ԿարևորՀասարակություն

20 ծրագիր Արցախի ու արցախցիների համար․ նախարարն ամփոփել է տարին

Հետպատերազմյան ճգնաժամի մարտահրավերները մեղմելու և դրանց համապատասխան լուծումներ մշակելու տարի․2021-ն ամփոփում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։ Ասում է՝ հիմնական ջանքերն ուղղվել են Արցախին։ Ծրագրերի մի մասն էլ իրականացվելու են 2022-ի առաջին եռամսյակում․

«Հայաստանը շարունակում է մնալ Արցախի Հանրապետության սոցիալական անվտանգության հիմնական երաշխավորը։ Պատերազմի ավարտից ի վեր ՀՀ կառավարությունն արցախահայության համար իրականացրել է 20 սոցիալական ծրագիր։ Աջակցության ծրագրերը տարբեր են եղել՝ սկսած հայտնի 68 000 դրամների սոցիալական աջակությունից, որ 4 ամիս տրվել է Ադրբեջանի վերահսկողության տակ անցած բնակավայրերի չափահաս և անչափահաս երեխաներին։ Տրվել է աջակցություն պատերազմական գործողությունների պատճառով բոլոր այն անձանց, որոնց բնակարանները վնասվել են։ Երեխաներին, պատերազմի հետևանքով վիրավորում, հաշմանդամություն կամ խեղում ստացած անձանց է աջակցություն տրամադրվել»։

Մկրտչյանը նշում է՝ գերատեսչությունը առաջին հերթին աշխատանքի, հետո նոր միայն սոցիալական հարցերի կարգավորման նպատակ ունի։ Հետևաբար, 2022-ին ուշադրություն է դարձվելու հատկապես զբաղվածության ծրագրերին․

«Արցախի համար 2 առանձին զբաղվածության ծրագիր է գործում՝ հասարակական համայնքային աշխատանքների փոխհատուցման ծրագիր և վճարվող պրակտիկայի ձեռքբերման ծրագիր։ Բացի դա՝ աշխատում ենք նաև մասնավոր ոլորտի հետ ունեցած հուշագրի շրջանակում՝ նրանց ևս ներգրավելով»։

Զբաղվածության ծրագերը հաջողությամբ իրականացնելու համար նախարարությունը առաջնային ուշադրությունը հատկացնում է կրթական բաղադրիչին։ Օրինակ՝ ԲՏԱ նախարարության հետ իրականացրած ծրագրի արդյունքում մարտական գործողություններին մասնակցած շուրջ 100 երիտասարդ սովորել է ծրագրավորման տարբեր լեզուներ, անցել աշխատանքի։ Ընդհանուր առմամբ, պետություն-մասնավոր համագործակցությամբ մոտ 500 երիտասարդ անցել է կրթություն-փորձաշրջան-աշխատանք փուլերը․

«Սա մեզ ստիպեց մտածել նոր համակարգի մասին, ինչ պիտի անի պետությունը, որ ծառայությունն ավարտած տղաներին հնարավորություն տա  վերապատրաստման, հմտությունների զարգացման։ Մենք հիմա աշխատում ենք այդ համակարգի վրա, և դա եկող տարվա մեր ծրագրերի մեջ է մտնում»։

Նախատեսվում է իրականացնել ծրագրեր ոչ թե թիրախային, կոնկրետ խմբերի համար, այլ մշակել լայնամասշտաբ համակարգ, որը պարտադիր զինվորական ծառայությունն անցած տղաներին նոր հմտություններ և աշխատաշուկա մտնելու հնարավորություն կտա․

«Չենք մոռանում, որ նրանք 20 տարին լրացած ակտիվ երիտասարդներ են, որոնց պետք է դարձնել մրցունակ։ Բնականաբար, կլինի մի խումբ, որը կշարունակի իր կրթությունը, կլինի մի խումբ, որն իր զբաղմունքը կունենա, բայց, վստահաբար, մի հոծ խումբ կարիք կունենա պետության աջակցության և պետության տարբեր ծրագրերի շահառու դառնալու»։

Նախարարը 2022-ի առաջնահերթություններից է համարում աշխատաշուկայում կանանց ներգրավվածությունը մեծացնելու հարցը։ Տեղեկացնում է նաև, որ թոշակների ու նպաստների ավելացումը շարունակվելու է 2022-ին նույնպես, իսկ ժողովրդագրության պետական ռազմավարության շրջանակում հունվարի 1-ից, երրորդ և ամեն հաջորդ երեխայի ծնվելուց մինչև 6 տարեկան դառնալը, ծնողները ստանալու են 50 000-ական դրամ։

Back to top button