է կարգավորվում նրանց նեկայությունը աշխատանքային ժամերին.

«Օրենքով մեր ղեկավարն իրավունք ունի՞ թույլ չտա մասնակցել ավագանու նիստերին: Պարզապես ուզում եմ հասկանալ՝ օրենքով է սահմանվում, թե լավության կարգով է լինելու»

Դավիթ Խուդաթյան․ «Մենք կծանուցենք ձեր ղեկավարներին, որպեսզի այդ օրն ու այդ ժամին ձեզ համար այլ զբաղվածություն չլինի»:

Ավագանու որոշմամբ նախկին  համայնքապետարանները դարձան վարչական ղեկավարների նստավայրեր, իսկ վարչական ղեկավարներին կնշանակի համայնքապետը: Արմավիրի ՔՊ-ական համայնքապետը չբացառեց, որ նրանք կարող են չլինել ՔՊ-ական։

Արմավիրի ավագանին միամանդատ է, կունենան միայն մեկ խմբակցություն՝ «Քաղաքացիական պայմանագիր»։ Ավագանին հաստատել է նաև տուրքերի և վճարների դրույքաչափերը․ քաղաքում 0.5 գործակցի փոխարեն կիրառվել է 1 գործակիցը, իսկ գյուղական բնակավայրերում՝ 0.75 գործակիցը:

Back to top button